Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Իրանը յաղթահարեց Սիրիայի պատնէշը
«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Ասիայի գաւաթում աւարտւեց 1/8-րդ եզրափակիչ փուլը եւ յայտնի դարձան 1/4-րդ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները:
Երէկ՝ յունւարի 31-ին կայացան 1/8-րդ եզրափակիչ փուլի վերջին հանդիպումները: Առաջին խաղում, Ճապոնիան առանց մեծ դժւարութեան, 3:1 հաշւով պարտութեան մատնեց Բահրէյնի ընտրանուն եւ դուրս եկաւ յաջորդ փուլ:
Օրւայ երկրորդ խաղում Իրանի հաւաքականը ուժերը չափեց Սիրիայի ընտրանու հետ: Լարւած եւ դիտարժան հանդիպումը բաւականին բարդ ստացւեց Իրանի համար: Թէեւ մեր ընտրանին հանդիպման ողջ ընթացքում ունէր խաղային եւ տարածքային առաւելութիւն, այդուհանդերձ Սիրիայի բազմաշերտ պաշտպանութիւնը ճեղքել դժւարութեամբ էր ստացւում: Իրանի համար հանդիպման հաշիւը 34-րդ րոպէին բացեց Մեհդի Թարեմին՝ անվրէպ իրացնելով 11 մետրանոցը: 64-րդ րոպէին, Սիրիայի ընտրանուն յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: Թարեմիի պէս, Օմար Խրիբին եւս անվրէպ իրացրեց մրցավարի նշանակած 11 մետրանոցը: 90+1-րդ րոպէին Մեհդի Թարեմին ստանալով 2-րդ դեղին քարտը, հեռացւեց խաղադաշտից, եւ Իրանը ստիպւած եղաւ հանդիպումը շարունակել 10 հոգով: Լրացուցիչ ժամանակում եւս կողմերին չյաջողւեց փոփոխութիւն մտցնել հաշւում: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի 1:1 հաշւով, եւ խաղի ճակատագիրը որոշեցին յետխաղային 11 մետրանոց հարւածները, որտեղ մեր ֆուտբոլիստներն անվրէպ իրացրեցին իրենց 5 հարւածները, իսկ Ալիռեզա Բէյրանւանդը յաջողութեամբ յետ մղեց Սիրիայի երկրորդ հարւածը: Իրանը յաղթեց 5:3 հաշւով եւ նւաճեց յաջորդ փուլի ուղեգիր:
Վաղը՝ փետրւարի 2-ին, կը մեկնարկի 1/4-րդ եզրափակիչ փուլը: Խաղադաշտ դուրս կը գան Աւստրալիան եւ Հարաւային Կորէան, Տաջիկստանն ու Յորդանանը: