Այլ

Գիտնականներն առաջին անգամ պարզել են քաղցրի նկատմամբ տենչի համար պատասխանատու ընկալիչի կառուցւածքը

Ինչո՞ւ է քաղցրն այդքան հաճելի, եւ ինչո՞ւ ենք մենք այն այդքան ուժգին տենչում։ Գիտնականները, հաւանաբար, վերջապէս ստացել են պատասխանը։

Գիտնականներն առաջին անգամ պարզել են քաղցրի ընկալիչի կառուցւածքը՝ լեզւի փոքրիկ հատւածը, որն ուղեղին հաղորդում է, թէ ինչ-որ բան քաղցր համ ունի։ Հետազօտութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են Cell ամսագրում, կարող է օգնել սննդի ընկերութիւններին արտադրել քաղցր մթերքներ՝ շաքարի աւելի քիչ պարունակութեամբ։

«Բացայայտելով քաղցրի ընկալիչի կառուցւածքը՝ մենք գիտելիք ենք ստանում մոլեկուլային մեխանիզմների մասին, որոնք կառավարում են, թէ ինչպէս ենք մենք զգում քաղցրութիւնը, եւ այն մասին, թէ ինչպէս մէկ ընկալիչը կարող է ճանաչել քաղցր համ ունեցող մոլեկուլների այդքան լայն շրջանակ»,- ասել է հետազօտութեան համահեղինակ Չժան Ցզիւէնը։

2001 թւականին գիտնականները յայտնաբերել են գէներ, որոնք վերահսկում են քաղցրի ընկալիչը։ Այժմ նրանք պարզել են, թէ ինչպիսի տեսք այն ունի եւ ինչպէս է աշխատում։ Այս տեղեկատւութիւնն ունենալով՝ սննդի ընկերութիւնները, հաւանաբար, այլեւս արհեստական քաղցրացուցիչների կարիք չեն ունենայ։

Փոխարէնը նրանք կարող են օգտագործել աւելի քիչ շաքար եւ աւելացնել բաղադրիչներ, որոնք ուժեղացնում են քաղցրի ընկալիչների աշխատանքը։ Սա նշանակում է, որ մարդիկ կը կարողանան վայելել նոյն քաղցր համը, բայց աւելի քիչ կալորիա ստանալ։

«Այս յայտնագործութիւնը հսկայական օգուտ կը բերի քաղցրի նկատմամբ մեր ուժեղ պահանջի դէմ պայքարում եւ թոյլ կը տայ մշակել քաղցրի ընկալիչների ռացիոնալ մոդուլիատորներ, որոնք, իրենց հերթին, կարող են օգնել նւազեցնել ճարպակալման, շաքարախտի եւ սիրտ-անօթային հիւանդութիւնների տարածւածութիւնը»,- պարզաբանել է Ցզիւէնը։

Վերջին 20 տարւայ ընթացքում լաբորատորիան ուսումնասիրել է, թէ ինչպէս է աշխատում համը՝ լեզւից մինչեւ ուղեղ։ Նրանք նաեւ ուսումնասիրել են, թէ ինչպէս է ուղեղը վերահսկում քաղցի զգացումը եւ սննդի նկատմամբ տենչը։ Գիտնականների թիմի նախորդ հետազօտութիւններից մէկը ցոյց է տւել, որ թափառող նեարդը, որը միացնում է աղիքներն ու ուղեղը, մեծ դեր է խաղում այն հարցում, թէ ինչու ենք մենք տենչ զգում ճարպի եւ շաքարի հանդէպ։

news.am

Related Articles

Back to top button