Յակոբ Բադալեան. «Ի՞նչը կարող էր լինել Ալիեւի՝ չմեկնելու իրական պատճառը. դարձեալ ինչ որ բանով խռովա՞ծ է Պուտինից»

«ԱԼԻՔ» – Քաղաքական վերլուծաբան Յակոբ Բադալեանը թելեգրամեան իր ալիքում անդրադարձել է ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովին Իլհամ Ալիեւի բացակայութեանը:
Նա մասնաւորապէս գրել է.
«Իլհամ Ալիեւը չի մեկնել Սանկտ Պետերբուրգ, պաշտօնական բացատրութեան համաձայն՝ զբաղւածութեան պատճառով:
Իսկ ի՞նչը կարող էր լինել Ալիեւի՝ չմեկնելու իրական պատճառը: Դարձեալ ինչ որ բանով խռովա՞ծ է Պուտինից: Թւում է, որ ընդամէնը երկու ամիս առաջ՝ հոկտեմբերին, նրանք յաղթահարեցին մօտ տասնամսեայ լարւածութիւնը, հանդիպելով Դուշանբէում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, ունենալով նկատելի ջերմ զրոյց:
Ի՞նչ նոր «սեւ կատու» է անցել նրանց միջով, որ Ալիեւը հրաժարւել է մեկնել Սանկտ Պետերբուրգ, ասելով, թէ զբաղւած է:
Չլինի՞, թէ Բաքւին անհանգստացրել է յայտարարութիւնը, որ Թեհրանից արել է Իրանի Գերագոյն հոգեւոր առաջնորդի միջազգային յարաբերութիւնների հարցերի խորհրդական Վելայաթին, ասելով, թէ Իրանի համար չի նկատւում որեւէ տարբերութիւն Թրամփի ուղու եւ Զանգեզուրեան միջանցքի միջեւ եւ Թեհրանը դէմ է այդ ծրագրի իրականացմանը: Վելայաթին դա ասել էր Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը, բայց դրանից նեղսրտե՞լ է Ալիեւը:
Բայց չէ՞ որ նա բոյկոտել է Ռուսաստան այցը: Ադրբեջանի նախագահը սակայն լաւ է պատկերացնում, որ, եթէ Իրանից հնչել է կոշտ յայտարարութիւն, ապա այդ յայտարարութիւնը թերեւս համաձայնեցւած է Ռուսաստանի հետ, որի հետ Թեհրանը ստորագրել է ռազմավարական համապարփակ գործընկերութեան մեծ պայմանագիրը: Չէ՞ որ Ալիեւը այդ յայտարարութիւնց առաջ էլ Բաքւում ընդունել էր Իրանի ԱԳ նախարարին, եւ թերեւս հիանալի է տիրապետում, թէ ինչն ինչուց է:
Ես չեմ կարող պնդել, որ այստեղ է Սանկտ Պետերբուրգ չմեկնելու բուն պատճառը, բայց կարող եմ դիտարկել՝ որպէս հնարաւորներից մէկը:
Ամբողջ հարցն այն է, որ հասնելով Թրամփի ուղուն, Իլհամ Ալիեւը թերեւս ակնկալում էր, որ դրա իմպլեմենտացիայի հարցում ի վերջոյ առաջնորդողը կը լինի այն մօտեցումը, որ դաւանում է Լոնդոնի առաջնորդութեամբ գործող եւրաատլանտեան գլոբալիստական թեւը:
Բայց, օրեր առաջ Աշգաբադում սակայն ըստ երեւոյթին Պուտին-Էրդողան քննարկման բովանդակութիւնը այնքան էլ չի գոհացրել Ալիեւին»։



