Հայաստան - Արցախ

Վարդան Արամեան. «Բիզնեսը փախչում է Հայաստանից. օտարերկրեայ ուղղակի ներդրումները բացասական են»

ՀՀ կառավարութիւնը հաստատել եւ Ազգային ժողովի հաստատմանն է ուղարկել 2025 թւականի բիւջէի նախագիծը, ըստ որի՝ նախատեսւում է 2025 թւականին բիւջէ մուտքագրել 2 տրլն. 873 մլրդ. դրամի հարկ, տուրք եւ այլ եկամուտներ, ծախսել 3 տրլն. 482 մլրդ. դրամ գումար, ինչի հետեւանքով բիւջէն կունենայ 609 մլրդ. դրամ պակասուրդ։

2025 թւականի համար ՀՀ կառավարութիւնը նաեւ կանխատեսել է 5.8 տոկոս տնտեսական աճ՝ աւելի վաղ նախատեսւած 7 տոկոսի փոխարէն։

168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագէտ, «Վալլեքս» խմբի ընկերութիւնների աւագ փոխնախագահ Վարդան Արամեանը, խօսելով 2025 թւականի բիւջէի նախագծում արձանագրւած կանխատեսումների մասին, ընդգծել է՝ խիստ կասկածներ ունի, որ ՀՀ կառավարութիւնը կը կարողանայ ապահովել անգամ այդ 5.8 տոկոս տնտեսական աճը։

«Հայաստանի տնտեսութիւնը պոտենցիալի աճ չունի, հետեւապէս՝ շատ յաճախ վիճակագրական թւերի մէջ աւելի շատ աղմուկ կայ, քան իրականութիւն։ Մեզ մօտ ոչ միայն տնտեսութեան աճի կառուցւածքի խնդիր կայ, այլեւ այսօր ունենք նաեւ օտարերկրեայ ուղղակի ներդրումների արտահոսք 2024 թ.-ի առաջին կիսամեակի տւեալներով։ Իսկ եթէ սրան աւելացնում ենք նաեւ ներդրումների համար մէկ այլ աղբիւր հանդիսացող՝ բանկային համակարգի կողմից տնտեսութեանը տրւող վարկերի դինամիկան, տեսնում ենք որ ակնյայտօրէն արտահանելի հատւածը զիջում է ոչ արտահանելի կամ սպառմանը գնացող վարկերի ծաւալներին։ Օրինակ բանկերի կողմից արդիւնաբերութեանը տրւած վարկերի միջին պորտֆելը 2018 թւականի ընթացքում 515 միլիարդից այս տարիների ընթացում ոչ միայն չի աճել, այլեւ այդ թիւը նւազել է հասնելով 2023 թւականի միջինում 497 մլրդ. եւ 2024 թ.-ի ութ ամիսներով 490 միլիարդի։ Փոխարէնը աճում են այն ճիւղերը, որոնք կարող են րոպէների ընթացքում կանգնել, օրինակ՝ բնակարանային շինարարութիւն, ռեստորանային բիզնեսը»,- իր մտահոգութիւնը ներկայացրել է Վարդան Արամեանը։

Նրա խօսքով՝ ուշագրաւ է, որ բիւջէն գրող գերատեսչութիւնը՝ ֆինանսների նախարարութիւնը, «արհեստավարժ խօսել» է այն խնդիրների մասին, որոնց առաջ կարող է կանգնել Հայաստանի տնտեսութիւնը, եթէ Ռուսաստանից եկող դրական գործօնները չէզոքանան կամ նւազեն։

«Ֆինանսների նախարարութիւնը կարմիր դրօշակ է բարձրացնում՝ բիւջէի նախագծում ներկայացնելով տնտեսութեանը սպառնացող արտաքին եւ ներքին սպառնալիքները։ Ազնւօրէն ասում են՝ խնդիրներ ունենք։ Հէնց այդ մարտահրաւէրներին դիմակայելու համար է, որ բիւջէում նախատեսել են 95 միլիարդի պահուստային ֆոնդ՝ կառավարութեանը զգուշաւորութեան կոչ անելով»,- ասել է Արամեանը։

Նրա դիտարկմամբ՝ 2025 թւականի բիւջէի նախագծում արհեստավարժութիւնն ու պոպուլիզմն առճակատման մէջ են. մի կողմից՝ բիւջէի ուղերձում կարդում ենք պոպուլիստական ցանկութիւններ, թէ կառավարութիւնը յաւակնում է 7 տոկոսանոց տնտեսական աճի, կամ խթանում է ներդրումները, միւս կողմից՝ տեսնում ենք ֆինանսների նախարարութեան ներկայացրած արտաքին եւ ներքին սպառնալիքները, որոնք խիստ բացասաբար են ազդելու տնտեսութեան վրայ։

«Ինչու պոպուլիստական, որովհետեւ մի կողմից՝ խօսում են օտարերկրեայ ուղղակի ներդրումների խթանման մասին, բայց ունենք արտահոսք եւ իրականութեան մէջ բիզնեսը Հայաստանից ուղղակի փախչում է։ Վերջին 6 ամսւայ ընթացքում օտարերկրեայ ուղղակի ներդրումները դիմաց մինուս նշանն է դրւած։ Բիզնեսը փախչում է, որովհետեւ մի կողմից՝ կան անվտանգային խնդիրներ մեր երկրում, միւս կողմից՝ տնտեսական քաղաքականութիւնում խոռոչներ, ինչն առաջանում է նրանից, որ կառավարութիւնը պարզապէս անիրատեսական թիրախներ է սահմանում, որին հասնել խիստ բարդ է…»,- շեշտել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագէտը։

Related Articles

Back to top button