Արթուր Խաչատրեան. «Ունե՞նք երաշխիք, որ Թուրքիան դիտորդներ չի ուղարկելու Հայաստան»
ԱԺ Եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի հերթական նիստի օրակարգում՝ «ՀՀ եւ ԵՄ-ի միջեւ Հայաստանում ԵՄ առաքելութեան՝ ՀԵՄԱ կարգավիճակի մասին համաձայնագիրը վաւերացնելու մասին» օրէնքի նախագիծն է։
Նիստին ներկայ է գտնւել նաեւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
Նա նախ արձանագրեց փաստը, որ մի տարի Հայաստանում գործել են մարդիկ, ովքեր իրենց արարքի համար պատասխանատւութիւն չեն կրել, քանի որ համաձայնագիրը նոր ներկայացւել է ԱԺ վաւերացման համար։
Խաչատրեանը հարց ուղղեց Պարոյր Յովհաննիսեանին այն մասին, որ փոխարտգործնախարարի խօսքով՝ ԵՄ ոչ անդամ երկրներն էլ կարող են դիտորդներ ուղարկել։ «Հնարաւո՞ր է, որ Թուրքիան էլ ուղարկի։ Մանաւանդ, որ այստեղ ի տարբերութիւն խաղաղապահների, որոնք պէտք է տեղակայւէին Արցախում, օրինակ՝ երկրների կազմը պէտք է Հայաստանը, Ադրբեջանը եւ Արցախի Հանրապետութիւնը հաստատէին։ Այսինքն, մենք ունե՞ք որոշակի երաշխիք, թէկուզ բանաւոր, ԵՄ-ի կողմից, որ Թուրքիան, Հայաստան դիտորդներ չի ուղարկելու»։
Ընդդիմադիր պատգամաւորը յիշեցրեց Փաշինեանի այն յայտարարութեան մասին, որ Ադրբեջանում կայ մտահոգութիւն, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են միասին ռազմական գործողութիւն սկսեն Ադրբեջանի դէմ, դրա համար ԵՄ դիտորդները, որպէսզի ցրեն այդ մտահոգութիւնը։ «Արդեօք դարձեալ եւրոդիտորդների քաղաքացիական առաքելութեան ներկայութիւնը Հայաստանում պայմանաւորւա՞ծ է Ադրբեջանի մտահոգութիւնը փարատելու ցանկութեամբ եւ եթէ այդպէս է, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի պահանջել օրինակ՝ 1/10 յարաբերութեամբ դիտորդների տեղակայում Ադրբեջանի Հանրապետութիւնում»։
Yerkir.am