Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցութիւնների չորրորդ փուլ. Արաղչին յայտարարել է «որոշակի առաջընթացի» մասին

«ԱԼԻՔ» – Երէկ՝ մայիսի 11-ին, Օմանի մայրաքաղաք Մասկատում կայացել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ Օմանի միջնորդութեամբ բանակցութիւնների չորրորդ փուլը:
ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին բանակցութիւնների չորրորդ փուլից յետոյ յայտարարել է, բանակցային գործընթացում «որոշակի առաջընթացի» մասին՝ նշելով, որ որոշ հարցերի շուրջ աւելի լաւ փոխըմբռնում է ձեռք բերւել:
Նա եւս մէկ անգամ ընդգծել է, որ ուրանի հարստացման հնարաւորութիւնը քննարկման ենթակայ չէ:
«Մեր կարծիքով, ուրանի հարստացումը պէտք է շարունակւի: Այս հարցում փոխզիջում չկայ։ Սակայն մենք կարող ենք ընդունել սահմանափակումներ դրա չափի, արագութեան, ծաւալի եւ մակարդակի վերաբերեալ որոշակի ժամանակահատւածի համար՝ վստահութիւնն ամրապնդելու նպատակով։ Բայց ուրանի հարստացումն, ըստ էութեան, բանակցութիւնների առարկայ չէ»,- յստակեցրել է մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:
Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի նկատմամբ կոշտ եւ անարդար պատժամիջոցների չեղարկմանը, Արաղչին ասել է, որ Իրանը բանակցութիւններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների չեղարկմանը հասնելու համար՝ իր միջուկային ծրագրի վրայ սահմանափակումներ ընդունելու դիմաց։
«Պատժամիջոցների չեղարկումը բանակցութիւնների հիմքերից մէկն է, եւ սա այն է, ինչի հետ համաձայն են երկու կողմերն էլ։ Ինչպէս արդէն ասացի, չլուծւած հարցերի վերաբերեալ այժմ մենք աւելի մօտ ենք միմեանց»,- ասել է նա։