ՀարցազրոյցՄշակութային

Յովիկ Չարխչեան. «Սեւակը, որպէս հակասութիւններից ծնունդ առած բացայայտում, փակուղուց գտնւած ելք, անհնարինը հնարաւոր դարձնելու կենսական բնազդ»

«ԱԼԻՔ»-ը հարցազրոյց է ունեցել աւելի քան մէկ տասնեակ գրքերի հեղինակ, գրականագէտ, բազում գիտական հանդէսներում եւ ամսագրերում յօդւածներ եւ բանասիրական ուսումնասիրութիւններ տպագրած Յովիկ Չարխչեանի հետ: Հարցազրոյցի ընթացքում անդրադարձ է կատարւել Պարոյր Սեւակի 100-ամեակին եւ ժամանակակից ընկալումներում բանաստեղծի կերպարի կարեւորման անհրաժեշտութեանը, նորօրեայ աշխարհամտածողութեան մէջ նրա ստեղծագործութիւնների գեղագիտական-մշակութային ճաշակի ձեւաւորման առանձնայատկութիւններին, սեւակեան «ինտելեկտուալ զգացողութեան» գաղտնիքներին, Սեւակի բանաստեղծութիւնների ժանրային առանձնայատկութիւններին եւ Սեւակագիտութեան ապագային:

Յովիկ Չարխչեանը ծնւել է 1964 թւականի յունիսի 25-ին Արարատի շրջանի Վանաշէն (Թայթան) գիւղում: Հայ գրող, գրականագէտ է: Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1984-1986 թւականին ծառայել է խորհրդային բանակում։ Ուսումն աւարտելուց յետոյ երկար տարիներ աշխատել է մամուլում։ Խմբագրել է մի շարք թերթեր։ 1996-1998 թթ. եղել է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան լրատւութեան ու քարոզչութեան վարչութեան պետի տեղակալ։ Հեղինակ է 11 գրքերի եւ Սեւակագիտական մի քանի աշխատութիւնների:

– Պարոն Չարխչեան լրացաւ Պարոյր Սեւակի 100-ամեակը: Ինչպէ՞ս է կարեւորւում ժամանակակից ընկալումներում Սեւակի կերպարը: Նորօրեայ աշխարհամտածողութեան մէջ, արդեօք նրա ստեղծագործութիւնները դեռեւս շարունակո՞ւմ են գեղագիտական-մշակութային ճաշակ թելադրել:

– Մեր օրերում Սեւակի գրական ժառանգութեան վերաիմաստաւորման պահանջը նախ եւ առաջ պայմանաւորւած է բովանդակային շարժառիթներով եւ նոր միայն յետոյ՝ գեղարւեստի ներգործութեան անհրաժեշտութեամբ: Համընդհանուր անկայունութիւնը թելադրում է խարսխւելու ափեր որոնել, եւ Սեւակն այդ վստահելի կայաններից մէկն է: Նրան յիշում եւ ընթերցում են: Կը նշանակի՝ նա մեզ անհրաժեշտ է: 

– Որո՞նք են Սեւակի կայացման, նրա մտածողութեան սեւակեան «ինտելեկտուալ զգացողութեան» ձեւաւորման գաղտնիքները:

– Իր ապրած ժամանակաշրջանի մէջ Սեւակն անխուսափելիօրէն պիտի բախւէր մի իրողութեան, որտեղ օդը լցւած էր պահանջով. հակասութիւններից ծնունդ առած բացայայտում, փակուղուց գտնւած ելք, անհնարինը հնարաւոր դարձնելու կենսական բնազդ, երբ առկայ զգայարաններով կողմնորոշւելն այլեւս բաւարար պայման չէ, անհրաժեշտ է մի բան, բոլորովին նոր, անսպասելի եւ համարձակ քայլ:

Նրան տրւած էր ընտրութիւն կատարելու մէկ հնարաւորութիւն, եւ Սեւակն այդ ընտրութիւնը կատարեց անսխալ: 

– Սեւակն իր ստեղծագործութիւններով առաջ քաշեց նոր ոճ ու մտածողութիւն, նոր լեզու, նոր մթնոլորտ ու ընկալումներ, ազատականացրեց հայ մարդու միտքը, նրա ստեղծած նորի համար ժամանակը կարծես թէ պատրաստ էր, այդպէ՞ս է, թէ՞ ինքը պատրաստեց մթնոլորտը:

– Սեւակը մթնոլորտի ձեւաւորման առաջամարտիկներից էր, բայց ոչ հեղինակը: Նա հայ մարդու մտածողութիւնը «հանդերձաւորեց»՝ տալով նրան նոր զգեստ, բառային ու ոճական մոդելաւորման թարմութիւն, եղածը բազմապատկելու լուծումներ: Սեւակը յուշեց, որ փոփոխական աշխարհի հրամայականն է լինել առաւել ճկուն եւ բազմաբովանդակ, փոքր-ինչ աւելի հեռուն նայել, քան առկայ տեսադաշտն էր սահմանազատել: Այսպէս ծնւեց նորարարը: 

– Սեւակը լուրջ ասելիք ունէր, առանձնացնենք նրա ազգային սնապարծութեան մասին 1967 թւականի ելոյթից հատւածներ, որտեղ շատ զուգահեռներ կան մեր այսօրւայ իրականութեան հետ: Մասնաւորապէս նշում է. «Ազգային ինքնասպանութեան զանազան ձեւեր կան, եւ դրանց մէջ ամենադիւրինը, ըստ իս, իմ ասած սնապարծութիւնն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մէջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծութիւնը, որի հակառակ երեսը (թոյլ տւէք երկու օտար բառ օգտագործել) արխայինութիւն-դինջութիւնն է»: Ինչ էք կարծում ժամանակի ընթացքում կարծես, թէ մեր ազգութեան հետ միաձուլւած արատաւոր բարքերը չեն փոխւել: Ձեր կարծիքով, որո՞նք են պատճառները:

