Արաղչին՝ Յորդանանի թագաւորի հետ հանդիպման ժամանակ. «Տարածաշրջանի երկրները պէտք է ստիպեն սիոնիստական ռեժիմին դադարեցնել պատերազմը»
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին իր տարածաշրջանային այցերի շրջանակում, երէկ՝ հոկտեմբերի 16-ին, Յորդանանում էր:
Մայրաքաղաք Ամմանում նա հանդիպել է Յորդանանի թագաւոր Աբդալլահ երկրորդի ու փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Այման ալ Սաֆադի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկւել են երկկողմ յարաբերութիւնները եւ տարածաշրջանային զարգացումները:
Ալ Սաֆադիի հետ հանդիպման ժամանակ, մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն անդրադառնալով Գազայում Սիոնիստական ռեժիմի շարունակւող ցեղասպանութեան եւ Լիբանանի վրայ նրա լայնածաւալ ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծւած ճգնաժամային իրավիճակին՝ ընդգծել է տարածաշրջանի երկրների հաւաքական գործողութիւնների անհրաժեշտութիւնը՝ կասեցնելու համար բռնազաւթիչ ռեժիմի ռազմական մեքենան, կանխելու պատերազմի ընդլայնման հնարաւորութիւնը եւ պաշտպանելու տարածաշրջանի կայունութիւնն ու անվտանգութիւնը՝ համահունչ տարածաշրջանի ժողովրդների շահերին:
Յորդանանի ԱԳ նախարարն էլ իր հերթին մտահոգութիւն է յայտնել տարածաշրջանում անվտանգութեան պայմանների վատթարացման կապակցութեամբ, եւ ընդգծել իր երկրի դիրքորոշումը Պաղեստինում եւ Լիբանանում անմեղ մարդկանց սպանդի, ինչպէս նաեւ Լիբանանի նկատմամբ ագրեսիայի դադարեցման անհրաժեշտութեան վերաբերեալ:
Կողմերը նաեւ ընդգծել են տարածաշրջանի երկրների եւ միջազգային հանրութեան համախմբման կարեւորութիւնը՝ Գազայի, Լիբանանի եւ Սիրիայի փախստականներին օգնելու համար:
Համտեղ ջանքերով Սիոնիստական ռեժիմի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտութիւնը
Յորդանանի թագաւոր Աբդալլահ երկրոդի հետ հանդիպման ժամանակ, Արաղչին ներկայացնելով Իրանի Իսլամական Հանրապետութեան տեսակէտը տարածաշրջանում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ՝ ներկայացրել է մեր երկրի գործադրած ջանքերն ուղղւած էսկալացիայի աճը կանխելուն:
Նա յատուկ կարեւորել է տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերի միջոցով Սիոնիստական ռեժիմի ագրեսիան կանխելու անհրաժեշտութիւնը:
«Տարածաշրջանի երկրները պէտք է ստիպեն Սիոնիստական ռեժիմին դադարեցնել պատերազմը»,- ասել է նա:
Արաղչին նաեւ մտահոգութիւն եւ ցաւ է արտայայտել Գազայի եւ Լիբանանի տեղահանւածների ու փախստականների հումանիտար աղէտալի վիաճակի վերաբերեալ: Նա կոչ է արել համախմբել իսլամական երկրների ջանքերը նրանց օր առաջ հումանիտար օգնութիւն առաքելու համար:
Աբդալլահ երկրորդն իր հերթին նոյնպէս մտահոգութիւն է յայտնել տարածաշրջանում ստեղծւած իրավիճակի կապակցութեամբ: Նա զգուշացրել է տարածաշրջանում էսկալացիայի աճի խիստ վտանգաւոր հետեւանքների մասին՝ ընդգծելով Յորդանանի վճռակամութիւնն աջակցելու եւ մասնակցելու ցանկացած նախաձեռնութեանը, որն ուղղւած կը լինի տարածաշրջանում կայունութեան եւ անվտանգութեան պահպանմանը:
Կողմերը նաեւ ընդգծել են երկու երկրների կամքը՝ զարգացնելու երկկողմ յարաբերութիւնները եւ շարունակելու խորհրդակցութիւնները տարածաշրջանային զարգացումների վերաբերեալ՝ տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան պահպանման համար։
Արաղչին մեկնել է Եգիպտոս
Նշենք, որ երէկ՝ երեկոյեան, Աբբաս Արաղչին Յորդանանից մեկնել է Եգիպտոս: Սա նրա տարածաշրջանային այցի ութերորդ կանգառն է:
Կահիրէում նա այսօր կը հանդիպի եգիպտացի իր գործընկերոջ, ինչպէս նաեւ այդ երկրի այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ, որոնց ընթացքում կը քննարկւեն տարածաշրջանային իրավիճակն ու զարգացումները: