National Interest. «Ադրբեջանը պէտք է դառնայ ԱՄՆ-ի կարեւոր օղակը Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ առճակատման մէջ»

«ԱԼԻՔ» – «Վաշինգտոնեան համաձայնագրի» իրականացման ճանապարհին առաջին փորձութիւններից մէկը կը դառնայ Հայաստանի Սիւնիքի մարզով անցնող տրանսպորտային միջանցքի՝ «Միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման Թրամփի ուղու» (TRIPP) իրականացման արագութիւնը: Դրա մասին գրել է ամերիկեան The National Interest հրատարակութիւնը։
«Բացի դրանից, Վրաստանը՝ ժամանակին տարածաշրջանում Վաշինգտոնի սիրելին, «Վրացական երազանքի» կառավարութեան օրօք մտերմացել է Մոսկւայի հետ, ինչն այժմեան Միջին միջանցքի երթուղին աւելի խոցելի է դարձնում ռուսամէտ ազդեցութեան համար։
Ի տարբերութիւն դրա, Հայաստանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի օրօք, իրական քայլեր է ձեռնարկել Ռուսաստանից հեռանալու համար, մասնաւորապէս՝ կասեցնելով ՀԱՊԿ-ում ակտիւ մասնակցութիւնը, ամրապնդելով կապերը ԱՄՆ-ի եւ Եւրամիութեան հետ եւ ռուս սահմանապահներին դուրս բերելով «Զւարթնոց» օդանաւակայանից։ Տարածաշրջանային փորձագէտները Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների վերջին ուշացումները, որոնք ազդում են ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Ադրբեջանի վրայ, վերագրում են Ռուսաստանի ճնշմանը։ Եթէ սա ճիշտ է, ապա Վլադիմիր Պուտինը լիազօրութիւններ ունի սահմանափակելու Միջին միջանցքով տարանցումը։ Որքան շուտ կառուցւի TRIPP-ը, այնքան շուտ տարածաշրջանը կը կարողանայ տարանցիկ ուղի ապահովել Մոսկւայի հասանելիութիւնից դուրս։
Իրանը TRIPP նախագծի ամենամոլի հակառակորդն է։ Գերագոյն առաջնորդի աւագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախագիծն ազգային անվտանգութեան սպառնալիք է անւանել։ Թեհրանի մտահոգութիւնները հասկանալի են. ԱՄՆ-ի կողմից աջակցւող միջանցքն Իրանի եւ Հայաստանի սահմանը փաստացի կը դնի Արեւմուտքի վերահսկողութեան տակ։
Միեւնոյն ժամանակ, Իրանի կառավարութիւնը դժւարութիւններ է ունենում՝ անցեալ տարւայ յունիսին իսրայէլա-ամերիկեան համատեղ հարւածներից, ջրային ճգնաժամից եւ տնտեսական անկումից յետոյ։ Վաշինգտոնն այժմ պէտք է Իսրայէլի եւ Ադրբեջանի հետ լուռ համակարգումից անցնի աւելի բաց ռազմավարական երկխօսութեան՝ նման Աբրահամի համաձայնագրերից յետոյ ստեղծւած աշխատանքային խմբերին, որոնք Կասպից ծովի ափը դիտարկում են որպէս Պարսից ծոցում եւ Կարմիր ծովում Իրանին հակազդելու աւելի լայն ծրագրի մաս։
Կենտրոնական Ասիա տանող ցանկացած կայուն առեւտրային ուղի, որը շրջանցում է Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը, պէտք է անցնի Ադրբեջանի միջով, ինչը Բաքուն դարձնում է կենտրոնական հասանելիութեան կէտ Կենտրոնական Ասիայի հանքային հարստութեանը եւ պաշտպանիչ միջոց Չինաստանի հազւագիւտ մետաղների գերիշխանութեան դէմ։ Միացեալ Նահանգներն առաջւայ պէս գրեթէ 70%-ով կախւած է Չինաստանից հազւագիւտ մետաղների մատակարարման առումով. ռազմավարական խոցելիութիւն, որը Պեկինն արդէն երկու անգամ շահարկել է այս տարի՝ ընդգծելով դիւերսիֆիկացման անհրաժեշտութիւնը։ Այս իրականութիւնը պէտք է Բաքւին վերածի ոչ այնքան ծայրամասային գործընկերոջ, որքան ԱՄՆ-ի վրայ կենտրոնացած տրանսպորտային ենթակառուցւածքների զարգացման ռազմավարութեան կենտրոնական հասանելիութեան կէտի»,- գրում է պարբերականը։



