Մհեր Մելքոնեան. «Տոննաներով ստի արտադրութիւնը Նիկոլ Փաշինեանի շնորհիւ արդիւնաբերական մասշտաբներ է ստացել»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մհեր Մելքոնեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի եւ ՔՊ վերնախավի սուտ խոստումների եւ կեղծ յայտարարութիւնների տարափին.
«Ոչ մի օր առանց ստի ու կեղծիքի:
Երեւի սա դարձել է փաշինեանական քարոզչութեան իրական կարգախօսը, որն ամէն օր արտադրում է ոչ թէ մէկ, այլ տասնեակ կեղծիքներ։ Տոննաներով ստի արտադրութիւնը Նիկոլ Փաշինեանի շնորհիւ արդիւնաբերական մասշտաբներ է ստացել, եւ տպաւորութիւն է ստեղծւում, որ ՔՊ-ական տարբեր չինովնիկների մօտ նոյնիսկ մրցոյթ է ընթանում, թէե ով կարող է ամենաաղաղակող սուտն ու կեղծիքը յօրինել։
Սրա մէջ զարմանալի ոչինչ չկայ։ Կեղծիքների հսկայական ալիք պարզապէս չէր կարող չառաջանալ մի իշխանութեան մօտ, որն իր գաղափարախօսութեան հիմքն է դարձրել սուտը:
ՔՊ-ական «յեղափոխականների» գործունէութեան կարեւոր մեխը դարձաւ հնարաւորինս շատ սուտ ու կեղծիք: Որովհետեւ ճշմարտութեան պարագայում նրանց կառուցած կայսրութիւնը հաստատ կը փլուզւի:
2018 թւականի իշխանազաւթումից ի վեր Հայաստանի ողջ պատմութիւնը՝ հիմնւած ՔՊ-ական խմբակի անհեթեթ առասպելների վրայ, հաստատում է այն փաստը, որ ստի ներկայիս ալիքը միայն հետեւանք է այն հսկայական կեղծիքի, որը լցւել է մեր քաղաքացիների գիտակցութեան մէջ վերջին վեց տարիների ընթացքում։
Ցաւօք սրտի, փաշինեանական իշխանութեան խօսքն ու գործը այդպէս էլ չհամընկան։
Աւելին, խոստանում ու խաբում են բացայայտ, լկտի ու ցինիկաբար»,- գրել է նա: