Մասնագէտները պարզել են, թէ ինչու որոշ մարդիկ չեն վարակւում COVID-19-ով
Օգտագործելով առանձին բջիջների սեքւենաւորման մեթոդը՝ Վելքոմ Սենգերի ինստիտուտի հետազօտողները եւ համահեղինակները ուսումնասիրել են իմունային ռեակցիաները առողջ մեծահասակ կամաւորների SARS-CoV-2 վարակի դէմ աշխարհում առաջին հետազօտութեան շրջանակում, որն ուսումնասիրել է COVID-19-ի ազդեցութիւնը մարդու վրայ։ Փորձի բոլոր մասնակիցների մօտ չէ, որ առաջացել է COVID-19 վարակ, ինչը թոյլ է տւել գիտնականներին պարզել իւրայատուկ իմունային ռեակցիաներ՝ կապւած կայուն վիրուսային վարակի եւ հիւանդութեան դիմադրութեան հետ։
Հետազօտութեան արդիւնքները, որոնք հրապարակւել են Nature ամսագրում, ներկայացրել են առաւել ամբողջական պատկեր, թէ ինչպէս է օրգանիզմն արձագանքում ատիպիկ թոքաբորբին եւ COVID-19 վիրուսին, ինչպէս նաեւ ցանկացած այլ վարակիչ հիւանդութեան։
Ծանր եւ սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուսը (SARS-CoV-2) վարակել է միլիոնաւոր մարդկանց ողջ աշխարհում, տեղեկացրել է «Научная Россия» պորտալը։ Թէեւ այդ հիւանդութիւնը մահացու վտանգաւոր է, շատերն են շփւել մարդկանց հետ, որոնք ունեցել են COVID-19-ի դրական արդիւնք, բայց նրանց յաջողւել է խուսափել հիւանդութիւնից, քանի որ ՊՇՌ-թեստաւորման արդիւնքները բացասական են եղել կամ հիւանդութիւնն ընթացել է առանց ախտանիշների։
Նախորդ հետազօտութիւններն ուսումնասիրել են COVID-19 ունեցող պացիենտներին ախտանիշների յայտնւելուց յետոյ, իսկ նոր աշխատանքում գիտնականներն առաջին անգամ խնդիր են դրել գրանցել իմունային արձագանգներն անմիջապէս վարակւելուց յետոյ. 36 առողջ կամաւորներ, որոնք նախկինում COVID-19-ով վարակւած չեն եղել, մտցրել են վիրուսը SARS-CoV-2 քթով։ Հետազօտողներն իրականացրել են արեան եւ քթի լորձաթաղանթի հանգամանալից մոնիթորինգ՝ հետեւելով վարակի ողջ ընթացքին, ինչպէս նաեւ իմունային բջիջների ակտիւութեանը վարակւելուց առաջ։ Յետոյ գիտնականներն ուսումնասիրել են առանձին բջիջների սեքւենաւորումը, որպէսզի ստանան տւեալներ, որոնք ներառում են աւելի քան 600 000 առանձին բջիջներ։
Բոլոր մասնակիցների մօտ յայտնաբերել են նախկինում չնկարագրւած ռեակցիաներ, որոնք մասնակցել են վիրուսի անյապաղ յայտնաբերմանը։ Դրանք ներառել են արեան մէջ լորձաթաղանթի յատուկ իմունային բջիջների ակտիւացումը եւ բորբոքային սպիտակ արեան բջիջների նւազումը, որոնք սովորաբար կլանում եւ ոչնչացնում են պաթոգենները։
Մարդիկ, ովքեր անմիջապէս ազատւել են վիրուսից, չեն դրսեւորել տիպիկ իմունային պատասխան, փոխարէնը ցուցադրել են նուրբ, իմունիտետի նախկինում երբեք չհանդիպած բնածին ռեակցիաներ։ Հետազօտողները կարծում են, որ HLA-DQA2 գենի ակտիւութեան բարձր մակարդակը մինչեւ վարակւելը նոյնպէս օգնել է մարդկանց կանխել կայուն վարակի առաջացումը։ Հակառակը, 6 մարդ, որոնց մօտ առաջացել է SARS-CoV-2 կայուն վարակ, ցուցադրել է արեան արագ իմունային պատասխան, բայց աւելի դանդաղ իմունային պատասխան քթում, ինչը թոյլ է տւել վիրուսին ամրապնդւել այնտեղ։
Գիտնականները պարզել են օրինաչափութիւններ ակտիւացւած Т-բջիջների ռեցեպտորներում, որոնք ճանաչում եւ կապւում են վիրուսով վարակւած բջիջներով։ Դա պատկերացում է տալիս իմունային բջիջների փոխգործակցութեան մասին եւ հնարաւորութիւն բացում նպատակային Т-բջջային թերապիաների ստեղծման համար ոչ միայն COVID-19-ի, այլեւ այլ հիւանդութիւնների դէմ։
Դոկտոր Ռիկ Լինդեբումը՝ հետազօտութեան առաջատար հեղինակներից մէկը, ասել է. «Սա իւրայատուկ հնարաւորութիւն էր տեսնելու, թէ ինչ տեսք ունի իմունային ռեռակցիան նոր պաթոգենի հանդիպելիս մեծահասակների մօտ, որոնք նախկինում COVID-19-ով հիւանդացած չեն եղել, այն պայմաններում, երբ այնպիսի գործօններ, ինչպիսին են վարակման ժամանակը եւ ուղեկից հիւանդութիւնները, կարելի է վերահսկել»։
Դոկտոր Մարկօ Նիկոլիչը նշել է. «Արդիւնքները լոյս են սփռում կարեւոր նախորդող իրադարձութիւնների վրայ, որոնք կամ թոյլ են տալիս վիրուսին ամրանալ, կամ արագ այն մաքրում են՝ մինչեւ ախտանիշների առաջանալը։ Հիմա մենք շատ աւելի լաւ ենք հասկանում իմունային արձագանգի ողջ սպեկտրը, ինչը կարող է հիմք հանդիսանալ բուժման պոտենցիալ մեթոդների եւ պատւաստանիւթերի ստեղծման համար, որոնք նման կը լինեն բնական պաշտպանական ռեակցիաներին»։
«Ստեղծելով մարդու բջիջների քարտէզը՝ մենք կարող ենք աւելի լաւ պարզել, թէ ինչ բջիջներ են կրիտիկականօրէն կարեւոր վարակների դէմ պայքարի համար, եւ հասկանալ, թէ ինչու տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանգում կորոնավիրուսին։ Ապագայ հետազօտութիւններում մենք կը կարողանանք համեմատել դրանք մեր տւեալների էտալոնային հաւաքածուի հետ, որպէսզի հասկանանք, թե ինչպէս նորմալ իմունային պատասխանը նոր պաթոգենին համադրենք պատւաստմամբ պայմանաւորւած իմունային պատասխանի հետ»,- նշել են գիտնականները։
News.am Medicine