– Ես կարծում եմ՝ մենք մի փոքր նեղացնում ենք շրջանակը՝ հարցը յանգեցնելով ազգային նկարագրի առանձին բնորոշումներին որոշակի ժամանակային կտրւածքում: Եթէ խնդիրը դիտարկենք նման մօտեցմամբ, ապա մեզանից մէկ ու կէս հազարամեակ առաջ Խորենացին եւս մատնանշել է արատաւոր երեւոյթներ, որոնք առ այսօր կենսունակ են: Իսկ սա նշանակում է, որ թէ մէկի, թէ միւսի մտահոգութիւնների թիրախը մարդկանց առանձին ընտրւած խումբն էր, այն մոլորութիւնները, որոնք մարդեղէն են, մարդկային տեսք ու բնոյթ ունեն՝ անկախ ժամանակից ու աշխարհագրութիւնից: 

– Նոյն ելոյթից մէկ այլ հատւածում Սեւակն ընդգծում է. «Այստեղ խօսքս կենտրոնացնեմ անդրկովկասեան ժողովուրդների բանաստեղծների վրայ` յիշեցնելով հային, վրացուն եւ ադրբեջանցուն, որ մենք թոռներն ենք Աբովեանի եւ Ախունդովի, Սունդուկեանի եւ Ծերեթելու: Եւ այս ասելով, ես չեմ անում ժողովուրդների եղբայրութեան այն ժուռնալիստական կոչը, որից մեր ատամներն առել են: Ես ուզում եմ, որ մեր մեծերի ստւերները հետապնդեն մեզ, նոյնիսկ սատանայի կամ շէյթանի նման, միայն թէ յիշեցնեն, որ մենք պիտի արժանի դառնանք իրենց յիշատակին ոչ թէ ճառով, այլ ապրելակերպով ու գործով»: Սեւակի այս մտածողութիւնը շարունակո՞ւմ է այսօր մեր ժողովուրդը կրել, մեր պարտութիւնները կարծես թէ հակառակ իրողութեան մասին են յուշում:

– Մեր պարտութեան պատճառների արմատները շատ աւելի խորն են եւ դրա անբաժանելի մասն է կազմում ոգեղէնի նահանջը: Սակայն ես չեմ կարծում, թէ երկիրը արժանի զաւակների պակաս ունի: Մեզ այսօր էլ կարող են առաջնորդել ինչպէս նախնեաց ստւերները, այնպէս էլ կենդանի, ապրող, արարող մարդիկ, որոնք ի զօրու են տեսնել այս դառնութեան եւ աղէտալի կորուստների միջից դուրս գալու ելքերը, մարդկանց համակել հաւատով եւ դէպի վաղւայ յաղթանակները գնալու վճռականութեամբ: Ինչ վերաբերում է ախունդովներին ու ծերեթելիներին, նրանց ներկայութեան որեւէ դրսեւորման ձեւ հազիւ թէ կարող է մեզ համար դառնալ մտածումի առարկայ: Ամէն դէպքում, մեր երկրի կենսագրութեան այս փուլում Հայաստանին ու հայ ժողովրդին այլ անուններ են անհրաժեշտ:

– Պարոն Չարխչեան, ինչ կասէք Սեւակի բանաստեղծութեան ժանրային առանձնայատկութիւնների մասին, ինչպէս ինքն է ասում՝ «իր նոր գինին լցնում է նոր տիկի մէջ»։ Ինչ է ակնարկո՞ւմ, նա լաւագոյն կերպով ընկալել է իր ոճի իւրովի լինելը…

– Նոր բովանդակութիւն՝ նոր ձեւի մէջ. սա իւրաքանչիւր ստեղծագործող անհատի բարձրագոյն ձգտումն է: Հէնց այս համադրութիւնն է, որ արւեստում կանխորոշում է մնայուն արժէքների ծնունդ: Սեւակը գերազանց գիտակցում էր դա եւ նրա ողջ ստեղծագործական կենսագրութիւնը եղել է նոր գինին նոր գաւաթով հրամցնելու առաքելութիւն: 

– Սեւակը, ինչպէս ինքն է հաստատում՝ կարեւորը լուրջ ասելիք ունենալն է, այսօրւայ հայկական գրականութեան էջերում լուրջ ասելիքներ ասւո՞ւմ են:

– Անկասկած, ասւում են: Այլ խնդիր է, թէ ինչպէս է դա ասւում, ինչպէս է դա ընկալւում եւ ում է հասցէագրւած այդ ասելիքը: Գրականութիւնը նախ եւ առաջ արւեստ է, այն չի կարող պատրաստի դեղատոմսեր եւ կամ աքսիոմատիկ ճշմարտութիւններ տրամադրել: Իսկ լուրջ ասելիքը երբեմն հնարաւոր է գտնել նոյնիսկ «անլուրջ» էջերում: 

Սեւակագիտութիւնը, ինչ է ենթադրում ապագայի համար: Արդեօք այն առաւել ընդգրկուն ու համապարփակ հայեացք եւ մօտեցումներ է փոխանցելու սեւակեան ժանրի համար:

– Սեւակագիտութիւնը նախեւառաջ պահանջում է բացել բանաստեղծի արխիւները, որոնք արդէն 53 տարի մնում են փակի տակ: Սեւակ բանաստեղծի ու մտածողի առաւել ամբողջական կերպարի ձեւաւորումն ուղղակի անհնար է, եթէ բացակայում են այդ դիմանկարի կարեւոր գուներանգները:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Related Articles

Back to top button