Հայաստան - ԱրցախՄշակութային

Համլետ Պետրոսեան. «Բաքուն փորձում է Ղազանչեցոց եկեղեցին ներկայացնել որպէս ռուս Ուղղափառ եկեղեցի. ոսկեգոյն են ներկել գմբէթը»

Անկախութեան շրջանում Արցախում գրեթէ բոլոր հատւածներում կանգնեցւել են յուշարձաններ, քանի որ այդ բնակավայրերն ամայի են, շատ դժւար է դրանց հետեւել եւ տեսնել, որոնք են ոչնչացւել: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց Monument watch ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսեանը:

«Վերջինը, որ մեր գործընկերները հրատարակեցին, դա Մարտակերտում կանգնեցւած խաչքարի աւերումն է: Յստակ երեւում է, որ խաչքարը ջարդել են եւ կտորները թափւած են յուշաքարի առաջ: Այդ պատկերն է բոլոր բնակավայրերում»,-ասաց նա:

Համլետ Պետրոսեանի խօսքով՝ շատ կարեւոր է, թէ հայկական յուշարձանների պահպանման հետ կապւած ԱՄՆ քաղաքականութիւնը որքանով հետեւողական ու սկզբունքային կը լինի. «Մենք տեսնում ենք, որ մի կողմից՝ Ադրբեջանին մեղադրում են, միւս կողմից՝ անընդհատ հանդիպում են, յորդորում են: Նոյնը կարելի է ասել այլ մշակութապահպան կառոյցներին: Նրանց յայտարարութիւնները այնքան էլ միանշանակ չեն, նրանց քայլերը ամենեւին էլ հետեւղական չեն եւ հայկական ժառանգութեան ոչնչացման վտանգը այսօր վերացւած չէ»:

Համլետ Պետրոսեանը նշեց, որ Ադրբեջանը շատ դէպքերում գործում է իբր ճանապարհաշինական աշխատանքներ անելու քողի տակ. «Երեւի գիտէք, Շուշիի երկու գերեզմանոցների միջեւ ճանապարհ են անցկացնում: Դա միտումնաւոր է արւում»:

Անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, նա ասաց. «Ղազանչեցոցը կարծես լակմուսի թուղթ է: Դա ակնյայտ կառուցել են հայերը, կառուցել են Ղազանչի գիւղից տեղահանւած եւ Շուշիում բնակեցւած հայերը: Բայց, հիմա Ադրբեջանը փորձում է խաղաքարտ դարձնել այս եկեղեցին: Քանի որ այս դէպքում չեն կարող այն վերագրել Աղւանից կաթողիկոսութեանը, փորձում են այն ներկայացնել որպէս ռուս Ուղղափառ եկեղեցի: Եթէ նայէք, նրանք յատուկ ոսկեգոյն ներկել են գմբէթը եւ այդպէս թողել: Սա շատ խորամանկ քաղաքականութիւն է: Ղազանչեցոց եկեղեցու արդէն երկու տարի ձեւական այդ ցանցերով փաթաթելը, ըստ էութեան, նման փորձարկման հիմնաքար է: Ուզում են տեսնել՝ ինչպէ՞ս կարձագանգեն ռուսները: Ադրբեջանում ռուսական եկեղեցու ներկայացուցիչները միանշանակ հակահայ քաղաքականութիւն են վարում, ինչը բացարձակ սպասելի չէր քրիստոնէական քոյր եկեղեցու կողմից»,- ընդգծեց նա:

Հարցին, թէ քանի՞ հայկական եկեղեցիներ կան Արցախում այսօր, Համլետ Պետրոսեանը պատասխանեց. «Դա ամենաբարդ հարցն է: Պաշտօնական ցուցակներով մօտաւորապէս 4000-4500 են:

Խնդիրն այն է, որ մեծ յուշարձանները հնարաւոր է տիեզերքից վաւերացնել, եւ գոնէ մօտաւոր վիճակը հասկանալ, բայց փոքրերը հնարաւոր չէ: Պէտք է ամբողջ Արցախի տարածքը վերցնել հսկողութեան տակ, ինչը բաւականին թանկ գործ է: Պէտք է ինչ-որ մեխանիզմ մշակել աւելի փոքր յուշարձանների քարտէզագրման եւ դրան հետեւելու համար: Ես վստահ չեմ, թէ Դադիվանքը, Գրչավանքը, Ամարասը, Սուրբ Յակոբը եւ միւսները կարող են քանդւել, բայց Ադրբեջանը հիմա մի ուրիշ թէզ է առաջադրում, որ հայերէն արձանագրութիւնները հայերը միտումնաւոր են արել: Իրենք ասում են՝ միջազգային էքսպերտներ են հրաւիրելու եւ եթէ ինչ-որ բան պէտք է ջնջւի, ապա այդ էքսպերտների եզրակացութեան վրայ: Ես վստահ եմ, որ նման միջազգային էքսպերտներ ուղղակի գոյութիւն չունեն: Հայագիտական գրագիտական գիտակարգերը 99 տոկոսով հայագիտութեան մենաշնորհն են: Հազիւ թէ որեւէ մէկը կը կարողանայ դրանք կարդալ ու հասկանալ, եւ յետոյ էլ մեկնաբանել:

Ադրբեջանը պետական մակարդակով լծւած է այդ գործին, իսկ մենք ի՞նչ ենք անում: Մենք ունենք առանձին անհատներ կամ խմբեր, որոնք ստանձնել են պետութեան դերակատարումը: Սա շատ ծանր վիճակ է: Մշակութային պատերազմի ոլորտում մենք այնքան էլ կազմակերպւած ու հետեւողական չենք: Ես նկատի ունեմ պետական կառոյցները»,- ասաց նա:

Related Articles

Back to top button