Իշխան Սաղաթէլեանը ՀՀ ՔԿ է կանչւել Բագրատ Սրբազանի գործի շրջանակում
Նա ցուցմունք չի տւել

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը երէկ՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Քննչական կոմիտէում հարցաքննւել է «Սրբազան պայքարի» գործի շրջանակում: Այս մասին նա յայտնել է հրապարակւած տեսանիւթում։
«Այսօր ինձ հրաւիրել էին Քննչական կոմիտէ՝ Պետութեան սահմանադրական կարգի հիմունքների, պետութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների քննութեան վարչութիւն, հարցաքննութեան։ Ինձ հրաւիրել էին Քննչական կոմիտէ՝ «Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների գործի» շրջանակներում։ Այդ գործից կայ անջատւած մաս եւ տեղի է ունենում այսպէս կոչւած՝ լայնածաւալ քննութիւն»,- ասաց Սաղաթէլեանը։
Նա նշեց, որ հրաժարւել է որեւէ ցուցմունք կամ բացատրութիւն տալ․ «Յայտարարել եմ՝ դա քաղաքական գործ է, իրաւական որեւէ պրոցես տեղի չի ունենում, դա ընդամէնը քաղաքական պատւէրի շրջանակներում հետապնդումներ են, եւ ես հրաժարւում եմ որեւէ բացատրութիւն տալուց։ Երբ որ այս գործի շրջանակներում գլխաւոր դատախազը գտնւում էր Ազգային ժողովում իմ գործընկեր Արթուր Սարգսեանին անձեռնմխելիութիւնից զրկելու եւ կալանքի տանելու հարցով ՔՊ-ական պատգամաւորները ինչպիսի մեծ ջանքերով եւ կրքով պահանջում էին՝ բա ինչի՞ միւս երկու պատգամաւորներին՝ Գառնիկ Դանիէլեանին եւ Իշխան Սաղաթէլեանին անձեռնամխելիութիւնից չէք զրկում։
Նշեմ, որ մենք անհանգստութեան որեւէ պատճառ չունենք՝ պարզ պատճառաբանութեամբ, սա իրաւական որեւէ պրոցեսի հետ կապ չունի, քաղաքական պատւէր է եւ փորձելու են այս շրջանակներում ինչ-որ նոր գործ կարելու կամ նոր մարդկանց մեղադրանք առաջադրելու։ Այս իշխանութիւնների կողմից հետապնդւելը դա պատիւ է, նաեւ պատիւ է բոլոր նրանց համար, ովքեր այսօր գտնւում են անազատութեան մէջ, քանի որ նրանք անազատութեան մէջ են այս չարիքի իշխանութեան դէմ պայքարելու արդիւնքում, այլ ոչ թէ յանցագործ են։
Ամօթը եւ խարանը այս իշխանութիւնների հետ համագործակցելը եւ նրանց ձեռքին գործիք դառնալն է։ Իսկ նման քայլերով ինձ, իմ ընկերներին որեւէ կերպ չեն կարող շեղել մեր բռնած ուղուց, մեր ճանապարհից եւ ամէն մի նման քայլ եւ գործողութիւն, ոչ թէ մեզ կաշկանդում է, այլ ընդհակառակը, նախ համոզւում ենք, որ ճիշտ ընթացքի մէջ ենք եւ գտնւում ենք ճիշտ ճանապարհին եւ աւելի վճռական, աւելի կազմակերպւած շարժւում ենք դէպի առաջ՝ մեր նպատակին հասնելու եւ այս չարիքի իշխանութեան վերարտադրութիւնը կանխելու ուղղութեամբ։ Հետեւաբար ամէն ինչ նորմալ է, սիրելի ընկերներ, հայրենակիցներ եւ հետաքրքրւողներ, պինդ մնացէք»,- յայտարարել է նա:



