Միջազգային իրաւագէտի ակնարկը. «Բաքւի վզին փաթաթած կեղծ «Թուրքական աշխարհ»-ի խնդիրները»
Էրդողանը Ալիեւի սեղանին է դրել Հիւսիսային Կիպրոսը ճանաչելու պահանջը

«ԱԼԻՔ» – Այն բանից յետոյ, երբ Կենտրոնական Ասիայի մի շարք թուրքալեզու երկրներ դէմ արտայայտւեցին Անկարայի կառավարութեան ծրագրին՝ ճանաչելու Կիպրոսի թուրքական մասը կամ ինքնահռչակ Հիւսիսային Կիպրոսի Հանրապետութիւնը՝ Լեֆկադա մայրաքաղաքով, լրատւամիջոցները յայտնում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը խնդրել է Իլհամ Ալիեւին արագօրէն ճանաչել Կիպրոսի թուրքական մասը որպէս պետութիւն։ Այս պահանջման խնդրանքը տարբեր պատճառներով դժւարին իրավիճակում է դրել Ադրբեջանի Հանրապետութեանը։
Այս թեմային անդրադառնալով Միջազգային իրաւագէտ, համալսարանի դասախօս դոկտ. Ահմադ Քազեմին այս խնդիրը քննարկել եւ ներկայացրել է հետեւեալ հինգ կէտերի ներքոյ.
Նախ, Ադրբեջանի Հանրապետութիւնը Երկրորդ Ղարաբաղեան պատերազմից յետոյ դարձել է Թուրքիայի կիսա-մարզերից մէկը։ Վերջերս Էրդողանը մի անգամ յիշեցրեց, որ Թուրքիան գլխաւոր դեր է խաղացել Երկրորդ Ղարաբաղեան պատերազմում՝ առանց Բաքւի անունը կամ դերը յիշատակելու։ Այս կերպ գնահատւած դերի համար Թուրքիան անվերջանալի գործօնների ու պահանջների ցանկ ունի Բաքւից, իսկ այժմ հերթը՝ ինքնահռչակ Հիւսիսային Կիպրոսի Հանրապետութեան ճանաչման պահանջինն է:
Երկրորդ, Էրդողանը ապրիլի 4-ին Սամարղանդում կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում այսպէս կոչւած «Թուրքական կազմակերպութեան» անդամ պետութիւնների կողմից Հիւսիսային Կիպրոսի ճանաչմանը դէմ արտայայտւելու պատճառով յայտնւել է դժւարին քաղաքական դրութեան մէջ: Նոյնը կարելի է ասել նաեւ Անվտանգութեան խորհրդի բանաձեւերի մասին, այդ թւում՝ Կիպրոսի վերաբերեալ 541 եւ 550 բանաձեւերը յարգելու շեշտադրումից յետոյ։
Վերջին մէկ ամսւայ ընթացքում աննախադէպ արգելքների բախւելով՝ նա ստիպւած կը լինի շտկել Կիպրոսի հարցում իր ձախողումները: Յատկապէս Սամարղանդում Եւրամիութեան հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի կողմից տրւած կոշտ պատասխանից յետոյ թուրքական աշխարհի պատրանքն ու Էրդողանի երեւակայական կայսրութիւնը անգոյն դարձաւ։
Երրորդ, Իլհամ Ալիեւը վերջին տարիներին ցոյց է տւել, որ չի սահմանափակւում Սիոնիստական ռեժիմի եւ Թուրքիայի չափն անցնող պահանջները բաւարարելով, որոնց պատճառով Բաքւի ինքնիշխանութեան մի մասը վարձակալութեան է տրւած եւ Ադրբեջանի Հանրապետութեան ժողովրդի շահերը վաղուց կորել են տարածաշրջանային եւ միջազգային փոխազդեցութիւններում։
Սակայն Հիւսիսային Կիպրոսի ճանաչման հարցում Բաքւի կառավարութիւնը լուրջ մարտահրաւէրների է բախւում հետեւեալ չորս պատճառներով.
1. Պատմական եւ աշխարհաքաղաքական տարբեր պատճառներով Կիպրոսի հարցը համարւում է կարմիր գիծ Մեծ Բրիտանիայի համար, որը Բաքւում յայտնի է որպէս տիրոջ տիրակալ։ Բաքուն այս հարցում անկարող է գործել Լոնդոնի կամքից դուրս։
2. Ինքնահռչակ Հիւսիսային Կիպրոսի Հանրապետութեան կամ Թուրքական Կիպրոսի ճանաչումը, նոյնիսկ դէ ֆակտօ ձեւով, համարւելու է Անվտանգութեան խորհրդի բանաձեւերի եւ միջազգային իրաւունքի անվերապահ նորմերի խախտում։
3. Կիպրոսի «թուրքական» մասի ճանաչումը եւս մէկ անգամ բացայայտելու է Բաքւի չհիմնաւորւած վարքագիծն ու կեցւածքը որոշ երկրների կողմից ընդունելի համարւող ինքնահռչակ Ղարաբաղի Հանրապետութեանը ցուցաբերւող աջակցութեան դէմ բողոքներին։
4. Կիպրոսի հարցում Բաքւի ցանկացած սխալ կարող է վտանգել Ադրբեջանի էներգետիկ յարաբերութիւնները Եւրամիութեան հետ, որը ներկայումս Բաքւի կառավարութեան ամենակարեւոր լծակն է էթնիկ փոքրամասնութիւնների նկատմամբ ճնշումների ու շիա մեծամասնութեան իրաւունքների խախտումների վերաբերեալ մարդու իրաւունքների բողոքները նւազեցնելու համար: Սա, յատկապէս, Եւրամիութիւնում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի ընդունման կողմնակիցների դիրքերն է ամրապնդելու։ Յատկապէս կարեւոր է այն փաստը, որ 2012 թւականի նոյեմբերին Եւրամիութիւնը կտրուկ արձագանքեց Հիւսիսային Կիպրոսի դիտորդի կարգավիճակով անդամակցութեանը այսպէս կոչւած «թուրքալեզու երկրների կազմակերպութիւնում» եւ դատապարտեց այս գործընթացը։
Չորրորդ, Ադրբեջանի Հանրապետութիւնում նման բոլոր մարտահրաւէրների արմատը հասնում է ինքնութեան կեղծման խնդրին։ Իլհամ Ալիեւի իշխանութեան գալուց յետոյ Հէյդար Ալիեւի կողմից հաստատւած եւ սահմանադրութեան մէջ ներառւած «ադրբեջանիզմի» կամ Ադրբեջանի «Չուլուղի» հարցը մի կողմ դրւեց, եւ թուրքիզմի կամ թուրք չուլուղի քաղաքականութիւնը գերակայութիւն ստացաւ՝ համաձայն Բրիտանիայի եւ Թուրքիայի պանթուրքիստական խարդաւանքների։
Հինգերորդ. Մի ժամանակ՝ 1974 թւականին, Սառը պատերազմի գագաթնակէտին, այն ժամանակւայ Թուրքիայի վարչապետ Բուլենթ Էջեւիթը, որը յայտնի էր որպէս Քարա Օղլան, Կիպրոսը զաւթելուց յետոյ ժողովրդականութիւն ձեռք բերեց թուրք ժողովրդի մի մասի շրջանում։ Էրդողանը ձգտում է նման ժողովրդականութեան։ Իհարկէ, Հիւսիսային Կիպրոսի թուրքական մասի վերաբերեալ Թուրքիայի Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան քաղաքականութիւնը տատանումներով է վերաբերւում այս հարցին: Վերջին տարիներին Էրդողանը ֆինանսական օգնութեան փաթեթ տրամադրեց Հիւսիսային Կիպրոսին, միեւնոյն ժամանակ Նրա օդանաւակայանը յայտարարեց թուրքական, իսկ դէպի Հիւսիսային Կիպրոս չւերթները՝ ներքին չւերթների մաս համարեց։ 2021 թւականին Անկարան կոպտօրէն խախտելով Անվտանգութեան խորհրդի 1984 եւ 1992 թւականների բանաձեւերը, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի «Կանաչ գիծը», շփման գծում գտնւող Վարուշայի տարածքի 3.5 քառակուսի կիլոմետրը ռազմականից վերածեց քաղաքացիականի, ինչն անմիջապէս, Մեծ Բրիտանիայի նախաձեռնութեամբ, դատապարտւեց Անվտանգութեան խորհրդի կողմից։ Էրդողանի փորձը՝ ճանաչելու ինքնահռչակ Հիւսիսային Կիպրոսի Հանրապետութիւնը, նոյն նկրտումների շարունակութիւնը պիտի համարել: