Հայաստան - ԱրցախՔաղաքական

Խաչատուր Ստեփանեան. «Փաշինեանը պատւէր է կատարում՝ Ցեղասպանութեան պատասխանատւութիւնը մեր ժողովրդի վրայ դնելով»

«ԱԼԻՔ» – «Եթէ Նիկոլ Փաշինեանը չգիտի թէ ինչու է կամ ինչպէս է տեղի ունեցել Հայոց Ցեղասպանութիւնը, ապա պէտք է պարզապէս կարդայ, այստեղ որեւէ հարց չկայ ապացուցելու, Հայոց Ցեղասպանութիւնը իրողութիւն է ու դա ապացուցող բազմաթիւ փաստեր կան»։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանեանն՝ անդրադառնալով շւէյցարահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, թէ պէտք է վերադառնանք Հայոց Ցեղասպանութեանը, հասկանանք, ինչ է տեղի ունեցել, ինչպէս է տեղի ունեցել ու ում միջոցով ենք դա ընկալել։

Պատմաբանն ընդգծել է, որ այս իրողութիւնն ապացուցող փաստերից մէկն էլ հէնց թուրքական դատարանի 1915 թ.-ին Հայոց Ցեղապանութեան կազմակերպիչների եւ իրագործողների նկատմամբ հեռակայ կարգով կայացրած դատավճիռն էր։

«Սրանք փաստեր են, որոնց պարտաւոր էր տիրապետել ցեղապանութիւն վերապրած ժողովրդի պետութիւնը ներկայացնող ղեկավարը, քաղաքական գործիչը։

Իսկ եթէ նա այլ նպատակ է հետապնդում ու արհեստականօրէն օրակարգ է ուզում բերել ինչ-ինչ հարցեր, ապա սա արդէն շատ աւելի վտանգաւոր է։ Ինձ համար զարմանալի է, որ նա նման միտք արտայայտել է ցեղասպանութիւնը վերապրած մարդկանց ժառանգների մօտ ու նրանք դրան չեն արձագանել»,-ասել է Ստեփանեանը։

Հարցին, թէ ինչ խնդիր է լուծում Փաշինեանը՝ փորձելով զոհի վրայ պատասխանատւութիւն դնել՝ նա պատասխանել է, որ ոչ այնքան Փաշինեանն է փորձում խնդիր լուծել, որքան նրա պատւիրատուները:

 «Փաշինեանը պատւէր է կատարում՝ Ցեղասպանութեան պատասխանատւութիւնը մեր ժողովրդի վրայ դնելով, թէ իբր՝ ցեղասպան թուրքը մեղաւոր չի, այլ ցեղասպանւած հայն է մեղաւոր, որ իրեն ցեղասպանել են։

Ինչ մնում է նրան, թէ ինչու եւ ով որոշեց Հայոց Ցեղասպանութեան հարցն օրակարգ բերել, այստեղ էլ կարծում եմ, որոշակի տգիտութեան հարց կայ, քանի որ հայկական սփիւռքում հարցը միշտ էլ օրակարգում է եղել։ Ինչ մնում է Խորհրդային Միութեան տարածքում հարցի բարձրացմանը, ապա Խորհրդային Հայաստանում այն պարզ պատճառով տարիներ ի վեր չէր արծարծւում այդ հարցը, քանի որ Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների տարիներին այդ հարցը հնարաւոր չէր բարձրաձայնել ու բացայայտ խօսելը, իսկ յետոյ խօսել են, որովհետեւ որոշակի մեղմացում է եղել «խրուշչովեան ձնհալը» նկատի ունեմ։ Մեր ժողովուրդն այդ առիթն օգտագործել է նախեւառաջ ցեղասպանութեան հարցը բարձրացնելու համար։ Ընդորում, Ցեղասպանութեան ու Արեւմտեան Հայաստանի հողերի հարցը բարձրացւել է նաեւ մեր խորհրդային իշխանութիւնների կողմից 1948 թ.-ին՝ պատերազմի աւարտից յետոյ։ Եթէ հարցն այն է, որ ռուսներն են իրենց շահերից ելնելով հարցն օրակարգ բերել, ապա յետոյ ի՞նչ, դուք էլ այդ հարցն օգտագործէք ձեր շահերից ելնելով»,- յայտնել է պատմաբանը:

Դիտարկմանը, թէ Փաշինեանը վստահ է, որ այդ հարցերը բարձրացնելով, Արարատի մասին խօսելով մենք մեզ հարւածի տակ ենք դնում, թիրախ ենք դառնում, աւելին, ոչ ոք մեզ զէնք չի տայ այդ դէպքում՝ Խաչատուր Ստեփանեանը հակադարձել է. «Բա մինչեւ հիմա ոնց էին տալիս։ Այդպէս չէ, որ երբ դուք հրաժարւում էք պահանջատիրութիւնից՝ քեզ չեն ցեղասպանում, ասորիների, օրինակը դրա վկայութիւնն է։ Ասորիներն ի՞նչ էին պահանջում, որ նրանց թուրքերը ցեղասպանեցին, ոչինչ։ Հետեւապէս այս պնդումը եւս սխալ է ու որեւէ քննադատութեան չի դիմանում։ Փաշինեանը պարզապէս զբաղւած է թուրքական օրակարգ սպասարկելով։ Որեւէ այլ դիսկուրս այստեղ չկայ»։

Related Articles

Back to top button