ԼՈՒՍԱՄՈՒՏ ԴԷՊԻ ՄԵՐ ՄՏՔԻ ԱՌՈՂՋ ԱՆԿԻՒՆ
Ինչու չի տարածւում հանրային մարզանքի «վարակը»
ՀԱՏԻՍ
Քաշի աւելացման եւ կեանքի ամենահամով հաճոյքներից՝ ուտելու միջեւ կայ թարս յարաբերակցութիւն: Մէկի աւելացումը կախւած է միւսի պակասումից: Այնպէս որ, եթէ դուք եւս ունէք նման մտահոգութիւն, ապա մենք նոյն մոլորակից ենք ու սա հէնց ձեզ համար է գրւած:
«Առօրեայ հոգսեր» անունը կրող համատարած ծուլութիւնը բացատրում ենք աշխատանքի տեսակով կամ ծանրաբեռնւածութեամբ: Մարդկանց մեծամասնութիւնը երկու քարի արանքում է յայտնւել: Նրանք, ովքեր սիրում են ամէն առաւօտ «քայլ անել», եւ նրանք՝ ովքեր աւելի շուտ կանեն ամէն ինչ՝ քայլ անելուց խուսափելու համար:
Առանց վիճակագրական տւեալների ու պատկեր ունենալու անհրաժեշտութիւնն զգալու կարելի է արձանագրել, որ մենք մեր կեանքի մեծ մասում ամուր տնկւած ենք եղել երկրորդ ճամբարի կազմում:
Իրականում քաշը կառավարելու համար պայքարը տարիներ է պահանջում: Իսկ փաստ է նաեւ, որ մեկնարկում նշւած հաճելիութեան պարադոկսը կարող է չէզոքացւի, եթէ թէ՝ մէկը լինի, թէ՝ միւսը: Այսինքն մարզւելու դէպքում կարելի է լաւ էլ հաճոյքով ուտել: Իսկ երբ մեր մարմնի չափսերը կեանք են ներթափանցում, սկսած շրջանաձեւ քայլերից վերջացրած հագուստի ընտրութիւնը, հէնց ականջդ մտած ժամացոյցի սլաքների թքթքոցի պէս կարող են կանգնել ներւերիդ վրայ:
Ընկերների հետ գիշերային զբօսանքներից յետոյ վախենում ես յաջորդ առաւօտ արթնանալ նոր պիտակաւորւած լուսանկարների մասին ծանուցումներից, քանի որ գիտես, որ դրանք տարածւում են նրա համար, որ աշխարհը տեսնի ինչ չափսերի ես:
Եթէ մեզ մօտ, յատկապէս՝ հայերիս դէպքում, չի ձեւաւորւել առաւօտեան վազքով օրն սկսելու մշակոյթը, կամ գոնէ օրւայ երկրորդ կէսին մարզասրահ գնալու ապրելակերպը, ապա պէտք է ասել, որ համայնքով մէկ ճարպակալելու ճանապարհին ենք: Իսկ մեր ձեռամբ ստեղծւած մարզաւանն ու մարզւելու այլ տարածքները, ինչի հարցում այնքան էլ խեղճանալու պատճառ չունենք, սկսել ենք թողնել չգիտես ում կամ ինչ յոյսերի: Պէտք չէ օրինակներով ու մետրը ձեռքին չափչփելով ման գալ ասելու համար, որ քանի միութիւն ու մարզասրահ ու մարզադաշտ ունենք մարզւելու համար:
Սա մշակոյթ է, որը պէտք է ձեւաւորւի ժամանակի ընթացքում: Իսկ ժամանակը հէնց գնալու համար է ստեղծւած: Այլ հարց, որ մենք գտել ենք ժամանակի մէջ կանգնելու մեր տարօրինակ բանաձեւը…
Սկզբում նշել էինք քաշի աւելացման մասին: Թերեւս միակ փրկութիւնը գեղեցիկ երեւալու ցանկութիւնն է, որը կարող է մարդու ստիպել ինչ որ բան ձեռնարկել: Իսկ դրա համար, եթէ ձեւին ծանօթ չենք, ապա գոյութիւն ունեն խմբեր ու անհատներ, ովքեր կարող են օգնել յաղթահարել այդ փուլը:
Իսկ մարզաւանի թեթեւ ատլետի վազքուղիում յայտնւած մարդու յիշողութեան մէջ դաջւած դէմքեր կան, ովքեր կանոնաւոր կերպով ու առանց ուշացումների ու առանց ծանրութիւն բերելու որեւէ բանի վրայ, զբաղւում են վազքով ու նոյն թեթեւութեամբ թողնում մարզաւանը:
Նրանցից մէկն է Անին Ներսիսեանը: 39 տարեկան է: Ճկուն մարզավիճակում: Անի պատմեց, որ երկար ժամանկ չէ, ինչ վազքով է զբաղւում: Նրա գնահատած կարճ ժամանակը՝ վերջին 7 տարիններն էին: Մարզանքով զբաղւել է պատանի ժամանակներից: Յետոյ աւելի լուրջ հետեւել է «Նեֆնիստ» մարզաձեւին: Ասում է, որ այդ մարզաձեւի ակունքները Նիւզիլանդիայից են: Եղել է էյրոբիկայի մարզիչ: Իր ամնայուն աշկերտներն ունի որոնց հետ կանոնաւոր պարապում է: Անին նաեւ վազել է Արեւմտեան Հայաստանի Իզմիրում կայացած մարաթօնին:
Անին նշեց, որ ամենաշատը հետաքրքրւած է բնութեան գրկում իրականացւող վազքի փառատօններով: Աւելի շուտ դրանք մրցոյթ են: Բայց ինձ մրցակցութեան բաժինը չէ, որ հետաքրքրում է: Սիրում եմ նման հաւաքներում միասնական վազքն ու ազատւող էներգիան: Վերջին անգամ Ղեշմի մրցոյթն էր: Սար ու ձոր ընկած վազել եմ մինչեւ աւարտի գիծեր հատելը: Դա արդէն յաղթանակնէ»,- նշում է Անին ու շարունակելով խօսքն ասում է. «պէտք է հայերի մէջ եւս տարածել հանրային մարզանքով զբաղւելու կարեւորութիւնը: Յատկապէս, երբ կայ «Արարատ» մարզաւանի պէս չտեսնւած հնարաւորութիւն»:
Անիի կարծիքով հանրային մարզանքով զբաղւելը բնաւորութեան վարակիչ այն գիծն է, որով կարելի է առողջութեան ոգով պատւաստել հասարակութեանը:
Արա Ջահանեանը եւս կլոր սեղանի տեսք ստացած զրոյցի կողմերից մէկն էր: Արայի մասին այսքանը, որ քիչ են նրանք, ովքեր տեսած չկան նրան մարզադաշտի շուրջը ժամերով վազելիս: Իսկ ում ծանօթ չէ այս պատկերը, հէնց նրանց թւում է, ովքեր բացարձակապէս մարզանքով հետաքրքրւած չեն, երեւի:
Արան մասնագիտութեամբ փաստաբան է: Երկար տարիների սկաուտ: Լեռնագնած, ժայռամագլցող, եւ թեթեւ ատլետի սիրահար:
Արա Ջահանեանը նշում է, որ վազել սիրել է երբ դեռ փոքր տղայ էր: Պատանի ժամանակներից պարտադրանքով է զբաղւել մարզանքով: Իսկ որոշ ժամանակ անց այն դարձել է հետաքրքիր զբաղմունք, ինչը շարունկւում է մնալ նոյնը նաեւ այսօր:
Արայի կարծիքով ոչ մէկին չես պարտադրի մարզանքով զբաղւել, եթէ պատճառաբանում է առօրեայ հոգսերից անբաժան խառը վիճակով ու ժամանակ չունենալով: «Ուղղակի պէտք է ձեւաւորւի որպէս մշակոյթ: Նախ պէտք է հաճելի թւայ մարդուն այն՝ ինչով զբաղւելու համար քրտնել է պէտք: Դրանից յետոյ արդէն շարժւած սայլի հետ ես գործ ունենալու: Ինքը գնալու է իր ուղղութեամբ, ուղղակի պէտք է ճանապարհը հարթ պահել»,- նշում է Արան:
Արան այս տարւայ մրցոյթների աշխոյժ մասնակիցն է եղել: Երեւանի մարաթոնին է մասնակցել, որը նրա առաջին պաշտօնական մարաթոնն էր: Չնայած մինչեւ Երեւանի մարաթոնը նա տարբեր մրցոյթների է մասնակցել, այդ թւում Ղեշմի 30 կիլոմետր տարածութեամբ լեռնային վազքը, կամ աւելի երկար տարածութիւններով դաշտային բարդ պայմաններում վազքի մրցոյթներ, որոնք պաշտօնական ռէյթինգ չէին ապահովում վարկանշային աղիւսակում:
Մեզ միացած Մեղրիկ Օհանեանը եւս մարաթոնի վազողներից է: 38 տարեկան է: Երկար տարիներ զբաղւել է լող մարզաձեւով: Թենիսը, այրոբիկան, ու վազքը եւս նրա տարերքն են:
Մեղրիկը 2018 թւականին մարաթոն մրցոյթի է մասնակցել Քիշ կղզիում: Ասում է, որ նախկինում էլ էր մարաթոնի մասնակցել, բայց դա առաջին պաշտօնական մրցոյթն էր, որով վարկանշային սանդղակ է տեղափոխւում անձը: Նա մասնակցել է նաեւ Դուբայի, Ստամբուլի, եւ դարձեալ Քիշի մարաթոններին:
Մեղրիկն ասում է. «Ինձ համար վազքում յաջողութիւնը կապւած չէր այն բանի հետ, թէ որքան հեռու կամ որքան արագ ենք գնում, այլ պարտաւորութիւն ստանձնել՝ հասնելու ինչ-որ դժւարին բանի, այնուհետեւ մտածել աշխատանքի մասին, որին հետեւելու եմ: Այդ ընթացքում ես սովորեցի սիրել այն, ինչ վազքն է անում ինձ հետ: Այն ստիպում է հզօր ու ուժեղ զգալ: Այսքան տարի անց ես դեռ հետապնդում եմ այդ զգացումը (գրեթէ) ամէն օր»:
Զրոյցի առաջարկը Վարդան Աւանէսեանինն էր: Նրան կարելի է տեսնել իւրաքանչիւր օր կամ մարզական միջոցառման ժամանակ մարզաւանի վազքուղիում, կամ կազմակերպիչների կողքին կանգնած: 16 տարեկանից անդամակցում է Հ.Մ.Ա.Կ.-ին: Հէնց վազքով է սկիզբ առել նրա միութենական կեանքը: Ընտրւել է նաեւ Թեհրանի թիմի կազմում իր 800 մետր եւ 1000 մետր մրցանիշների շնորհիւ: «Տարիքն իր գործն է անում: Այն իմաստով, որ վազքում տարիքը դառնում է բնականոն շնռաչութեան կարգաւորման համար հարուստ փորձի: Այժմ կէս-մարաթոն եմ վազում»: կատակով շարունակում է. «մի քանի տարի էլ, որ մեծանամ՝ ամբողջական մարաթոն եմ վազելու»:
Վարդանն այն կարծիքի է, որ վազքով զբաղւելը մեծ ծախսերի չի նայում: Համեմատաբար էժան մարզաձեւ է: «Հայերիս համար կայ աննման առիթ՝ մարզաւանի վազքուղին: Կանաչապատ դաշտով ու հիանալի տեսարանով: Մարդիկ կարող են գալ ու ազատօրէն մարզւել: Մենք պատրաստ ենք օգնել ճիշտ եւ անվնաս մարզւելու հարցում: Պէտք է ձեւ գտնել մարդկանց հաշտեցնելու մարզանքի հետ»:
«Հանրային մարզանքը միայն ֆիզիկական առողջութիւն չի պարգեւում»,- ասում Վարդանն ու շարունակում. «Այն հոգեպէս կարող է պատրաստել մեզ առօրեայի բացասական երեւոյթներին աւելի հանգիստ դիմագրաւելու հարցում: «Դժւար է, բայց միեւնոյն ժամանակ հաճելի»:
Վարդանը եւս մասնակցել էր այս տարւայ Երեւանի մարաթոնին: Նա տարիքային կարգում չորրորդ տեղին բաւարարւեց այն բանից յետոյ, երբ տեսել է մրցակիցը ամէն գնով փորձում է առաջ անցնել: Վարդանը չի խանգարում նրան ու թոյլ է տալիս առաջ անցնի իրենից: Իսկ վերջում պարզւում է, որ տարիքային կարգով նա բրոնզ մեդալն է զիջել ռուս մրցակցին:
Թեթեւ ատլետի նոր թիմ կազմելու գաղափարի մասին Վարդանը նշեց, որ հիմնական խնդիրը ոչ չէ թիմ կազմելն ու պահելն է, այլ հանրութեանը հանրային մարզանքի հետ ծանօթացնելն ու հաշտեցումն է: Թիմը ստեղծել էինք: Մինչեւ 6 տարի առաջ էլ կար այն: Մի քանի տարւայ աշխատանքի արդիւնքում վատ վարկանիշ չունէր այն: Մարզաւանում եւս կար համապատասխան յարմարանք ու գոյք: Թիմը չկայ այսօր ինչ ինչ պատճառներով: Հետն էլ գոյքը չի պահպանւում ինչպէս հարկն է: Այսպիսով նորից սկսելն էլ է դժւարանում եւ այլն…
