Էլինար Վարդանեան. «ՔՊ-ն է որոշում ով է արդար, ով մեղաւոր. Փաշինեանի յանձնարարականն իրագործւեց»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Էլինար Վարդանեանը իր ֆէյսբուքեան էջում անդրադառնալով Գիւմրու քաղաքապետ Վարդան Ղուկասեանի ձերբակալութեանը գրել է․
«Շուրջ մէկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ «յանձնարարական» իջեցւեց՝ հետապնդում իրականացնել Գիւմրու ընտրւած համայնքի ղեկավարի դէմ: Այսօր յանձնարարականը իրագործւեց:
Եւ սկսւեց ՔՊ-ականների մեղադրական դատավճիռների շքերթը: Եւ քանի որ միայն ՔՊ-ն կարող է որոշել ով է արդար, ով մեղաւոր, եւ քանի որ նաեւ արդէն գիտեն, որ Ղուկասեանը կալանաւորւելու է, մարդկանց զգուշացնում են՝ «տեսնենք ո՞վ քաղբանտարկեալ կանւանի կոռուպցիոներ սրիկային»:
Բայց պարզից էլ պարզ է, որ Փաշինեանի ցուցումը, Գիւմրու քաղաքապետարանում իրականացւող գործողութիւնների ցուցադրական բնոյթը, ՔՊ-ականների համակարգւած յարձակումը վկայում են՝ սա իրաւական սոուսով համեմւած քաղաքական հաշւեյարդար է: Այնպէս, ինչպէս դա տեղի է ունեցել այլ համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտւել է:
Դատաիրաւական շոուների անւան տակ ռեպրեսիաները շարունակւում եւ շարունակւելու են»:



