
«ԱԼԻՔ» – Իրանը երբեք չի հրաժարւի իր միջուկային ձեռքբերումներից: Այս մասին երէկ՝ մայիսի 11-ին, Կառավարութեան հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նախագահն ընդգծել է երկրի միջուկային խաղաղ ձեռքբերումները պաշտպանելու կառավարութեան վճռականութիւնը, եւ յայտարարել է. «Միջուկային տեխնոլոգիաները եւ խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում մեր երկրի գիտնականների ձեռքբերումները կիրառութիւն ունեն տարբեր ոլորտներում, այդ թւում՝ առողջապահութեան, գիւղատնտեսութեան, շրջակայ միջավայրի եւ արդիւնաբերութեան ոլորտում, եւ մենք ակտիւօրէն հետամուտ ենք լինելու խաղաղ միջուկային գործունէութեանը»:
Փեզեշքիանը յայտարարել է, որ Իրանը բանակցութիւններ է վարում Միացեալ Նահանգների հետ իր միջուկային ծրագրի շուրջ. «Որովհետև մենք խաղաղութիւն ենք ուզում եւ չենք ձգտում պատերազմի»։
«Իսլամական Հանրապետութիւնը ոչ մի կերպ չի ձգտում անկայունութեան եւ անապահովութեան տարածաշրջանում։ Կարող ենք ձեզ վստահեցնել, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը երբեք չի ձգտել, չի ձգտում եւ չի ձգտի միջուկային զէնքի ստեղծմանը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Իրանը լրջօրէն է տրամադրւած բանակցութիւններին եւ ձգտում է համաձայնութեան հասնել: