Ինչպէ՞ս է ԵՄ-ն սպառնում Վրաստանին, եւ ի՞նչ դասեր պէտք է քաղի Հայաստանը
Հարաւային Կովկասում Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգին զուգահեռ՝ ուշագրավ զարգացումներ են գրանցւում մէկ այլ ուղղութեամբ՝ Վրաստան-Արեւմուտք յարաբերութիւններում։
Միայն առաջին հայեացքից հարեւան Վրաստանում ծաւալւող իրադարձութիւնները չեն վերաբերում Հայաստանին եւ աւելի լայն՝ ռեգիոնին։ Իսկ իրականում թէ հայ-ադրբեջանական, թէ վրացական ուղղութեամբ գրանցւում են աշխարհաքաղաքական նոյնական միտումները, պարզապէս տարբեր սցենարներով։
Վրացական օրինակն ուսանելի է նաեւ Հայաստանի համար, որի իշխանութիւնները յայտարարում են, թէ նպատակ ունեն դառնալ եւրոպական ընտանիքի մաս՝ միանալով ԵՄ-ին։ Արտաքին քաղաքական նման վեկտոր Վրաստանը որդեգրել է դեռ տասնամեակներ առաջ, իրականացնելով ահռելի աշխատանք այդ ուղղութեամբ, ինչպէս նաեւ անցնելով պատերազմ 2008 թւականին Ռուսաստանի հետ, կորցնելով Աբխազիան եւ Հարաւային Օսեթիան, ինչը դարձաւ ծանր էջ Վրաստանի ժամանակակից պատմութեան ընթացքում:
Ըստ որոշ գնահատականների, դա այն գինն էր, որը Վրաստանը վճարեց իր եւրոպական ինտեգրացիայի ուղու համար։
Անցնելով այդ ծանր ու տեւական ճանապարհը եւ միայն ամիսներ առաջ ստանալով ԵՄ անդամակցութեան թեկնածուի կարգավիճակ, ԵՄ-ից ամենաբարձր մակարդակով Վրաստանին սպառնում են փակել ԵՄ դռները որոշումների համար, որոնք համաձայնեցւած չեն Արեւմուտքի հետ։ Խօսքը, մասնաւորապէս, օտարերկրեայ գործակալների օրէնքի ընդունման մասին է։ Մինչ Հայաստանի դէպքում արեւմտեան պաշտօնեաները լռում են եւ, կարելի է ասել, չեն ողջունում փողոցային շարժումն իշխանութեան դէմ՝ փորձելով Փաշինեանի իշխանութեանը որակել՝ որպէս կայացած ժողովրդավարութիւն, Վրաստանի դէպքում, որն ահռելի ճանպարհ է անցել, ստորագրել եւ վաւերացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր եւ ԽՀԱԱԳ, իրականացնելով բարեփոխումների պատկառելի փաթեթ։
Սակայն ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ժոզէպ Բորէլը, անդրադառնալով «օտարերկրեայ գործակալների» մասին օրէնքին եւ ԼԳԲՏ քարոզչութեան արգելքին, յայտարարել է, որ Եւրոմիութեան դռները կը փակւեն Վրաստանի համար, եթէ այդ երկրի իշխանութիւնը շարունակի իր քաղաքականութիւնը։
«Վրաստանի ժողովրդի համար դէպի ԵՄ ճանապարհը բաց է։ Եթէ կառավարութիւնը շարունակի անել այն, ինչ անում է, այդ ճանապարհը կը փակւի… Այսօր ԵՄ երկրները ոչ մի կոնկրետ որոշում չեն ընդունել, խօսքը հնարաւոր միջոցների շուրջ քննարկումների մասին է…»,- օրերս Լիւքսեմբուրգում Եւրոմիութեան երկրների արտգործնախարարների նիստի մեկնարկից առաջ ասել է նա:
Միջոցառումներից մէկը, ըստ պաշտօնեայի, կարող է դառնալ Խաղաղութեան եւրոպական հիմնադրամից տրւող ֆինանսական աջակցութեան կրճատումը: Բրիւսէլը կարող է նաեւ դադարեցնել կամ սահմանափակել բարձր մակարդակով շփումները։ Միեւնոյն ժամանակ Բորէլը նշել է, որ նման միջոցառումները չպէտք է ազդեն բնակչութեան վրայ:
Աւելի վաղ մամուլը գրել էր, որ չի բացառւում՝ ԵՄ-ն, ի պատասխան օտարերկրեայ գործակալների մասին օրէնքի, մի շարք միջոցներ ձեռնարկի Վրաստանի դէմ, այդ թւում՝ կասեցնի բարձրաստիճան պաշտօնեաների այցերը:
Աղմկայարոյց օրէնքի ընդունումից բացի, Վրաստանում նախատեսում են արգելել նաեւ ԼԳԲՏ քարոզչութեան հրապարակային ակցիաները, իսկ սեռափոխութեան գործողութիւնները՝ քրէականացնել:
Ըստ որոշ մեկնաբանութիւնների՝ Վրաստանի ԵՄ անդամակցութեան գործընթացը սառեցւած է։ Սա, իհարկէ, առանցքային ռեգիոնալ ու միջազգային իրադարձութիւն է։
«Վերջին ամիսներին տեղի ունեցաւ կարեւոր իրադարձութիւն՝ մեր բարեկամ Վրաստանը դարձաւ ԵՄ անդամութեան թեկնածու երկիր։ Սա մի իրադարձութիւն է, որն անպայման կանդրադառնայ տարածաշրջանի ընդհանուր մթնոլորտի վրայ։ Եթէ ես շնորհաւորել եմ Վրաստանի կառավարութեանն ու ժողովրդին, ապա ակնյայտ է, որ դա դրական իրադարձութիւն եմ համարում»,- այս մասին Telegraph-ին տւած հարցազրոյցում ասել էր Նիկոլ Փաշինեանն այս տարւայ փետրւար ամսին։ Աւելի վաղ նա սա Հարաւային Կովկասի համար դարակազմիկ իրադարձութիւն էր որակել, նշելով, որ սա կանդրադառնայ ռեգիոնի, ինչպէս նաեւ ռեգիոնալ երկրների յարաբերութիւնների վրայ։
Վրացի քաղաքական մեկնաբանները գտնում են, որ ԵՄ անդամակցութեան որեւէ թեկնածու երկիր չի արել այնպիսի քայլեր, ինչպիսիք արել են Վրաստանի իշխանութիւնները։ Միւս կողմից՝ շատերը հաշւի չեն առնում հանգամանքը, որ Թուրքիան, արդէն 30 տարի է՝ ԵՄ անդամակցութեան թեկնածուի կարգավիճակ ունի եւ այս ընթացքում ԵՄ-Թուրքիա յարաբերութիւններն ունեցել են բազմաթիւ վերելքներ ու վայրէջքներ։
Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշւիլին գտնում է, որ Վրաստանը, թէեւ ԵՄ անդամակցութեան թեկնածու է, չի ընդունում այնպիսի օրէնքներ, որոնք ընդունում են ԵՄ-ում։ Գոգոլաշւիլին, ընդհանուր առմամբ, վրաց իշխանութիւններին է մեղադրում այն իրավիճակի համար, որը ստեղծւել է Վրաստան-ԵՄ յարաբերութիւններում:
Կան նաեւ վերլուծաբաններ, որոնք պնդում են՝ օտարերկրեայ գործակալների մասին օրէնքը ցոյց տւեց, որ ԵՄ-ն Վրաստանին ընկալում է՝ որպէս վասալ, որն ինքնուրոյն որոշումներ չպէտք է կայացնի, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը վաղուց կայացրել է եւրաինտեգրացիայի որոշում եւ կորցրել իր տարածքների մի մասն այդ պատճառով։
Մեր վրացական մերձիշխանական աղբիւրներից մէկը, գնահատելով իրավիճակը, նշեց․ «Վերջին իրադարձութիւնները ցոյց տւեցին, որ Վրաստանը չի կարող կայացնել որեւէ ինքնուրոյն որոշում։ Թէեւ մեր հասարակութիւնը կայացրել է այդ որոշումը, եւ Վրաստանի ապագան, այնուամենայնիւ, ԵՄ-ում է, հարցերի նման կտրուկ առաջադրումն անհանգստացնում է շատերին, յատկապէս, երբ սպառնալիքներ են հնչում՝ պէտք է կատարւեն ԵՄ բոլոր պահանջները կամ ԵՄ դռները կը փակւեն։ Ակնյայտ է նաեւ, որ ԵՄ-ի վերաբերմունքը Վրաստանի իշխանութիւնների դէմ սրւեց, երբ Վրաստանը չմիացավ հակառուսական որոշումներին։ Բնական է, որ այսօր էլ՝ ԵՄ բոլոր պահանջներն իրագործելուց յետոյ, ԵՄ-ն պահանջելու է միանալ հակառուսական բոլոր պատժամիջոցներին եւ որոշումներին՝ թոյլ չտալով որեւէ ինքնուրոյնութիւն»։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆեոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ ԵՄ բացայայտ սպառնալիքները՝ ուղղւած Վրաստանի իշխանութիւններին, իհարկէ, չափազանց անհանգստացնող փաստ են եւ լիովին արտացոլում են ԵՄ վերաբերմունքը ԵՄ անդամակցութեան կուրս ընտրած երկրների նկատմամբ։
Ըստ նրա, աշխարհաքաղաքական կենտրոնը, որտեղ, ըստ Արեւմուտքի, սկիզբ են առել ժողովրդավարական արժէքները, ինքն է ըստ էութեան իրականացնում քայլեր, որոնք ոտնահարում են այդ արժէքները, կասկածի տակ դնում արեւմտեան համակարգերի ճշմարտացիութիւնը։
«Վերջին տարիներին ԵՄ-ն հարաւային Կովկասում հիմնւել է Վրաստանի, ինչպէս նաեւ շատ վերջերս՝ Հայաստանի վրայ, որն իրականացնում է ԵՄ բոլոր ցանկութիւնները։ Սակայն Վրաստանի իշխանութիւնների կողմից ինքնուրոյնութեան դրսեւորումները, կարծում եմ, պատժւելու են եւ ռեգիոնում թուլացնելու են արեւմտեան ներկայութիւնը, ազդեցութիւնը, ինչը միջազգային նշանակութեան իրադարձութիւն է։
Թէեւ, պէտք է նաեւ նկատել, որ այդ ազդեցութիւնն աւելանում է Հայաստանում, եւ ԵՄ-ն այս փուլում չի ունենայ այլ ելք, քան հիմնւել հէնց Հայաստանի վրայ։ Վրաստանի նկատմամբ ԵՄ պաշտօնեաների յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ ռեգիոնի նկատմամբ արեւմտեան ճնշումները մեծանալու են, «կամ-կամ» ընտրութիւնը սուր է դրւած, ոչ մի հարցում ինքնիշխանութիւն, չէզոքութիւն չեն հանդուրժելու։
Աւելին՝ իշխանութիւններին տարանջատում են ժողովրդից՝ դրանով ժողովրդին ոգեւորելով հաւաքների իշխանութեան դէմ։ Մենք տեսանք, թէ ինչպէս էին ողջունում եւ ոգեւորում Թբիլիսիի հանրահաւաքներն իշխանութեան դէմ։ Վրաստանը, օրինակ, չափազանց ուսանելի է Հայաստանի համար, դասերը, որոնք կարող են առնւել, շատ-շատ են։ Վրաստանի օրինակով ԵՄ-ն ցոյց է տալիս երկակի ստանդարտների կլասիկ ու ցայտուն քաղաքականութիւն»,- նման կարծիք յայտնեց Լուկիանովը։
Նա գտնում է, որ այսուհետ Արեւմուտքի այս ընթացքը միայն խորանալու է, աւելի ու աւելի շատ են հնչելու նման յայտարարութիւններ ու սպառնալիքներ։
«Արեւմուտքը որեւէ ինքնուրոյն քայլ չի հանդուրժելու իրեն հաւատարմութեան երդում տւած երկրների կողմից։ Ես, իհարկէ, կարծում եմ, որ Արեւմուտքը կորուստներ է կրելու նման քաղաքականութեան հետեւանքով»,- նկատեց նա: