Յովսէփ Սարգսեան. «Անկախութեան հռչակագիրը երբեւէ չի կարող քննարկման առարկայ լինել, որպէս իրաւական փաստաթուղթ՝ այն անփոփոխելի է»
Փաստն այն է, որ Սահմանադրական դատարանն իրականացնում է սահմանադրական արդարադատութիւն, այսինքն՝ մենք ունենք դէ իւրէ սահմանադրական արդարադատութիւն իրականացնող Սահմանադրական դատարան, որի որոշումներն ուժի մէջ են մտնում հրապարակման պահից։ Մեծ աղմուկ բարձրացրած որոշումն առնչւում է յայտնի կանոնակարգին, դրանով նախատեսւած եւ սահմանւած պարտաւորութիւններին է վերաբերում։ Եւ Սահմանադրական դատարանը պէտք է ընդամէնը Սահմանադրութեամբ նախատեսւած կարգով՝ դրա սահմանադրականութեան հարցը որոշեր։ Բայց յայտնի որոշման մէջ սկսեց քննարկւել Հռչակագրի եւ Սահմանադրութեան յարաբերակցութիւնը՝ մի իրավիճակ, որը չպէտք է տեղի ունենար։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնել է փաստաբան, նախկին դատախազ Յովսէփ Սարգսեանը։
«Եթէ անգամ պէտք է յղում կատարւէր Հռչակագրին, այն ունի առաջնային նշանակութիւն։ Հռչակագիրը երբեւէ չի կարող քննարկման առարկայ լինել, որպէս իրաւական փաստաթուղթ՝ այն իր իրաւական տեղն ու դերն ունի, անփոփոխելի է, ինչպէս նախատեսւած է Սահմանադրութեան նախաբանում։ Սահմանադրութեան առաջինից երրորդ յօդւածները եւս անփոփոխելի են, դա նախատեսւած է Սահմանադրութեան 203-րդ յօդւածով։ Այդ անփոփոխելիութեան վերաբերեալ, ինչպէս նշւած է որոշման մէջ, նեղ մասնագիտական մեկնաբանման կարիք կարծես թէ չկար։ Ընդամէնը պէտք էր որոշել՝ համապատասխանո՞ւմ են այդ պարտաւորութիւնները Մայր օրէնքին, թէ՞ ոչ, բայց չգիտես ինչու՝ այդ նեղ մեկնաբանութեամբ փորձեցին կպնել Հռչակագրի դրոյթներին»,- ասել է փաստաբանը։
«Հռչակագրային դրոյթները փորձել են կասկածի տակ դնել՝ հիմք ստեղծելով երկու հանգամանքի համար, նախ՝ որ Հռչակագիրն իրենից ոչինչ չի ներկայացնում, եւ ապա՝ հող են նախապատրաստում սահմանադրական փոփոխութիւնների համար։ Վերջին շրջանում անընդհատ խօսւում է այդ մասին, անգամ ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետն այդ մասին յայտարարեց։ Եւ որպէսզի համապատասխան սահմանադրական փոփոխութիւններ արւեն, արդէն հասկանալի էր, որ պէտք է կպնել Հռչակագրին, կասկածի տակ դնել նրա դրոյթների կենսունակութիւնը, եւ դրանով հանդերձ՝ փորձել առաջ գնալ։ Այն, որ Սահմանադրական դատարանն այս որոշմամբ կատարել է քաղաքական իշխանութեան կամքը, զուտ ամսաթւային, ժամանակագրական բացւածքով էլ է երեւում՝ որոշման կայացումը համընկնում է ՄԱԿ-ում վարչապետի ելոյթին»,- նշել է Սարգսեանը:
Իրաւաբանի կարծիքով՝ թէեւ որոշումն ընդունւել է սեպտեմբերի վերջին, բայց արդէն օգոստոսի 23-ին վարչապետն իր յայտնի ուղերձով գրեթէ նոյնաբովանդակ միտքն էր ասել, եւ ՍԴ-ն բառացիօրէն կրկնում է այդ միտքը. «Խօսքը հռչակագրային այն դրոյթներին է վերաբերում, որոնք իբր կենսունակ չեն եւ չեն աշխատում, այսինքն՝ դրանք իբր արդէն ժամանակավրէպ են եւ չեն կարող ուղենշային դերակատարում ունենալ հայ ազգի եւ պետականութեան զարգացման հարցում։ Մինչդեռ այս որոշումն աւելի շատ բառախաղային որոշում է։ Որոշման բովանդակային, պատճառաբանական եւ եզրափակիչ մասերում հսկայական տարբերութիւններ կան։ Որոշման միայն «պարզման ենթակայ հանգամանքները» բաժինը պարզապէս չի համապատասխանում եզրափակիչ դրոյթներին եւ պատճառաբանական մասին»:
«Այսինքն, խնդիրը ոչ թէ այս կանոնակարգի՝ Սահմանադրութեանը համապատասխանելու հարցի վճռումն է, այլ այն, որ պէտք է Անկախութեան հռչակագիրը դրւի կասկածի տակ, եւ հարց առաջ քաշւի, որ այն կարող է փոփոխւել։ Սահմանադրական դատարանի որոշման նպատակը, փաստօրէն, այդ կանոնակարգի սահմանադրականութեան հարցը որոշելը չէր, այդ պատճառով էլ դա նշւում է միայն վերնագրում եւ ամենավերջում։ Սա բառակոյտերի խաղարկմամբ արւած բառախաղ է, որի արդիւնքում Սահմանադրական դատարանի որոշում է կայացւում, որն օրինական ուժի մէջ մտնելով եւ չվիճարկւելով՝ առաջ է բերում գաղափար, թէ Հռչակագիրն առանձին փաստաթուղթ է, Սահմանադրութիւնը՝ առանձին։ Մինչդեռ նախկին եւ ներկայ Սահմանադրութիւնների նախաբանը հիմնւում է հէնց Հռչակագրի վրայ»,- իր խօսքն ամփոփել է Յովսէփ Սարգսեանը: