Ադրբեջանցիները Դադիվանքը համարում են ուդիական հոգեւոր կառոյց, սակայն իրականութիւնը այլ է
«ԱԼԻՔ» – Գեղարդ հիմնադրամը ահազանգում է ադրբեջանական հերթական կեղծիքի մասին Դադիվանքի վերաբերեալ:
Հայկական միջնադարեան նշանաւոր վանական համալիրներից է Դադիվանքը (Խութավանք), որի մասին մատենագիտական առաջին յիշատակումները վերաբերում են 9-րդ դարին։ Աւանդութեան համաձայն՝ եկեղեցին հիմնւել է Ս․ Թադէոս Առաքեալի հետեւորդ Դադէի կողմից՝ 1-ին դարում։ Եղել է Խաչենի կրօնական ու մշակութային խոշոր կենտրոն։ Գլխաւոր եկեղեցին Կաթողիկէ Սուրբ Նշանն է, որը 1214 թւականին կառուցել է Հաթերքի հայոց մեծ իշխան Վախթանգի կինը՝ Արզուխաթունը։ Յայտնի է, որ Դադիվանքում 1184 թւականին Մխիթար Գոշն աւարտել է իր հռչակաւոր «Դատաստանագիրք Հայոց»-ը։ Վանական համալիրի տարածքում պահպանւել են բազմաթիւ խաչքարեր ու որմնագիր հայալեզու արձանագրութիւններ։ 2021 թւականի մայիսից հայերի մուտքն օկուպացւած Դադիվանքի տարածք արգելւել է ադրբեջանցիների կողմից։
Թէեւ ուդիները քրիստոնեաներ են եւ կրել են հայ ժողովրդի մշակութային ազդեցութիւնը, եղել են Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ, սակայն Դադիվանքի եկեղեցական ճարտարապետութիւնն ու նիւթական մշակոյթը վկայում են վանական համալիրի հայկական լինելու մասին։