ՄիջազգայինՔաղաքական

Ի՞նչ է կանգնած Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ զինւած հակամարտութեան հերթական բռնկման հետեւում

Բրիտանական գաղութատիրութեան ժառանգութիւնն իրեն զգացնել է տալիս

ՕԼԵԳ ՍԵՐԳԷԵՒ

 

Մայիսի 6-ի լոյս 7-ի գիշերը Հնդկաստանը եւ Պակիստանը հրթիռային հարւածներ են փոխանակել: Հնդկաստանը յայտարարել է «Սինդուր» գործողութեան մեկնարկի մասին, որն ուղղւած է Պակիստանում «ահաբեկչական ենթակառուցւածքի» դէմ:

Reuters-ի տեղեկութիւններով՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը գրոհել են 9 օբիեկտ։ CNN-ը, վկայակոչելով Նիւ Դելիին, յայտնում է, որ հրթիռային հարւածներ են հասցւել՝ ինչպէս Պակիստանի, այնպէս էլ՝ Քաշմիրի վիճելի շրջանի «ահաբեկչական ենթակառուցւածքի» ուղղութեամբ։

«Այս քայլերը ձեռնարկւել են Պահալգամում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչութիւնից յետոյ, որի հետեւանքով սպանւել է 25 հնդիկ եւ Նեպալի մէկ քաղաքացի»,- յայտնել են Հնդկաստանի պաշտպանութեան նախարարութիւնից: Խօսքը Քաշմիր նահանգի հնդկական հատւածում զբօսաշրջային խմբի վրայ յարձակման մասին է, որը տեղի է ունեցել ապրիլի 22-ին:

Ահաբեկչութեան պատասխանատւութիւնը ստանձնել է «դիմադրութեան ճակատ» խմբաւորումը՝ «լաշքար-ի-թայբայի» ճիւղերից։ Դա վիճելի տարածաշրջանում խաղաղ բնակիչների դէմ ամենամեծ յարձակումներից մէկն էր։ Հնդկաստանն անմիջապէս մեղադրեց Պակիստանին «սահմանային ահաբեկչութեանն» աջակցելու մէջ։

Ապրիլի 23-ին նրա իշխանութիւնները յայտարարեցին ահաբեկչական յարձակմանն ի պատասխան՝ մի շարք միջոցառումների մասին.

1. Միակ բաց սահմանային անցակէտի՝ Աթթարի-Վագայի փակումը։

2. 1960 թւականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի կասեցում, որը կարգաւորում էր ջրային ռեսուրսների բաշխումը երկրների միջեւ։

3. Դիւանագիտական յարաբերութիւնների մակարդակի իջեցում. պակիստանցի ռազմական խորհրդականների արտաքսում Նիւ Դելիից։

4. SAARC վիզաներով Պակիստանի քաղաքացիների մուտքի արգելք, գործող վիզաների չեղակում՝ Հնդկաստանը 48 ժամւայ ընթացքում լքելու պահանջով։

Ի պատասխան՝ Պակիստանը յայտարարել է իր զինւած ուժերը լիարժէք մարտական պատրաստութեան բերելու մասին, փակել է օդային տարածքը հնդկական բոլոր աւիաընկերութիւնների համար եւ Հնդկաստանի քաղաքացիներից պահանջել լքել երկիրը: Իսլամաբադը նաեւ արձագանքել է Ինդոսի ջրերի մասին պայմանագրի դադարեցմանը՝ ասելով՝ Հնդկաստանի ցանկացած միջամտութիւն ջրամատակարարմանը կը դիտարկւի՝ որպէս «պատերազմի ակտ», որին կը հետեւի «լիարժէք պատասխան»:

Ջամու եւ Քաշմիր շրջանում սկսւել են հնդիկ եւ պակիստանցի զինծառայողների բախումները։ Կան առաջին զոհերը։ Այդ պահից եւ գրեթէ երկու շաբաթւայ ընթացքում երկարատեւ հակամարտութեան նոր փուլը սկսեց ակտիւօրէն զարգանալ՝ սպառնալով վերաճել մեծ պատերազմի՝ Իսլամաբադի դաշնակից Չինաստանի ներգրաւմամբ։

«Սինդուր» գործողութեան շրջանակներում մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հարւածներ է հասցրել Իսլամաբադի վերահսկողութեան տակ գտնւող Քաշմիրի հատւածում՝ Բահաւալպուրում, Կոտլիում, Սիալկոտում, Մուրիդքում, Մուզաֆարաբադում եւ այլ բնակավայրերում գտնւող «ահաբեկչական ճամբարներին»:

Hindustan Times-ի տեղեկութիւններով՝ ճամբարների մի մասում են գտնւում «Ջաիշ-է-Մուհամմադ» եւ «լաշքար-ի-թայբա» իսլամիստական ահաբեկչական խմբաւորումների շտաբներն ու ուսումնական կենտրոնները: Նարովա շրջանի ճամբարներից մէկը ծառայում է՝ որպէս ԱԹՍ-ների բազա, որոնց օգնութեամբ, ըստ պարբերականի, Հնդկաստանի տարածքում զէնք, զինամթերք եւ թմրանիւթեր են նետել: Նիւ Դելիում ընդգծել են՝ պակիստանեան ոչ մի ռազմական օբիեկտ յարձակման չի ենթարկւել, եւ, որ գործողութիւններն էսկալացիոն բնոյթ չեն կրել: Պակիստանը նոյնպէս մի շարք հարւածներ է հասցրել Հնդկաստանի տարածքին եւ միաժամանակ յայտարարել հնդկական հարւածների հետեւանքով 26 սպանւած քաղաքացիական անձանց եւ 46 վիրաւորների մասին: Նշւում է նաեւ երկու մզկիթների եւ էլեկտրակայանի վնասման մասին։ Հնդկաստանի ոստիկանութիւնն իր հերթին յայտնել է՝ Պակիստանի հարւածների հետեւանքով զոհւել է՝ 10, վիրաւորւել՝ 48 մարդ: Բացի այդ, Հնդկաստանի ուժայինները յայտարարել են, որ ոչնչացրել են 70 ահաբեկչի։ Մայիսի 7-ի առաւօտեան ԶԼՄ-ներում, վկայակոչելով Պակիստանի անվտանգութեան ոլորտի աղբիւրներին, տեղեկութիւններ են յայտնւել հնդկական ռազմաօդային ուժերի երեք ինքնաթիռների ոչնչացման մասին՝ երկու Rafale եւ մէկ Mirage 2000 (հնդիկները ճանաչել են դրանց կորուստը), երկու անօդաչու թռչող սարք, բրիգադի շտաբ, աւիաբազա եւ անցակէտ:

Քաշմիրի ահաբեկչութիւնները, ինչպիսին ներկայիս առճակատման տրիգերն է, կանոնաւոր են դիտարկւող տարածաշրջանի համար, սակայն պատերազմը չի համապատասխանում Հնդկաստանի, Պակիստանի, Չինաստանի ազգային շահերին։ Միեւնոյն ժամանակ, նման ահաբեկչական գործողութիւնն ուրիշի դրօշի ներքոյ ձեռնտու է անգլոսաքսերին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին, որը կը ցանկանար շրջապատել ՉԺՀ-ն ճակատային օղակով եւ ակտիւօրէն զբաղւում է հնդկացիների եւ պակիստանցիների՝ միմեանց դէմ լարմամբ (Վաշինգտոնը դեռ փետրւարին վերսկսել է Պակիստանեան F-16-ների համար բաղադրիչների մատակարարումը, ընդ որում՝ Հնդկաստանին առաջարկւել է պատւիրել F-35 կամ յաջորդ սերնդի F-47 կործանիչ եւ աւելի շատ ամերիկեան զէնք գնել)։

Նշանակալից պահ. Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հակամարտութիւնը սկսւեց ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսի Նիւ Դելի կատարած չորսօրեայ այցի ժամանակ։ Ըստ էութեան, նա տւեց վերահսկւող հիբրիդային պատերազմի մեկնարկը, որը անգլոսաքսերը կարող են կառավարել «մեծ Աֆղանստանի» ձեւաւորման նշանառութեամբ, որն ուղղւած է առաջին հերթին՝ Չինաստանի, ինչպէս նաեւ՝ Ռուսաստանի դէմ։ Դրա օգտին է խօսում նաեւ անգլոսաքսերի կողմից աջակցւող իսլամիստների կտրուկ ակտիւացումը։

