Ջորջ Բայրոն. Նա մեռաւ նաեւ Հայաստանի համար
1824 թւականի Ապրիլին մի օր Յունաստանի Միսոլոնգի քաղաքում մահանում էր աշխարհում երբեւէ ապրած ամենահանճարեղ բանաստեղծներից եւ ամենագեղեցիկ մարդկանցից մէկը:
Այնքան հանճարեղ, որ նրա մահւան բոթն առնելով, Սեւ ծովի ափին կանգնած այլ մի հանճարեղ բանաստեղծ՝ Ալեքսանդր Պուշկինը, բացականչել է,
– Աշխարհը դատարկւեց…
Եւ ահա այդ հանճարեղ ու գեղեցիկ մարդը մահանում էր շրջապատւած յոյն զինավառ ապստամբներով, որոնց ոչ միայն ընկերն ու բարեկամն էր, զէնքի ու դրամի մատակարարն էր, այլ հրամանատարը:
Յաջորդ օրւայ լուսաբացին քաղաքը ցնցեց հրետանային 37 որոտ:
Երախտապարտ Յունաստանն այդ որոտով Օսմանեան բռնապետութեան դէմ իր մղած արիւնալի ու հերոսական պայքարի մէջ նետւած բանաստեղծի, մարգարէի, զինւորի մահն էր ողբում ու այդ գոյժն ազդարարում աշխարհով մէկ:
Հրանոթային 37 որոտ, որ բանաստեղծի ապրած տարիների թիւն էր խորհրդանշում: Բայրոնի պայքարը Օսմանեան Թուրքիայի դէմ Յունաստանում անուղակիօրէն պայքար էր նաեւ Հայաստանի համար:
Բոլորիս յայտնի է որ նա այնքան ծանօթ էր հայութեան, որ որոշեց սովորել գրաբառ հայերէն լեզուն Մխիթարեանների մօտ Ս. Ղազար կղզի գնալով:
Նա լեզւաբան Յարութիւն Աւգերեանի հետ, հայ-անգլերէն բառարան են կազմում, եւ Բայրոնը անգլերէն առաջաբան է գրում բառարանի համար:
Արժէ մի քաղւածք բերել այդ առաջաբանից: Խօսելով Մխիթարեան միաբանութեան մասին, նշելով նրա աբեղաների «ազնւութիւնը, բարեկրթութիւնը եւ եղբայրական առաքինութինները», աւելացնում է, «Այս մարդիկ քահանաներն են մի հարստահարւած եւ ազնւական ազգի, որ հրեաների եւ յոյների նման տարագիր եւ ստրուկ է եղել, առանց առջիների պէս խստասիրտ եւ վերջինների պէս գերի դառնալու: Այս ժողովուրդը հարստացել է առանց վաշխառութեան եւ վաստակել ամէն պատիւ, որ կարող են գերութեան մէջ վաստակել առանց խարդախութեամբ»:… Այնուհետեւ յիշեցնելով, որ ըստ Աստւածաշնչի, դրախտը զետեղւած է եղել Հայաստանի մէջ, Բայրոնը աւելացնում է «եւ պարսից սատրապները, եւ թուրքական փաշաները հաւասարապէս անապատ դարձրին այս երկիրը, ուր Աստւած ստեղծել էր մարդուն ըստ իր պատկերի»: …
Ներկայացրեց՝ ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆԸