Կարինէ Աճեմեան. «Փաշինեանն արտահերթ ընտրութեան դէպքում կը դիմի Թուրքիային եւ Ադրբեջանին՝ նախկիններին բացառելու խնդրանքով»
Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինեանն ունի արտաքին աշխարհի աջակցութիւնը. ուշագրաւ է, որ նրան աջակցողների շարքում են Թուրքիան եւ Ադրբեջանը, սակայն, այդքանով հանդերձ, եթէ Հայաստանում հնարաւոր լինի կազմակերպել համաժողովրդական շարժում, ընդհուպ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցութիւնն ունեցող Փաշինեանը կը հեռանայ իշխանութիւնից, ուստի այժմ անհրաժեշտ է Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարին տալ քաղաքական ձեւ եւ բովանդակութիւն, քանզի իշխանափոխութիւնն ինքն իրենով ամբողջութեամբ քաղաքական գործընթաց է։
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման վերադասաւորման փուլին եւ փողոցային պայքարի ժամանակաւոր դադարի պատճառներին, նման տեսակէտ յայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Կարինէ Աճեմեանը։
«Ի՞նչ է նշանակում՝ պայքարել իշխանափոխութեան համար, բայց ասել, որ պայքարը չպէտք է լինի քաղաքական։ Ի՞նչ է նշանակում՝ ասել, թէ շարժումը պէտք է չքաղաքականացնել։ Ուզում եմ բոլորին յիշեցնել, որ Երկրորդ եւ Երրորդ նախագահների քաղաքական թիմերն են որպէս ընդդիմութիւն ներկայացւած խորհրդարանում։ Ուզենք թէ չուզենք, դա փաստ է, ուստի յոյսը դնել քաղաքականութիւնը չներկայացնող մարդկանց վրայ, դա նշանակում է քաղաքականութեան այբուբենին ուղղակի չտիրապետել»,- ասաց Կարինէ Աճեմեանը։
Նրա խօսքով՝ եթէ շարժման նպատակն իշխանափոխութիւնն է, ապա այո՛, թէեւ դժւար է լինելու հասնել թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցութիւնն ունեցող Փաշինեանի հրաժարականին, այդուհանդերձ, համակարգւած քաղաքական պայքարի պարագայում դա հնարաւոր կը լինի։
«Ի դէպ, նախկինների մասին է խօսում, օրինակ, Էդմոն Մարուքեանը. ես հօ տեսել եմ, թէ ինչպէս էր նախկինների յետեւից վազվզում եւ բաներ խնդրում. ինքը միակը չէր։ Այս մարդիկ հիմա թեման տանում են դէպի արտահերթ ընտրութիւններ, որպէսզի իրենց մարդ կուսակցութիւններով յայտնւեն Ազգային ժողովում։ Պատահական չէ, որ անընդհատ խօսում են ներկայիս ընդդիմութեան՝ մանդատները դնելու մասին»,- ասաց Աճեմեանը։
ՀՀԿ ԳՄ անդամի խօսքով՝ իրականում այս փուլում արտահերթ ընտրութեան գնալ ցանկացողների նպատակը ներկայիս խորհրդարանում եւ գործող ընդդիմութեան տեղը զբաղեցնելն է՝ իշխանափոխութեան փոխարէն։
«Եթէ ներկայիս ընդդիմութիւնը վայր դնի մանդատները, ՔՊ-ականները կը կարողանան աշխատել մէկ կուսակցութիւնով, դա ճգնաժամ չի առաջացնի, մէկ կուսակցութիւնով կաշխատեն, իրենք իրենց կը ծափահարեն։ Փաշինեանը եթէ գնայ արտահերթ ընտրութիւնների, կը դիմի նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի օգնութեանը, որպէսզի որեւէ նախկին որեւէ տեղ չյայտնւի»,- ասաց Աճեմեանը։