Մենք ենք մեր լեզուն
Աւելի քան չորս դար է, ինչ իրանահայերս, մի կերպ, պահում-պահպանում ենք մեր լեզուն՝ հայերէնը: Ինչ խօսք, դա գնահատելի է եւ գովեստի արժանի: Սակայն, կարծում եմ, բոլորս էլ համոզւած ենք, որ մեր հայերէն գրաւոր ու բանաւոր խօսքը կաղում է: Պատճառները շատ են, անդրադառնանք միայն մէկին: Մենք հայերէնը մե՛րն ենք համարում այնքանով, երբ հարկ է ելոյթ ունենալ ամբիոններից ու բեմահարթակներից, այլ դէպքում, տանը, ընկերական զրոյցներում, առօրեայ յարաբերութիւններում դարձեալ անցնում ենք մեր թերի, թրատւած ու աղճատւած մայրենիին: Այն թիւր կարծիքի ենք, որ մեր իմացածը բաւարարում է իրանահայերիս՝ հաղորդակցւելու միմեանց հետ, քանզի իրար հասկանում ենք ու աւելին մեզ պէտք չէ: Իհարկէ, եթէ մեզանից մէկը անգլերէն որեւէ բառ ճիշտ չարտասանի, անմիջապէս նկատողութիւն կանենք ու գուցէ արհամարենք, իսկ հայերէնի դէպքում դա ընդունելի է, քանի որ ականջը սովոր է անընդհատ կրկնւող սխալին:
Աստւած մեզ հետ, բայց զարմանալին այն է, որ բազմաթիւ աղաւաղումներով ու շարահիւսական անհիմն ձեւերով են արտայայտւում հէնց «գրագէտ» ուսուցիչներ, Պատգամաւորական ժողովի անդամներ, կրթական-միութենական տարբեր կառոյցների պատասխանատուներ, որոնց յուզում է հայերէնի իմացութիւնը եւ բարձրաձայնում են հայերէնին սպառնացող վտանգների, այդ թւում նաեւ հայերէնի նկատմամբ դպրոցական երեխաների անուշադրութեան ու պարսկերէն բառերի առատ օգտագործման մասին:
Այս տողերը վերաբերում են հէնց վերջիններիս, թէ չէ, փողոցներում չենք դեգերելու՝ պատահած հայի օձիքը բռնենք եւ հայերէնը անաղարտ պահելու մասին գլխին Աւետարան կարդանք:
Մեզանից իւրաքանչիւրը երեւի համոզւած է, որ սա իրեն չի վերաբերում: Ինքը հայերէն գիտի, խօսում է, նոյնիսկ բեմերում է հանդէս գալիս, այնինչ նոյն անձնաւորութիւնը բանախօսելիս միայն առաջին րոպէներին է ինքնատիրապետում, դժւարութեամբ փորձելով անտեղի ճոռոմաբանութեամբ ի ցոյց դնել իր «գրագիտութիւնը», իսկ ընթացքում ի յայտ է գալիս իրեն հարազատ ու իմացած, բայց չիւրացրած հայերէնը:
Յիշեցի մի դէպք: Կրթական ոլորտի պաշտօնեան դպրոցում հարց է տալիս՝ լսել ենք դուք պահեստի հարց ունէք, ճի՞շտ է: Ասում եմ՝ մենք պահեստ ունենք, լաւն ու մեծն էլ ունենք: Պարզւեց, որ խօսքը պահակի մասին է:
Խնդալու բան է, չէ՞: Կամ Արցախում 1387 իրանահայ պաշտօնատարը դիմելով թանգարանի տնօրէնին, իր զարմանքն է յայտնում տեղադրւած բազմաթիւ «տեսախրձիկներ»-ի պատճառով: Պարզ է, որ խօսողը տեսախցիկներն է ակնարկում:
Դեռ կարելի է շարունակել, բայց բաւարարւենք այսքանով, ստորեւ ընթերցողի ուշադրութեանը յանձնելով տարածւած ուղղագրական-ուղղախօսական սխալներից մի փունջ:
– Յաճախ սղոցում են բայավերջի լ-ն՝ ի՞նչ էք արէ, ինչո՞ւ էք էկէ, գիրք եմ բերէ, այնինչ պիտի լինի՝ ԱՐԵԼ, ԵԿԵԼ, ԲԵՐԵԼ:
– Սղոցում են էի, էիր, էինք, էիք, էին, օժանդակ բայերի է-ն՝ գրել իր, սիրել ինք, մեծացել ին, որոնք բնականաբար պիտի լինեն՝ ԳՐԵԼ ԷԻՐ, ՍԻՐԵԼ ԷԻՆՔ, ՄԵԾԱՑԵԼ ԷԻՆ: Իսկ օժանդակ բայի առաջին դէմքի պարագայում սղում են է-ն, անյարկի աւելացնելով մ հնչիւնը ստանալով գնացել իմ, խմել իմ: Ցաւալի այն է, որ աւելի «գրագէտներ»-ն են այդպէս օգտագործում՝ գնացել էիմ, գրել էիմ: Սիրելիներ, այդ անկոչ մ-ն աւելորդ է, մի՛ ասէք: Հայերէնին անյարիր այդ մ-ն պարսկերէնի անցեալ կատարեալում دیدم، رفتم، بردم -ի ազդեցութիւնն է:
Ուրեմն՝ ո՛չ ասամ, ոչ՛ էլ ասացիմ, միմիայն՝ ԱՍԱՑԻ:
– Ասում ենք ուրեմը, այսինքը, խնդրում եմ վերջից ն-ն չմոռանալ՝ ՈՒՐԵՄՆ, ԱՅՍԻՆՔՆ:
– ՈՐՈՎՀԵՏԵՒ, ոչ թէ որտեւ:
– ԱՐՑՈՒՆՔ, ոչ թէ արծունք:
– ԼՍԵՑԻ, ոչ թէ լսացի, լսացիմ, լսամ:
– Արեւելահայերէնում մեզի, ձեզի, չունենք, պարզապէս ՄԵԶ, ՁԵԶ: ՄԵԶ ՄՕՏ, ՏԵՍԵԼ ԵՆՔ ՁԵԶ:
– ԿԱՆԳՆԵԼ, ոչ թէ կայնել:
– Պարզապէս ՀԻՒՐ (հ-ն հնչւում է), ոչ թէ իւր կամ հոյր:
– Մէկ անգամ ընդմիշտ մոռանանք ուշչիչը-ը եւ ասենք ուսուցիչ, ուսուցիչներ:
– Բառարանում ՕՐԻՈՐԴ բառի բացատրութիւնն է՝ չամուսնացած աղջիկ, ամուրիացած կին, իսկ մեզ մօտ դա ընդհանրացւած բառ է, որն օգտագործւում է ուսուցչուհու փոխարէն: Չզարմանաք, որ փողոցում նախկին ուսանողուհիս ինձ իր բալիկին այսպէս է ներկայացնում՝ պարոն Նորվանն էլ իմ օրիորդն է եղել: Ա՜յ քեզ բան: Կամ Հայաստանում կայացած ուսուցչական խորհրդում այն հարցին թէ՝ Թեհրանից քանի՞ հոգի են մասնակցել, իրանահայ խմբի աւագն ասում է՝ մենք հինգ օրիորդ ենք բերել: Չես հասկանում, կուսանո՞ց է, ի՞նչ է:
Ուրեմն ո՛չ օրիորդին:
– Չասել լաւոտ, վատոտ, շատոտ, այլ՝ ԱՒԵԼԻ ԼԱՒ, ԱՒԵԼԻ ՎԱՏ, ԱՒԵԼԻ ՇԱՏ:
– Ի նախդիրով ունենք Ի շահ, Ի փառս, Ի լրումն, Ի ցոյց դնել, եւ այլն: Բայց մի՛ ոգեւորւէք եւ Ի դրէք այնտեղ, որտեղ այն չի եղել, չկայ: «Ի շնորհիւ» չասել ու չգրել: Միայն ՇՆՈՐՀԻՒ:
– ԱՒԵԼՈՐԴ, ԿԱՆԱՉ, ԿԱՄԱՑ, եւ ոչ թէ աւելնորդ, կանանչ, կամանց:
– ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ եմ յայտնում իմ ԾՆՈՂՆԵՐԻՆ, ՈՒՍՈՒՑՉԻՆ, ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ, (ոչ թէ ծնողներից, ուսուցչից եւ այլն)…
– ԲԱԶՄԻՑՍ: Կարճ ու ճիշտ, իցս-ը հէնց «անգամ» է նշանակում, էլ ինչո՞ւ բազմիցս անգամ: ԿՐԿԻՆ եւ ոչ թէ կրկին անգամ ու վերջ:
– ՅԱՆՁԻՆ + եզակի թիւ. յանձին Արամի, քեզ…
– ՅԱՆՁԻՆՍ + յոգնակի թիւ. յանձինս ձեզ, նրանց …
– Կարդում ու լսում ենք՝ սիրահարւել է նրա վրայ, Արմէնի վրայ…:
Դէն նետել վրայ-ն ու ՍԻՐԱՀԱՐՒԵԼ ՆՐԱՆ, ԱՐՄԷՆԻՆ:
– ՆԱԽԱԳԱՀԸ ոչ թէ նախագան, հ-ն հնչւում է:
– ՀԱՄԲՈՅՐ, ՀԱՄԲՈՒՐԵԼ (ոյ-ը դառնում է ու ինչպէս լոյս-լուսաւոր, գոյն-գունաւոր): Էլ ինչ համբիւր, համբիւրել:
– Յարգելի ուսուցչուհին (ոչ թէ օրիորդը) աշակերտներին բացատրում է ՎԱՐՁՔՆԵՐԴ Ի ԿԱՏԱՐ-Ի իմաստը, ասելով, որ այն նշանակում է ձեր վարսերը (մազերը) երկար լինեն, քանի որ ի սկզբանէ հայուհիների վարսերը երկար են եղել:
Սիրելիներ, բառարան կայ, բացել եւ ստուգել:
– Հայերէնի սեռական հոլովի վերջաւորութիւններց է ց-ն, որը դրւում է բառավերջում (ՎԱՐԴԱՆԱՆՑ, ԱՐՄԷՆԵՆՑ): Որոշ անձնանունների վերջում – եան ածանցից յետոյ է այն դրւում՝ ազգանւան համար (ՄԱԼԵԱՆՑ, ՍԱՐԳՍԵԱՆՑ, ԲԱԲԱԽԱՆԵԱՆՑ), որը յատուկ է եղել Ռուսաստանում բնակւող հայերին: Այդ չարաբաստիկ ց-ն պարսկերէնի այբուբենում բացակայելով պարսկերէն գրելիս կամ արտասանելիս դարձել է ս (مالیانس – باباخانیانس …): Պարսկերէնից հայերէն վերարտադրելիս էլ ս-ն փոխւում է մայրենիին հարազատ ց–ի, այսքանը:
– Ժողովներում, հանդէսներում ու այլուր չասել ոտնկայս ծափահարել, այլ՝ ՅՈՏՆԿԱՅՍ, կամ պարզապէս ոտքի կանգնել ու ծափահարել, հեշտ, անպաճոյճ ու գլխացաւանքից հեռու:
– ԵՄ, ԵՆՔ օժանդակ բայերի հետ գործածւելիս գրում ու ասում ենք ՅՈՒՍՈՎ ԵՄ (առանց Յ-ի): ՅՈՒՍՈՎ ԵՄ, որ նա երջանիկ կը լինի: ՅՈՒՍՈՎ ենք՝ մրցումները կը շարունակւեն: Իսկ ՅՈՅՍՈՎ-ը առանց օժանդակ բայի կը լինի՝ ՅՈՅՍՈՎ կը յաղթէք, ՅՈՅՍՈՎ նա կը վերադառնայ եւ այլն:
Յուսով եմ դեռ կը շարունակենք: Առայժմ (ոչ թէ առայժմս) այս քանը:
Յ. Գ.- Նիւթը պատրաստելիս աչքի ենք անցկացրել Դաւիթ Գիւրջինեանի հեղինակած «Յանուն մեր նեարդերի» գիրքն ու մի շարք այլ գրքեր:
ՆՈՐՎԱՆ