Հայաստան - Արցախ

Քրիստինէ Վարդանեան. «Ոչ մի երաշխիք չկայ, որ Ադրբեջանը պայմանագրի ստորագրման յաջորդ օրը չի յարձակւի Հայաստանի վրայ»

Այդ առաջարկներում մենք, ի դէմս Ադրբեջանի, չենք տեսել կողմ, որ ուզում է խաղաղութիւն, մենք տեսել ենք կողմ, որ ուզում է վաւերացւած փաստաթղթով ամրապնդել իր ձեռքբերումները: Այս մասին, յունւարի 10-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, ով իր երեք գործընկերների հետ վերջերս ծանօթացել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի շուրջ կողմերի առաջարկներին:

«Եթէ ինձ հարցնեն՝ լաւ, կա՞յ գոնէ մի բան, որ Հայաստանն այդտեղ ձեռք է բերում, ես շատ պատասխանատու կերպով կարող եմ ասել, որ իմ տեսած առաջարկներում ես չեմ կարող առանձնացնել մի կէտ, որով Հայաստանը գրանցում է ձեռքբերում:

Երբ Հիքմէթ Հաջիեւն ասում է, որ Ադրբեջանից Նախիջեւան գնացող բեռնատարները պէտք է չստուգւեն, դա ձեռքբերո՞ւմ է, թէ՝ չէ: Շատ լաւ է, որ ճանապարհները բացւում եւ գործում է այն ռեժիմը, որը գործում է ՀՀ մնացած ճանապարհների վրայ, բայց մենք այդ տարբերա՞կն ենք ունենալու: Ես այդպիսի ազդակ չեմ ստացել»,- ասաց նա:

Վարդանեանը նախ յիշեցրեց, որ Հայաստանը երբեք Ադրբեջանի հետ պատերազմի մէջ չի եղել, ապա շարունակեց. «Գլխաւոր խնդիրները չեն լուծւել: Կարո՞ղ է արդեօք արդար խաղաղութեան պայմանագիր կնքւել մի երկրի հետ, որի տարածքում են գտնւում թշնամական զօրքերը, որի հայ ղեկավարները Բաքւի բանտում են: Այս խնդիրները սկզբից չպէ՞տք է հասցէագրւեն ու լուծւեն թէկուզ նախապայման ադրբեջանական զօրքերը չպէ՞տք է դուրս գան մեր տարածքից, որ մենք կարողանանք խօսել իրաւահաւասար պայմանաւորւածութիւնների մասին»,- ասաց նա:

Քրիստինէ Վարդանեանի խօսքով՝ որեւէ երաշխիք, որ Հայաստանը իր 29 հազար 800 քկմ. տարածքը ամրագրում է, իրենք չեն տեսել. «Փաստաթղթերում նման երաշխիք չկայ:

Յաջորդը, այս պայմանագիրը, որ մեր հանրութեանը վաճառում են որպէս ցեմենտ բետոնով երաշխաւորւած խաղաղութեան պայմանագիր, որեւէ երաշխիք չունի: Մենք որեւէ ձեւով երաշխաւորւած չենք, որ պայմանագրի ստորագրման յաջորդ օրը էլի Ադրբեջանը չի յարձակւի:

Իշխանութիւնն ինքն է խոստովանում, որ 200 քկմ. տարածք Ադրբեջանն օկուպացրել է. հիմա սրանք ուժի սպառնալիքով, զէնքը գլխին դրած բանակցութիւննե՞ր են, թէ՞ ոչ: Ուրեմն պէտք է դա վերացւի, որ աւելի փոխընդունելի մթնոլորտում լինեն բանակցութիւնները»:

«Հայաստանի նորանկախ պատմութեան ամենաթոյլ կէտում Հայաստանին ստիպում են ստորագրել ամենակարեւոր փաստաթղթերից մէկը, դրա համար էլ Ադրբեջանը ցանկանում է բանակցել առանց միջնորդների»,- նշեց Քրիստինէ Վարդանեանը:

«Պէտք չէ դիւանագիտական գուրու լինես հասկանալու համար, որ եթէ թոյլ ես, քեզ պէտք են միջնորդներ, դաշնակիցներ եւ աջակիցներ, որպէսզի դիրքերդ ամրապնդես: Իսկ այսօր ամբողջ բանակցային օրակարգում Ադրբեջանի թելադրանքն է: Բանակցում ենք առանց միջնորդների, դա Ադրբեջանն է ուզում, բանակցում ենք Ադրբեջանի պայմաններով, երբ զօրքերը մեր տարածքում են: Անգամ հումանիտար հարցերը չեն հասցէագրում: Հասել ենք այնտեղ, որ հերոսութիւն ու աննախադէպ յաջողութիւն է ներկայացւում գերիների վերադարձը 3 տարի անց: Մինչդեռ, եթէ խօսում ես խաղաղութեան մասին, այդ հարցերը պէտք է լուծւած լինէին որպէս բարի կամքի դրսեւորում»,- ասաց նա:

Arfd.am

Related Articles

Back to top button