Ադրբեջանական թանգարան, մզկիթ եւ հրապարակ Շուշիում՝ Հայոց Ցեղասպանութեան աւերւած յուշարձանի տարածքում
«ԱԼԻՔ» – Բռնազաւթւած Շուշիում, հայոց Ցեղասպանութեան աւերւած յուշարձանի տարածքում, Ադրբեջանը հրապարակ է կառուցել: Նախատեսւում է կառուցել նաեւ մզկիթ եւ թանգարան: Այս մասին տեղեկացնում է Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը:
«Սոյն թւականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, այցելելով Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող Շուշի, ներկայ է գտնւել «Դրօշի հրապարակի» բացմանը, որը կառուցւել է դեռեւս 2021 թւականին՝ Ադրբեջանի կողմից ոչնչացւած Հայոց Ցեղասպանութեան զոհերին նւիրւած յուշակոթողի վայրում։ Համաձայն ադրբեջանական լրատւականների տարածած տեղեկատւութեան՝ «Դրօշի հրապարակի» մօտ կառուցւելու է նաեւ «յաղթանակի թանգարանը»՝ նւիրւած 44-օրեայ պատերազմում Ադրբեջանի տարած յաղթանակին: Նշենք, որ այստեղ է կառուցւում նաեւ Ադրբեջանի «յաղթանակը» մատնանշող Շուշիի նոր մզկիթը, որի հիմնարկէքը կատարւել էր դեռեւս 2021 թւականի մայիսին Ադրբեջանի նախագահի կողմից:
44-օրեայ պատերազմից յետոյ ադրբեջանական կողմը Շուշիի քաղաքի գրաւմանը տալիս է առանձնայատուկ տեղ՝ որպէս «Ղարաբաղի ազատագրման համար պատերազմում տարած յաղթանակի խորհրդանիշ»: Ուստի Շուշի քաղաքի բարձրադիր կէտում կառուցւելիք այս երեք համալիրներին տրւում է առանձնայատուկ նշանակութիւն: Այս երեք կառոյցները՝ յատկապէս մզկիթը եւ թանգարանը իրենց մէջ խորհրդանշում են հայկական Արցախի ոչնչացումը, հայութեան էթնիկ զտումները»,- գրել է կայքը: