«Թեհրանը վճռակամ է Ռիադի հետ յարաբերութիւններն ընդլայնելու հարցում»
Արաղչին ընդունել է Չինաստանի եւ Սաուդեան Արաբիայի բարձրաստիճան դիւանագէտներին

Երեքշաբթի, դեկտեմբերի 9-ին, Իրանի, Չինաստանի, եւ Սաուդեան Արաբիայի ԱԳ նախարաների միջեւ եռակողմ հանդիպման աւարտին, Իրանի ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին առանձին հանդիպումներ է անցկացրել Սաուդեան Արաբիայի իր գործընկեր Վալիդ ալ-Խարիջիի եւ Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միաու Տէ-Հոյի հետ։
Հանդիպման ընթացքում Արաղչին ողջունել է Չինաստանի կառուցողական դերակատարութիւնը Մերձաւոր Արեւելքի զարգացումներում եւ ընդգծել, որ Իրանը շարունակելու է ամրապնդել յարաբերութիւնները շրջանի երկրների, այդ թւում՝ Սաուդեան Արաբիայի հետ, իր վարած բարիդրացիական քաղաքականութեան շրջանակում։
Նա նշել է, որ Թեհրան-Ռիադ յարաբերութիւնները վերջին ամիսներին դրական աճ են արձանագրել, յատկապէս՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ խորհրդակցութիւնների ընդլայնումով։
ԱԳ նախարարը կարեւոր է համարել, յատկապէս Չինաստանի դերակատարութիւնը միջազգային խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդման, պաշտպանութեան եւ զարգացող երկրների միջեւ համագործակցութեան խթանման գործում։ Արաղչին շեշտել է, որ Թեհրանն ու Պեկինը վճռակամ են օգտագործելու բոլոր առկայ հնարաւորութիւններն ու ներուժը երկկողմ կապերի ընդլայնման հարցում։
Արաղչին ընդգծել է, որ տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ անվտանգութեան հասնելու համար անհրաժեշտ է բոլոր երկրների համագործակցութիւնը։ Նրա խօսքով՝ Իրանը ձգտում է ուժեղ եւ կայուն տարածաշրջանի, զերծ՝ արտատարածաշրջանային ուժերի ապակայունացնող միջամտութիւններից։
Չինաստանի եւ Սաուդեան Արաբիայի պատւիրակութիւնների ղեկավարները, բարձր գնահատելով Իրանի հիւրընկալութիւնը, վերահաստատել են իրենց երկրների վճռակամութիւնը՝ Իրանի հետ բոլոր ոլորտներում համագործակցութեան ընդլայնման ուղղութեամբ։
Հանդիպման աւարտին կողմերը ստորագրել են նիստի արձանագրութիւնը, որում Չինաստանը վերահաստատել է իր պատրաստակամութիւնը՝ շարունակելու աջակցել եւ խթանել Թեհրանի եւ Ռադի քայլերը երկկողմ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ։