Օրինակ՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հրթիռային հարւածներից բառացիօրէն մի քանի ժամ առաջ լրատւամիջոցներում տեղեկատւութիւն յայտնւեց, որ, այսպէս կոչւած, Բելուջիստանի ազատագրական բանակը (ԲԱԲ) վերահսկողութիւն է հաստատել Պակիստանի Մանգոշեր քաղաքի նկատմամբ։ Չհաստատւած հաղորդագրութիւնների համաձայն՝ գրաււել են Պակիստանին պատկանող ռազմական օբիեկտներ եւ կառավարական գործակալութիւններին պատկանող վարչական շէնքեր։ Տարածաշրջան ուղարկւած համալրումները դարանակալւել էին բելուջական զինեալների կողմից, որոնք վերահսկողութիւն էին հաստատել Պակիստանի գլխաւոր N-25 մայրուղու վրայ, որը կապում է Քւետան եւ Կարաչինը։ ԲԱԲ-ի կողմից գրաււել են նաեւ Մանգոչեր տանող Ռահիմաբադի, Գարիի եւ Խազինայի անցակէտերը։

Դրանից մի քանի օր առաջ՝ ապրիլի վերջին, օգտւելով Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ արդէն ընթացող ռազմական բախումներից, վերջինիս տարածք փորձեցին ներխուժել Աֆղանստանից ժամանած իսլամիստները։ Դրանք ոչնչացւել են պակիստանցի սահմանապահների կողմից՝ FPV-դրոնների ակտիւ կիրառման շնորհիւ։ Սպանւածների մարմինները յատուկ դրել են սահմանի մօտ, որպէսզի նրանց համախոհներին ու տիկնիկավարներին ցոյց տան, թէ ինչի են հանգեցնում նման յարձակումները։

Արեւելեան Ասիայի համար որոշակի ապակայունացնող դեր է խաղում նաեւ Մերձաւոր Արեւելքում պատերազմի գործօնը, որն արեւմտեան լրատւամիջոցների գրագէտ աշխատանքի շնորհիւ հրահրեց բողոքի ցոյցերի վերսկսումը մուսուլմանական մեծամասնութիւն ունեցող միակ հնդկական տարածաշրջանում։ Բառացիօրէն «Սինդուր» գործողութեան մեկնարկի նախօրէին, Սրինագար քաղաքում, որը Ջամու եւ Քաշմիր նահանգի մայրաքաղաքն է, տեղի է ունեցել տեղի ուժային կառոյցների ղեկավարների նիստը, որտեղ քննարկւել են բողոքի ակցիաների կանխմանն ուղղւած քայլերը: Նշւել է՝ նահանգի բնակիչներն ուշադիր հետեւում են Գազայի հատւածի շուրջ ստեղծւած իրավիճակին եւ «ցանկացած էսկալացիա կարող է մարդկանց փողոց դուրս գալու պատճառ դառնալ»:

Աֆղանստանի եւ նրան սահմանակից շրջանների ապակայունացման ճարտարապետներից մէկը՝ Զ. Բժեզինսկին, դեռեւս 2010-ականների սկզբին յայտարարել էր՝ Արեւելեան Ասիայում անխուսափելի է մինչեւ 2 միլիարդ մարդու մահով միջուկային պատերազմը. այնքան կրիտիկական է 20-րդ դարի երկրորդ կէսին անգլոսաքսերի կողմից ձեւաւորւած իրավիճակը Պակիստան-Հնդկաստան-Չինաստան եռանկիւնում։ 1947-ից եւ բրիտանական գաղութարարների տարածաշրջանից պաշտօնապէս հեռանալուց յետոյ Հնդկաստանը, Պակիստանը եւ Չինաստանը վերահսկում են Քաշմիրի ճգնաժամային շրջանի (Հինդուստան թերակղզու հիւսիս-արեւմուտք) տարածքի համապատասխանաբար 45%, 35% եւ 20% տոկոսը:

Հէնց անգլոսաքսերի կողմից դրւած «ականները»՝ Քաշմիրի պատկանելութեան մասին վէճերի տեսքով, հանգեցրին մի շարք պատերազմների Հնդկաստանի եւ Պակիստանի, ինչպէս նաեւ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ։ Այսօր իւրաքանչիւր երկիր ազդեցութեան եւ վերահսկողութեան գօտիները տեսնում է իւրովի, մինչդեռ Չինաստանի, Հնդկաստանի եւ Պակիստանի զինւած ուժերը միասին ունեն աւելի քան 3 միլիոն զինծառայող, 2000 կործանիչ, 13000 հրետանային միաւոր եւ 14000 տանկ։ Բացի այդ, այս բոլոր երկրներն ունեն միջուկային մարտագլխիկներ՝ համապատասխանաբար՝ մօտ 600, 170 եւ 164:

Պակիստանի պաշտպանութեան նախարար Ասիֆն արդէն յայտարարութիւն է արել, որ եթէ Հնդկաստանը համարձակւի յարձակւել Պակիստանի վրայ, եւ նրա գոյութիւնը վտանգի ենթարկւի, «աշխարհում ոչ ոք չի գոյատեւի»: Սակայն հնդիկ պաշտօնեաները մայիսի 7-ի գիշերը ճեպազրոյցում յայտնել են՝ առայժմ որեւէ յայտարարութիւն չեն անի, քանի որ «իրավիճակը շարունակում է զարգանալ»: Դրա շնորհիւ Հնդկաստանի եւ Պակիստանի դիմակայութիւնը դեռեւս դուրս չի գալիս նախորդ նմանատիպ հակամարտութիւնների շրջանակներից եւ միջուկային զէնքի կիրառման մասին խօսք չի գնում։ Բացի այդ, հակամարտութեան տեղանքը գտնւում է լեռնային տարածքում, որտեղ միջուկային զէնքն արդիւնաւէտութեան առումով գրեթէ անհեռանկարային է, քանի որ դրա վնասակար գործօններն իրականում չէզոքացւում են աշխարհագրութեամբ։

Արտաքին շահագրգիռ կողմերի տեսանկիւնից Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ էսկալացիան կարող է նպատակ ունենալ բարենպաստ եւ շահաւէտ ազդեցութիւն ունենալ ամերիկացիների համար (արագացնելով-ճիշտ ուղղութեամբ մղելով) Նիւ Դելիի հետ Թրամփի վարչակազմի ներկայիս բանակցութիւնների հետագայ ընթացքի, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային հարցերի շուրջ ԱՄՆ-ի բանակցութիւնների վրայ, որոնք կը սկսւեն մօտ ապագայում:

Թրամփիստների գործողութիւններից եւ յայտարարութիւններից ելնելով՝ Հնդկաստանի հետ առեւտրային գործարքի շրջանակներում բանակցութիւնները չպէտք է հետաձգւեն: Ընդհակառակը, դրանք պէտք է խթանեն Չինաստանից արտադրութիւնների հնարաւորինս արագ տեղափոխումը Հնդկաստան եւ Հնդկաստանի կողմից ամերիկեան ապրանքների (ներառեալ՝ նաւթի) գնումը, որոնք առայժմ մնում են բաւականին ցածր մակարդակի վրայ։ Բացի այդ, ԱՄՆ-ը դեռեւս մեծ առեւտրային դեֆիցիտ ունի Հնդկաստանի հետ։

Միեւնոյն ժամանակ, բացի Թրամփից եւ նրա թիմից, տարածաշրջանում իրենց խաղը վարում են բրիտանացիները, ձախակողմեան գլոբալիստները եւ եւրոպական էլիտաների մի մասը, որոնք բոլորովին այլ տեսլական ունեն ապագայի եւ աշխարհի, եւ հէնց ԱՄՆ-ի վերաբերեալ: Եւ որոնց համար գաղտնիք չէ՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ երկարատեւ պատերազմը սպառնում է Ուկրաինայի ներկայիս ռեժիմին, քանի որ Պակիստանը՝ իր գործարանների միջոցով (ներառեալ՝ չինական սարքաւորումներով) եւ Չեխիայի միջնորդութեամբ, ներկայումս հանդիսանում է Ուկրաինայի զինւած ուժերի հրետանային արկերի հիմնական մատակարարը եւ սլաւոնական արիւնահեղութեան շարունակութիւնը:

Թարգմանութիւնը՝ ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

Աղբիւրը՝ Fondsk.ru

Related Articles

Back to top button