ՄիջազգայինՔաղաքական

Ալիեւը խնդրել է Արաբական լիգային եւ Թուրքիային ​ճնշում գործադրել ԵԽԽՎ-ի վրայ՝ Ադրբեջանին յետ ընդունելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս յայտարարել է. «Ինձ չի հետաքրքրում, թէ ով ինչ է ասում իմ երկրի մասին, ես շարունակելու եմ անել այն ամէնը, ինչ ուզում եմ»։ Սակայն, սա ասւում է քողարկման համար: Ադրբեջանը, անկախ իր հրապարակային կոշտ ելոյթներից, կուլիսներում աշխատում է այլ երկրների հետ իր հակամարտութիւնները կարգաւորելու համար:

Անցեալ շաբաթ ես գրել էի, թէ ինչպէս է Ադրբեջանը խնդրել Իսրայէլի կառավարութեանը միջնորդել Ֆրանսիային՝ բարելաւելու իրենց յարաբերութիւնները, որոնք վերջին տարիներին վատթարացել էին արցախեան հակամարտութիւնում Հայաստանին Ֆրանսիայի աջակցութեան պատճառով։ Այն բանից յետոյ, երբ Իսրայէլը մերժեց Ալիեւի խնդրանքը՝ միջնորդ լինել Ֆրանսիայի հետ, Ադրբեջանը սկսեց այլ ուղիներ փնտրել Եւրոպայի հետ իր հարցերը լուծելու համար։

Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից Ադրբեջանի անդամակցութիւնը կասեցնելուց յետոյ, Ալիեւը խնդրեց Արաբական պետութիւնների լիգային միջամտել եւրոպացիներին՝ Ադրբեջանի կարգավիճակը վերականգնելու համար։ 2024 թւականի փետրւարի 13-ին Ադրբեջանի խնդրանքով Արաբական լիգայի խորհրդարանի նախագահ Ադել բին Աբդուլ Ռահման Ալ-Ասումին նամակ յղեց ԵԽԽՎ նախագահ Թէոդորոս Ռուսոպուլոսին՝ բողոքելով ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւից, որը մերժում է վաւերացնել Ադրբեջանի պատւիրակութեան հաւատարմագրերը։

Արաբական խորհրդարանի նախագահը ԵԽԽՎ-ին ասաց. «Արաբական խորհրդարանն իր խորը ափսոսանքն է յայտնում այս բանաձեւի ընդունման կապակցութեամբ։ Ադրբեջանի Հանրապետութիւնն արաբական պետութիւնների բարեկամ եւ ռազմավարական գործընկերն է եւ կարեւոր ու ազդեցիկ դեր է խաղում մշակութային բազմազանութեան պահպանման եւ քաղաքակրթութիւնների միջեւ երկխօսութիւնը խթանելու համար.… Ադրբեջանի Հանրապետութիւնը Եւրոխորհրդի անդամ է 2001 թւականից եւ մեծ դեր է խաղում այս կազմակերպութեան գործունէութեան խթանման եւ նրա սկզբունքներին ու նպատակներին հասնելու գործում: Համաշխարհային մակարդակում այն համատեղ ջանքեր է գործադրում լարւածութիւնը եւ հակամարտութիւնները նւազեցնելու համար…»:

Այնուհետեւ Արաբական խորհրդարանի նախագահը ԵԽԽՎ-ին խորհուրդ տւեց. «Բազմակողմ խորհրդարանական դիւանագիտութիւնը պէտք է լինի տեսակէտների հաշտեցման գործիք եւ դիմադրութեան պատ բոլոր պառակտումների առջեւ, եւ յաւելեալ արժէք խաղաղութեան ու հանդուրժողականութեան սկզբունքների տարածման համար»։

Նամակն աւարտւում էր ԵԽԽՎ-ին կոչ անելով վերանայել իր աւելի վաղ ընդունած բանաձեւը, որը մերժել էր վաւերացնել Ադրբեջանի խորհրդարանական պատւիրակութեան հաւատարմագրերը, «որոնք հակասում են երկխօսութեան եւ համագործակցութեան սկզբունքներին»:

Բնականաբար, Ադրբեջանի խորհրդարանը (Միլլի մեջլիս) անմիջապէս հրապարակեց Արաբական խորհրդարանի նամակը, որը հրապարակել էին նաեւ ադրբեջանական մի շարք թերթեր։

Շատ տարօրինակ է, որ Արաբական խորհրդարանը միջամտել է ԵԽԽՎ-ի գործերին՝ արաբական պետութիւնների հետ կապ չունեցող հարցի շուրջ։ Ադրբեջանն Արաբական լիգայի ոչ անդամ է, ոչ էլ դիտորդ։ Ինչպէ՞ս կարող է Արաբական խորհրդարանի նախագահը Ադրբեջանին անւանել «արաբական պետութիւնների բարեկամ եւ ռազմավարական գործընկեր», երբ նա Իսրայէլի դաշնակիցն է եւ միլիարդաւոր դոլարների իսրայէլական զէնք է գնում։ Դա էր պատճառը, որ նախկինում Արաբական լիգայի կողմից մերժւել էր Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքը։ Արաբական խորհրդարանի՝ ԵԽԽՎ-ին նամակ գրելու պատրաստակամութեան միակ հնարաւոր բացատրութիւնն այն է, որ Ադրբեջանը զբաղւած է «խաւիարային դիւանագիտութեան» իր սովորական պրակտիկայով, ինչը նշանակում է, որ նա շատ առատաձեռն նւիրատւութիւն է արել Արաբական լիգային։ Հետեւաբար, Արաբական խորհրդարանի յայտարարութիւնն Ադրբեջանի երկխօսութեան եւ խաղաղութեան ձգտման մասին իրականութեան հետ որեւէ կապ չունի։

Քանի որ Հայաստանը 2005 թւականից դիտորդի կարգավիճակ ունի Արաբական պետութիւնների լիգայում, ինձ հետաքրքիր է իմանալ՝ արդեօք Լիգայում Հայաստանի ներկայացուցիչը տեղեա՞կ էր, որ Արաբական խորհրդարանը դիտարկում էր նման նամակ ուղարկել ԵԽԽՎ-ին՝ ի պաշտպանութիւն Ադրբեջանի։ Եթէ այո, ապա ի՞նչ գործողութիւններ է նա ձեռնակել (եթէ այդպիսիք եղել են)՝ առարկելու նման նամակ ուղարկելու դէմ:

Արաբական լիգայից բացի, Ադրբեջանը ԵԽԽՎ-ում իր լաբբիստական ջանքերն իրականացնում է իր մեծ եղբօր՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջոցով։ Թուրքիայի նախկին արտգործնախարար եւ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան հիմնադիր Եաշար Եակիսը փետրւարի 25-ին ARAB NEWS-ում գրել է. «Թուրքիան կտրականապէս դէմ է արտայայտւել Ադրբեջանի [ԵԽԽՎ-ից] կասեցմանը… Եթէ ​​նոյնիսկ կասեցւի Ադրբեջանի անդամակցութիւնը Եւրոխորհրդին, նա կարող է գոյատեւել առանց անդամ լինելու»։

Աւելի վաղ՝ փետրւարին, երբ Ալիեւն այցելեց Էրդողանին Անկարայում, Թուրքիայի նախագահը խոստացաւ անել հնարաւորը «ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հաւատարմագրերը վաւերացնելու համար։ Մենք կը շարունակենք մեր աջակցութիւնն ու ջանքերը Ադրբեջանին, քանի դեռ որոշումը [հաւատարմագրերը չվաւերացնելը] չի չեղարկւել»։ Էրդողանը յաւելել է, որ Թուրքիան շեշտելու է, որ ԵԽԽՎ-ն պէտք է հարթակ լինի «խորհրդարանական ժողովրդավարութեան, այլ ոչ թէ հակամարտութեան» համար։ Սակայն Ալիեւն ու Էրդողանը չունեն խորհրդարանական ժողովրդավարութիւն եւ խաղաղութիւն իրենց սեփական երկրներում։

Եթէ Ալիեւն իսկապէս չմտահոգւէր, թէ այլ երկրներն ինչ գործողութիւններ են ձեռնարկում Ադրբեջանի դէմ, նա այդքան ջանք չէր գործադրի Արաբական լիգայի եւ Էրդողանի լաբբինգի համար՝ ԵԽԽՎ-ում իր երկրի հաւատարմագրերը վերականգնելու նպատակով։ Նա պարզապէս կանտեսէր ԵԽԽՎ-ի որոշումը։

Ճշմարտութիւնն այն է, որ Ալիեւը խորապէս մտահոգւած է իր իմիջի համար։ Բռնակալների մեծ մասը, խախտելով ներքին եւ միջազգային բոլոր օրէնքները, անում է հնարաւոր ամէն ինչ, որպէսզի արդարացնի իր յանցագործութիւնները եւ փորձի հրեշտակ ձեւանալ ամբողջ աշխարհի աչքի առջեւ։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button