Ընթացքում զրոյցով հետքրքրւած միւս մարզիկներն էլ են միանում մեզ: Արթին Մահմուդին, ով վազքից բացի նաեւ ճանաչւած է Թեհրանի նահանգային բազկամարտի իր չեմպիոնական կոչումներով նշում է, որ այնքան ժամանակ՝ որ մեր միութիւնները պատրաստ չլինեն պրոֆեսիոնալ կերպ վարւել մարզիկի ու սպորտի հետ, անյաջողութեան են մատնւելու թիմ ստեղծելու փորձերը: Մարտինի կարծիքով պէտք է ընթացք տալ մարզիկի կարծիքին նաեւ: Նա եւս պահանջներ ունի: Յատկապէս, բարձր մակարդակներում:
Արա Ջահնեանը յիշեցնելով, որ մարզանքին լուրջ հայեացք չի ձեւաւորւելու, եթէ դպրոցում մարզանքին յատկացւած դասաժամը նոյնն է ինչ ժամանցային պահը, կամ երբ ընտանիքնում մարզանքը չի դիտարկւում որպէս լուրջ գործողութիւն: «Նոյնը նաեւ հասարակական կեանքում, մարզիկի կատարածն այլ կերպ է դիտարկւում: Նման հասարակութիւններում առողջ հայեացքն է բացակայելու դէպի մարզանքը: Բնական է, եթէ դժւարանում են մարդիկ հանրային մարզանքով զբաղւելու հարցում եւս»,- նշում է Արան:
Արան նշում է նաեւ, որ հանրային մարզանքով զբաղւելու համար, յատկապէս, եթէ վազի տեսքով է այն, ապա կարող ես զբաղւել մինչեւ կեանքիդ վերջին օրը՝ անկախ տարիքից:
Անին իր փորձառութիւնների մասին պատմելով նշեց, որ պարսկական ակումբներից մէկում կազմակերպւել էր «Հազար ու մի չգնացած ճանապարհ» նախագիծը, որտեղ մասնակիցներն ստանում էին միանման շապիկներ ու միասին ժամանակ անցկացնելու պատրւակով պէտք է վազէին նշւած տարածութիւնը: «Կարելի է զբօսանքի տեսքով ու հաճելի ժամանակ անցկացնելու կարգով մարզական միջոցառումներ կազմակերպել: Խօսքը հաճելի մթնոլորտ ստեղծելու մասին է: Այդպէս կարելի է լաւ սկիզբ ձեւաւորել հանրային մարզանքով զբաղւելու համար»:
Անաշէն եւս «Արարատ»-ի վաղեմի ատլետներից է: Մանկուց մասնակցել է «Արարատ»-ի թեթեւ ատլետի փորձերին: Մի քանի միջազգային մարաթոններին մասնակցելու փորձ ունի: Անաշէի կարծիքով մարզանքին նոյնիսկ լուրջ չեն վերաբերւում մարզական փառատօններում: «Համադպրոցական խաղերը ձեզ օրինակ: Արւում է արւած լինելու համար: Սա այն դէպքում, երբ համադպրոցական խաղերը լաւագոյն առիթն են նոր տաղանդների յայտնաբերման համար: Արի ու տես երբեմն հակառակն է ստացւում: Երեխան հէնց այդ խաղերի պատճառով հեռանում է մարզանքից, քանի որ չի ստանում այն՝ ինչը խաղերի առաքելութիւնն էր՝ առողջ մրցակցութիւն»:
Զրոյցի ընթացքում քննարկւած բազմաթիւ խնդիրների կողքին ընդգծւած շօշափւեց նաեւ կազմակերպչական թերութիւնները, ինչպէս նաեւ համայնքում համատարած դարձող ծուլութիւնը: Մարդիկ պարզապէս չեն ցանկանում մշազանքի միջով անցնելու դժւարութիւնները տեսնեն: Մտածում են նիհարել, բայց դրա համար պատրաստ են դիետա պահել կամ նոյնիսկ դեղահաբերին վստահել: Սա հոգեբանական ճգնաժամ է, կամ աւելի ճիշտ ձեւակերպմամաբ դաստիարակչական բաց, որին պարբերաբար անդրադառնալու ենք մեր յաջորդ համարներում: