Գէորգ Ղուկասեան. «ԱՄՆ արտաքին քաղաքականութեան մէջ տեկտոնական տեղաշարժերի պէտք չէ սպասել»
«ԱԼԻՔ» – Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարը հիւրընկալել էր ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքական գիտութիւնների թեկնածու Գէորգ Ղուկասեանին:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարւել ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրութիւնների արդիւնքներին, այդ ընտրութիւններում ԱՄՆ հայ համայնքի կողմնորոշումներին, ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւններում հնարաւոր փոփոխութիւններին, ինչպէս նաեւ ամենատարբեր ուղղութիւններով վերջին շրջանում Հայ Դատի գրասենեակների ծաւալած գործունէութեանը:
Խօսելով ԱՄՆ նախագահական ընտրութիւններում հանրապետականների տարած յաղթանակի մասին՝ Գէորգ Ղուկասեանը մասնաւորապէս նշել է, տեղի հայ համայնքային կազմակերպութիւնները եւ Հայ Դատի յանձնախումբը նախընտրական քարոզարշաւի ընթացքում պաշտօնապէս թեկնածուներից որեւէ մէկին չեն սատարել՝ աւելի շատ նախապատւութիւն տալով Կոնգրեսի զոյգ պալատների անդամակցութեան համար պայքարող հայամէտ գործիչների հետ աշխատանքներին: «Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուներին, ապա քարոզարշաւի ընթացքում Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը նրանց պարբերաբար բացասական գնահատականներ է տւել՝ հաշւի առնելով Թրամփի առաջին նախագահութեան օրօք 44-օրեայ պատերազմի սանձազերծումը, ԱՄՆ դիւանագիտական ջանքերի տապալումը, պատերազմից առաջ եւ յետոյ ամերիկեան ռազմական օժանդակութիւնը Ադրբեջանին, ինչպէս նաեւ գործող վարչակազմի օրօք ԱՄՆ դրսեւորած քաղաքական վարքը Արցախի էթնիկ զտումներից առաջ եւ յետոյ: Սա խօսում է Ամերիկայի Հայ Դատի գրասենեակի քաղաքական հասունութեան մասին, ինչը ընկալւեց նաեւ թեկնածուների կողմից եւ պատահական չէր, որ նրանք երկուսն էլ տարբեր հանդիպումներում անդրադարձան հայութեանը յուզող խնդիրներին»,- ասել է Գէորգ Ղուկասեանը:
Գէորգ Ղուկասեանի կարծիքով՝ ԱՄՆ-ում հանրապետականների յաղթանակն այդ երկրի արտաքին քաղաքականութեան մէջ մեծ ու շրջադարձային փոփոխութիւնների չի յանգեցնի: Այլ հարց է, թէ ՀՀ իշխանութիւններն ինչպէս կը շարունակեն աշխատել նոր ադմինիստրացիայի հետ: «Դեռ ԱՄՆ նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի ընթացքում ՀՀ իշխանութիւններն իրենց յարիր կերպով քաղաքական կարճատեսութեան հերթական արարը գործեցին՝ դեսպանի եւ ԱԺ պատւիրակութեան մակարդակով մասնակցելով դեմոկրատ թեկնածուի հրաւիրած ազգային համաժողովին՝ անտեսելով միւս թեկնածուի նոյնատիպ հաւաքը: Սա անշուշտ քաղաքական դիրքորոշման ցուցիչ էր: Մինչդեռ պէտք էր հաւասարութիւն պահպանել, որովհետեւ խօսքն այս դէպքում այլ պետութեան ներքաղաքական խնդիրների մասին է: Կարծում եմ, որ այս դեսպանը, որ գտնւում է Վաշինգտոնում, լաւագոյն տարբերակը չէ թէ հեռացող եւ թէ մանաւանդ նոր ադմինիստրացիայի հետ աշխատելու համար: Ի վերջոյ կան այլ դիւանագէտներ, որ այս օրերին էլ կարող են գործուղղւել այնտեղ եւ իրենցից կախւածն անել հայ-ամերիկեան շփումները որոշակի մակարդակի բարձրացնելու ուղղութեամբ»,- նշել է Գէորգ Ղուկասեանը: