Բաղերի Քանի. «ԱԽ-ը պէտք է ստիպի Իսրայէլին դադարեցնել պատերազմը Գազայում»
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին երէկ՝ յուլիսի 17-ին մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի «Իրավիճակը Մերձաւոր Արեւելքում, ներառեալ Պաղեստինի հարցը» նիստին, որի ընթացքում հանդէս է եկել ելոյթով:
Նա Անվտանգութեան խորհրդին կոչ է արել հիմնւելով ՄԱԿ-ի կանոնադրութեան միջոցով սահմանւած իր պարտականութիւնների վրայ, գործնական քայլեր ձեռնարկել, այդ թւում՝ կանոնադրութեան 7-րդ կէտի տրամաբանութեան շրջանակում համապարփակ եւ պարտադիր գործադրման բանաձեւի ընդունման միջոցով, ստիպել Իսրայէլին ամբողջութեամբ, անվերապահօրէն եւ անյապաղ դադարեցնել ցեղասպանութիւնն ու ռազմական յանցագործութիւնները Գազայի հատւածում, հետեւել մշտական հրադադարի ռեժիմին, վերացնել բոլոր սահմանային անցակէտերն ու ապահովել մարդասիրական օգնութիւնների արագ եւ անխոչընդոտ առաքումը:
«Անվտանգութեան խորհուրդը պէտք է նաեւ պարտաւորեցնի Իսրայէլին անյապաղ եւ ամբողջութեամբ դուրս բերել իր ռազմական եւ անվտանգութեան ուժերը Գազայից, վերացնել Գազայի շրջափակումը, դադարեցնել մարդկանց բռնի տեղահանումը եւ անօրինական բնակավայրերի կառուցումը եւ ամբողջութեամբ փոխհատուցել Գազայում եւ պաղեստինեան այլ տարածքներում մարդկանց, ենթակառուցւածքներին, բնակելի վայրերին եւ այլ օբիեկտներին հասցւած վնասների համար, որպէսզի պայմաններ ստեղծւեն Գազայի եւ այլ շրջանների արագ վերականգնման համար»,- իր ելոյթում նշել է նա՝ յաւելելով, որ սիոնիստական ռեժիմը պէտք է անմիջապէս հեռանայ Պաղեստինի, Սիրիայի եւ Լիբանանի օկուպացւած տարածքներից եւ զերծ մնայ Լիբանանի եւ տարածաշրջանի այլ երկրների վրայ որեւէ ռազմական յարձակումից:
«Միջազգային հանրութիւնը եւ իրաւասու այլ կառոյցները պէտք է հիմքեր ստեղծեն Գազայում եւ պաղեստինեան այլ տարածքներում իսրայէլական յանցագործութիւնների բոլոր հրամանատարներին, մեղաւորներին եւ աջակիցներին դատելու եւ պատժելու համար»,- եզրափակել է Բաղերի Քանին: