Տէր Եսայի. «Մայր Աթոռի ԳԽ-ի կազմից դուրս են եկել Աբրահամ, Գէորգ եւ Վազգէն Սրբազանները»

«ԱԼԻՔ» – Վեհափառ Հայրապետն իր առաքելութեան մէջ ամուր է եւ հաստատուն: Մայր Աթոռի բնականոն գործունէութեան առումով որեւէ բան չի փոխւել, Մայր Աթոռը՝ ի դէմս Վեհափառ Հայրապետի միաբանութեան, շարունակում է իր առաքելութիւնը։ Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ այս մասին լրագրողների հետ զրոյցում ասել է Տէր Եսայի քահանայ Արթենեանը:
Հարցին՝ Տ. Եսային ծանօ՞թ է երէկ, տասը եպիսկոպոսների կողմից Վեհափառին փոխանցւած նամակի բովանդակութեանը, նա պատասխանել է.
«Ծանօթ չեմ, բայց կարող եմ ենթադրել մօտաւորապէս այդ նամակի բովանդակութիւնը: Եթէ արձագանք լինի նամակին՝ պատշաճ կը ներկայացնենք»:
Նա խօսել է նաեւ Մայր Աթոռի Գերագոյն խորհրդի կազմի փոփոխութեան մասին, նշել, որ Գերագոյն հոգեւոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ Սրբազանը, Գէորգ Սրբազանը եւ Վազգէն Սրբազանը։
«Նրանց փոխարինելու են Մակար Սրբազանը, Վիրահայոց թեմի Սրբազանը՝ Կիրակոս Սրբազանը: Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներն ընտրւում կամ նշանակւում են կախւած աշխարհագրական դիրքից, նաեւ տւեալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից, այսինքն՝ Վիրահայոց թեմի առաջնորդը Վազգէն Սրբազանն էր եւ այդ կարգավիճակով ինքը Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ էր, հիմա Կիրակոս Սրբազանն իրեն փոխարինեց»,- ասել է նա:



