Արցախի թեմի առաջնորդ. «Եթէ մեր մէջ ապրում է արդարութեան ծարաւը, ապա համոզւած եղէք՝ Արցախը չի մեռնելու»

«ԱԼԻՔ» – Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոսն ուղերձ է յղել խաւարման գիշերւայ առիթով:
Ուղերձում մասնաւորապէս նշւած է.
«Սիրելի՛ հաւատաւոր եղբայրներ եւ քոյրեր,
Խաւարման այս երեկոյեան մենք կանգնած ենք Քրիստոսի Խաչելութեան առաջ: Այնքան իրական էին Փրկչի տանջանքները եւ ցաւերը, որ նոյնիսկ ստիպւած է լինում արտաբերել «Էլի՛, էլի՛, լամա սաբաքթանի», Աստւա՜ծ իմ, Աստւա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ։ Խաչի վրայ արիւնաքամ լինող Փրկչի՝ սաղմոսից քաղւած այս բառերը ամբողջութեամբ մեզ են փոխանցում այն տագնապը, ցաւը եւ յուսալքութեան սարսափը, որ մեր Տէրը զգում էր իր տառապանքի վերջին ժամերին: Այո, Նա իրապէս տառապում էր եւ ցաւ էր զգում՝ ինչպէս սովորական մարդ, միեւնոյն ժամանակ հասնում է մարդկային ցաւի եւ տառապանքի գագաթնակէտին՝ Աստծուց մոռացւած լինելու զգացումին։
Մեր հայրերը Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը անւանել են Աւագ Շաբաթ, որովհետեւ այդ 1 շաբաթւայ օրերի մէջ խտացւած է Յիսուս Քրիստոսի փրկագործութիւնը եւ աշխարհ գալու ամբողջ նպատակը, ուստի իրաւամբ այդ շաբաթը անւանում են նաեւ Աւետարան Աւետարանի մէջ: Հաւատքով եւ երկիւղածութեամբ հետեւելով սուրբգրային պատումի ընթացքին՝ մենք էլ մտովի տեղափոխւում ենք Աւագ Շաբաթւայ իրադարձութիւնների մէջ, որը սկսւում է մեռած Ղազարոսին կենդանութիւն տալով եւ Երուսաղէմ փառաւոր ու յաղթական մուտքով: Ցնծութիւն, ուրախութիւն եւ մեծ սպասելիքներ ունեցող ժողովուրդը, չհասկանալով Տիրոջ գերնպատակը, որը կապւած էր մարդկային ցեղի հոգեփրկութեանը եւ մեղքի կապանքներից ձերբազատւելուն, հրեայ կրօնապետերի կողմից ատելութեան հրահրումով եւ ուղորդումով, մի քանի օր յետոյ պահանջում է խաչը հանել Յիսուսին: Սկսւում է աստւածային նախախնամութեամբ սահմանւած մարդկային եւ աստւածային մի մեծ ողբերգութիւն՝ ուրացում իւրայիների կողմից, դաւաճանութիւն աշակերտի կողմից, սուտ եւ անհիմն վկայութիւններ, անարդար դատավարութիւններ, Արդարի դէմ ծաղրանք ու չարչարանքներ եւ վերջապէս Օծեալի նկատմամբ Խաչելութեամբ մահւան դատավճիռ:
Ցաւօք սրտի, այսօր մեր կենցաղի անբաժանելի մաս է դարձել սուտ խօսելը եւ սուտ վկայութիւն տալը, կաշառքով անմեղ մարդկանց մատնելը եւ պատժի ենթարկելը, հայրենիքն ու հաւատը ուրանալը: Եւ ամէն անգամ, երբ մենք այս արարքներն ենք գործում, նորից ու նորից միանում ենք այն ամբոխին, որ գոռում էին. «Խաչը հանիր Դրան…»: Այս ամէնը այնքան արագ էր տեղի ունենում, որ կարծես թէ մարդկային միտքը չէր հասցնում իւրացնել այն, ինչը նախատեսւած էր աստւածային նախախնամութեամբ:
Այսօր, երբ մեր Եկեղեցին վերապրում է Սուրբ Խաչի խորհուրդը, մենք մեր սրտերում կրում ենք մէկ այլ խաչ՝ մեր սիրելի Արցախի կորստի ցաւը։ Մեր ազգի զաւակները նոյնպէս անցնում են այդ դաժան խաչի ճանապարհը, սակայն, ի տարբերութիւն մեզ, մեր Տէրը խաչւեց անմեղութեամբ, իսկ մենք՝ որպէս մեղաւորներ, սակայն չգիտակցեցինք եւ չապաշխարեցինք: Ինչպէս Տաճարի վարագոյրն է պատռւած երկու կէսի, այդպէս էլ մեր հայրենի հողն է պատռւած իր ամբողջութիւնից: Քրիստոսի տանջանքների նման մեր ցաւը եւս շատ իրական է, մաշկի պէս մեր վրայ է։ Ոմանք կորցրել են տուն, ուրիշներ՝ հայր, որդի, եղբայր, իսկ միասին՝ բոլորս կորցրել ենք մի Սրբազան Հայրենիք։ Մենք էլ, յաճախ մեզ Աստծուց մոռացւած համարելով, կրկնում ենք «Աստւա՛ծ իմ, Աստւա՛ծ իմ, ինչո՞ւ ես ինձ թողել» Խէ՞..խէ՞ հինչո՞ւ հետէ… եւ Մեր աղօթքները յաճախ բախւում են լռութեան պատին։ Բայց հէնց այստեղ է, սիրելինե՛ր, որ Սուրբ Խաչը սկսում է խօսել մեզ հետ։
Սուրբ Պօղոս Առաքեալն ասում է․ «Խաչւած Քրիստոսը՝ Աստծու զօրութիւնն է ու Աստծու իմաստութիւնը» (Ա Կորնթացիներ 1:24)։ Մարդկային իմաստով խաչը պարտութիւն էր, բայց Աստծու աչքով՝ այն յաղթութեան սկիզբն էր։ Արցախը մեր խաչն է՝ որպէս ժողովուրդ, մեր սրբութիւնը, որ կորցրինք։ Բայց արդեօ՞ք այն ամբողջովին կորաւ։ Քրիստոսի խաչը նոյնպէս «կորուստ» թւաց աշակերտներին։ Բայց նա յարութիւն առաւ, եւ այդ յարութիւնը բոլոր խաչերը դարձնում է նոր լոյսի ակունք: Սիրելինե՛ր, եթէ մեր մէջ ապրում է արդարութեան ծարաւը, եթէ շարունակում ենք աղօթել սրտանց ու ապրել քրիստոնէական սիրոյ մէջ՝ իբրեւ ազգ, ապա համոզւած եղէք, որ Արցախը չի մեռնելու։ Արդեօ՞ք Քրիստոս մնաց գերեզմանում։ Եւ այս խաւարային լռութեան մէջ կարծես թէ Քրիստոս հաւաքում է իր վերջին մարդկային ուժերը եւ արդէն դիմում է մեզ. «Մի վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող»:
Թող մեր Տիրոջ Խաչից ճառագող լոյսը զօրացնի ամենքիս՝ յաղթահարելու մեր մեղքերն ու վախերը եւ յոյսով լցւած դիմաւորելու Հրաշափառ Յարութիւնը»: