Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բաքւում հայերի դատավարութիւնները չեն համապատասխանում արդար դատաքննութեան պահանջներին

Իրաւաբանների միջազգային յանձնաժողով

Իրաւաբանների միջազգային յանձնաժողովը (International Commission of Jurists) հրապարակել է Ադրբեջանում արդարադատութեան համակարգի խնդիրների վերաբերեալ զեկոյց՝ «Արդարադատութիւնը ճնշման ներքոյ. փաստաբանների անկախութիւնը եւ արդար դատաքննութեան իրաւունքը Ադրբեջանում» թեմայով:

Քննարկելով Ադրբեջանի արդարադատութեան համակարգում առկայ բազմաթիւ խնդիրներն ու խախտումները՝ զեկոյցում մանրամասնօրէն վերլուծւել են Բաքւում դատւող հայերի դէմ իրականացւած դատավարութիւնները՝ միջազգային չափանիշների լոյսի ներքոյ։ «Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտօնեաների դէմ իրականացւող դատավարութիւնները այս մտահոգութիւնները ներկայացնում են իրենց ամենասուր դրսեւորմամբ»,- նշւում է զեկոյցում։

Յստակ արձանագրւում է, որ այդ դատավարութիւնները չեն համապատասխանում մարդու իրաւունքների միջազգային իրաւունքի չափանիշներին։

«Հրապարակային հասանելի աղբիւրների համաձայն՝  հայերի դատավարութիւններն ուղեկցւել են այնպիսի գործելակերպերով, որոնք խախտում են արդար դատաքննութեան հիմնարար երաշխիքները: Դրանք անցկացւել են ռազմական դատարանում՝ առանց որեւէ հիմնաւորման, թէ ինչու քաղաքացիական անձանց նկատմամբ պէտք է կիրառւէր ռազմական իրաւազօրութիւն։

Մեղադրեալները զրկւել են իրենց ընտրած փաստաբանի արդիւնաւէտ օգնութիւնից։ Պետութեան կողմից նշանակւած փաստաբանները չեն արձագանքել վատ վերաբերմունքի այն ապացոյցներին, որոնց անձամբ ականատես են եղել։ Գործի նիւթերը կամ չեն տրամադրւել, կամ տրամադրւել են այնպիսի լեզւով, որը մեղադրեալները չեն հասկացել։ Պաշտպանութեան միջնորդութիւնները համակարգւած կերպով մերժւել են՝ առանց հիմնաւորման, եւ չեն ներառւել դատավարութեան արձանագրութիւններում։

Թարգմանութիւնը եղել է անբաւարար կամ ընդհանրապէս բացակայել է, իսկ հանրային հասանելիութիւնը, այդ թւում՝ հաւատարմագրւած դիւանագիտական ներկայացուցիչների համար, մերժւել է։

Այս համակարգային թերութիւնները ցոյց են տալիս, թէ ինչպէս կարող են գործադիր իշխանութեան ազդեցութիւնը, դատախազութեան վերահսկողութիւնը եւ փաստաբանների անկախութեան սահմանափակումները միասին յանգեցնել այնպիսի դատավարութիւնների, որոնք չեն համապատասխանում արդար դատաքննութեան, կողմերի հաւասարութեան եւ հանրային վերահսկողութեան միջազգային չափանիշներին ու մարդու իրաւունքների պահանջներին։ Ինչպէս վերլուծւում է այս զեկոյցում, այս դատավարութիւնները ոչ թէ առանձին շեղումներ են հաստատւած պրակտիկայից, այլ արտացոլում են աւելի լայն համակարգային խնդիրներ»,-ընդգծւում  է զեկոյցում։

Լրացուցիչ նշւում է նաեւ, որ դատավարութիւնները հիմնականում անցկացւել են փակ դռների յետեւում, թոյլատրւել է միայն պետական լրատւամիջոցների ներկայութիւնը. միջազգային դիտորդներին, օտարերկրեայ լրատւամիջոցներին եւ մեղադրեալների ընտանիքի անդամներին արգելւել է մասնակցել դատական նիստերին.

«Թափանցիկութեան բացակայութեան պայմաններում առկայ տեղեկատւութեան մեծ մասը վերաբերում է Ռուբէն Վարդանեանի առանձին դատավարութեանը։ Վարդանեանը հանրային գործառոյթներ է ստանձնել Լեռնային Ղարաբաղում միայն 2022 թւականի վերջին, սակայն դատախազութիւնը նրան մեղադրանքներ է առաջադրել՝ սկսած 1988 թւականից, չնայած այն փաստին, որ այդ ժամանակ նա Մոսկւայի պետական համալսարանի ուսանող էր։ 1988 թւականին իբր տեղի ունեցած գործողութիւնների համար Վարդանեանի նկատմամբ քրէական հետապնդումը՝ աւելի քան երեք տասնամեակ անց եւ միայն այն բանից յետոյ, երբ նա ստանձնեց հանրային պաշտօն, առաջացնում է հիմնարար մտահոգութիւններ օրինականութեան սկզբունքի տեսանկիւնից։ Այդ ժամանակահատւածում Վարդանեանը որեւէ քաղաքական պաշտօն չէր զբաղեցնում եւ չէր կարող կանխատեսել, որ այդ տարիների ենթադրեալ գործողութիւնները հետագայում կարող են հիմք դառնալ քրէական մեղադրանքների համար՝ քաղաքական գործունէութիւն սկսելուց յետոյ»։

Զեկոյցը մի շարք առաջարկութիւններ է ներկայացրել  Ադրբեջանի գործադիր իշխանութիւններին, դատախազութեանը, դատական իշխանութիւններին եւ խորհրդարանին: Դատական իշխանութիւններին յորդորւում է «Ապահովել, որպէսզի Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտօնեաների գործերով ցանկացած բողոքարկում քննւի ընդհանուր իրաւասութեան քաղաքացիական դատարանի կողմից։ Ապահովել գործի նիւթերի տրամադրումը պաշտպանութեան կողմին մեղադրեալի համար հասկանալի լեզւով եւ ապահովել պաշտպանութեան նախապատրաստման համար բաւարար ժամանակ եւ հնարաւորութիւններ բոլոր դատավարական փուլերում, ներառեալ բողոքարկման ընթացքում»։

Զեկոյցը նաեւ կոչ է անում Եւրոպայի խորհրդին՝ ստանալ մուտք՝ բողոքարկման հնարաւոր դատական նիստերը դիտարկելու նպատակով։

Related Articles

Back to top button