ԵՂԵԳԱՆ ՓՈՂ
Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս՝ գարուն է
եւ մարդիկ քայլում են ոչ մի փոփոխութիւն չնկատելով:
Քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թէ ինչու տօն է այս սովորական օրով,
եւ խմբերով աղջիկներ են անցնում
գոյնզգոյն շորեր հագած՝
ոչ մի փոփոխութիւն
չնկատելով…
Իսկ նւագախումբը դուրս է ցայտում ամենաանսպասելի
անկիւններից
իր յետեւից տանելով հրոսակախումբը՝
ցնծութիւնից խելակորոյս երեխաների –
ամբողջացնելով գարնան պատկերը կանաչաւուն:
Ի՜նչ հեշտ է սիրել այն ամէնն, ինչ հեռւում է,
եւ ինչ բաւականութիւն՝ պատկերացնել այն, ինչը
չես տեսնում…
Բայց ամենահեշտը քեզ մօտ տխրութիւնն է ստացւում,
օ՜, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարէզում:
Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն
եւ սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,
եւ հայեացքդ թափառեց փողոցներով,
մարդկանց մէջ,
սրճարաններում,
եւ յոգնութիւնից արցունքոտւեց հայեացքդ՝
ոչ մի փոփոխութիւն չնկատելով:
Իսկ նւագախումբն արդէն երկինք է բարձրանում,
իր յետեւից տանելով ցնծութիւնից ոչինչ չնկատող
հրոսակախումբը երեխաների…
Ինչ հեշտ է մոռացւում նա, ով հեռւում է,
եւ ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
երբ ինքդ ես հեռւում:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՐԻԳՈՐԵԱՆ