Ռուս քաղաքագէտ. «Հայաստանում առկայ են լիարժէք բռնապետութեան նշաններ»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ եւ քաղտեխնոլոգ Դմիտրի Սոլոննիկովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Հայաստանի իշխանութիւնների՝ եկեղեցու դէմ յարձակումները եւ ենթադրել, թէ ինչ սցենարներով կարող են զարգանալ իրադարձութիւնները։
«Ընտրարշաւի շրջանակներում միանգամայն հնարաւոր են այս էքզիստենցիալ գործողութիւնները եւ պայքարը հայկական դասական, նահապետական հասարակութեան հիմքերի դէմ։ Կարծում եմ՝ միանգամայն տրամաբանական է։ Տեսէք՝ ինչպէս է ընթացել գործընթացը։ 2025 թ․ սկսւեցին առաջին ընտրական ցիկլերը Հայաստանում, եւ նկատելի էր, որ Նիկոլ Փաշինեանը կորցնում է աջակցութիւնը։ Նրա կուսակցութիւնն այլեւս չի կարող ստանալ մեծամասնութիւն տեղական ընտրութիւններում, եւ, ամենայն հաւանականութեամբ, տեղի է ունեցել Հայաստանում ներկայիս ընտրական գործընթացների ընդհանուր գնահատում՝ հեռանկարով, թէ ինչպէս դա կը զարգանայ մինչեւ 2026 թ․։ Պարզ դարձաւ, որ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ Փաշինեանը կը կորցնի իշխանութիւնը։
Նրա համար սա, իհարկէ, ոչ միայն քաղաքական աղէտ է, այլեւ մեծ հաւանականութեամբ՝ քրէական գործերի, խարդախութիւնների, բիւջետային միջոցների հափշտակութեան մեղադրանքների սկիզբ եւ այլն։ Այո, իհարկէ, նա միշտ հնարաւորութիւն ունի տեղափոխւելու արտերկիր՝ Ֆրանսիա, ԱՄՆ, որտեղ բաւականին մեծ հայկական սփիւռք կայ, եւ որտեղից, ինչպէս հասկանում ենք, նա արժէքաւոր ցուցումներ է ստանում իր քաղաքականութիւնը վարելու վերաբերեալ։ Սակայն Հայաստանում մնալը սկզբունքօրէն բարդ կը լինի ինչպէս նրա, այնպէս էլ նրա ակտիւների ու ընտանիքի անդամների համար։
Իրավիճակը սրւում է, քանի որ հիմա էլ փորձ է արւում ընտրութիւններից մէկ տարի առաջ անձամբ լուծել պոտենցիալ ընդդիմութեան, նրա բարոյական եւ հոգեւոր հիմքերի հետ հարցերն այնպէս, որ դրանք վերանան ոչ թէ ֆիզիկական, այլ քաղաքական առումով։ Կրքերը կը հանդարտւեն մինչեւ գարուն։ Այս ամէնը կը մնայ անցեալում։ Նորութիւնները, քաղաքական իրադարձութիւններն այդքան երկար չեն ապրում։ Մէկ տարին մեծ ժամկէտ է։ Եւ վերջ։ Գարնանը նրանք արդէն պէտք է դուրս գան լիարժէք ընտրարշաւի՝ իրենց համար ամբողջութեամբ մաքրելով քաղաքական դաշտը։ Ես կարծում եմ՝ Փաշինեանն այս խաղն է խաղում։ Եւ, ամենայն հաւանականութեամբ, այս սցենարը նա ինքնուրոյն չի յօրինել։ Մենք բոլորս հիանալի հասկանում ենք, որ նրա թիկունքում կան քաղտեխնոլոգներ եւ քաղաքական խորհրդատուներ ԱՄՆ-ից, Եւրոպայից, նոյն USAID-ի ներկայացուցիչները, թէեւ հիմա արդէն մասամբ ցրւած, Սորոսի հիմնադրամները, որոնք, ընդհանուր առմամբ, ոչ մի տեղ չեն անհետացել։ Նրանք են Փաշինեանին իշխանութեան բերել 2018 թւականին, եւ, միանգամայն հաւանական է, որ հէնց նրանք են այսօր գրում նրա հետագայ քաղաքական կարիերայի սցենարը»,- ընդգծել է փորձագէտը։
Դմիտրի Սոլոննիկովի խօսքով՝ ԱԱԾ-ի մուտքը Էջմիածին, իհարկէ, եզակի իրավիճակ է։
«Հայ Առաքելական եկեղեցին դժւար ժամանակներ է վերապրել, եւ նրա վրայ յարձակումներ են եղել տարբեր կողմերից, բայց որ Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչները գան եւ գրոհեն Կաթողիկոսի նստավայրը, սա եզակի դէպք է եւ կարող է լրջագոյնս տրամադրել ամբողջ հայ հասարակութիւնը ներկայիս իշխանութիւնների դէմ։ Ընդդիմութեանը պէտք է ցոյց տալ այդ նկարները, պէտք է սոցիալական ցանցերում տարածել տեղեկութիւններ այն հալածանքների մասին, որոնք Հայաստանի հոգեւոր առաջնորդների նկատմամբ վարում եւ կազմակերպում է Փաշինեանը։
Աւելին, ինչպէս ժամանակին սովորեցնում էր 20-րդ դարի մեծն քաղտեխնոլոգ Վլադիմիր Իլեիչ Լենինը, թերթը ոչ միայն կոլեկտիւ քարոզիչ եւ կոլեկտիւ ագիտատոր է, այլեւ կոլեկտիւ կազմակերպիչ։ Մեր ժամանակներում դա ոչ թէ տպագիր թերթերն են, այլ սոցիալական ցանցերը։ Եւ պէտք է լինեն կազմակերպչական հիմքեր, գործողութիւնների որոշակի պլան, որոշակի կազմակերպչական խումբ, որը կը ստանձնի այդ գործընթացների ղեկավարումը։ Սկզբում ընդդիմութիւնը պէտք է հասնի ներքին համաձայնութեան, քանի որ այս պահին այն ընդգրկում է բոլորին միաժամանակ՝ թէ՛ ազգայնականներին, թէ՛ կոմունիստներին, եւ բոլոր նրանց, ովքեր դժգոհ են Փաշինեանից՝ թէ՛ աջից, թէ՛ ձախից։
Այդ առումով շատ դժւար է, օրինակ, «Կոմունիստական» կուսակցութեանը պայմանաւորւել «Դաշնակցութիւն» կուսակցութեան հետ, բայց, այնուամենայնիւ, պէտք է լինի որոշակի որոշիչ կենտրոն, որը կը համակարգի ընդհանուր գործողութիւնները։ Եթէ ընդդիմութեանը յաջողւի բանակցութիւններ վարել եւ ստեղծել որոշակի համազգային դիմադրութեան ճակատ, ապա նրանք հնարաւորութիւն ունեն ներկայիս բացասական միտումները, որոնք Փաշինեանն ինքն իր դէմ է հրահրում հասարակութեան մէջ, տեղափոխել քաղաքական հարթութիւն»,- ընդգծել է Սոլոննիկովը։
Նրա կարծիքով՝ Հայաստանում իշխանութեան աւտորիտարիզմի ակնյայտ նշաններ կան, եւ իրադարձութիւնները զարգանում են երկու ուղղութեամբ:
«Սրանք արդէն լիարժէք բռնապետութեան նշաններ են, երբ մարդկանց բանտարկում են ոչ թէ քրէական յանցագործութիւնների, ոչ թէ խարդախութեան, փողերի իւրացման կամ կաշառքի մեղադրանքով, այլ այն բանի համար, որ նրանք դէմ են արտայայտւել իշխանութիւնների քաղաքականութեանը, եւ թիրախաւորում են նաեւ հայկական եկեղեցու ներկայացուցիչներին։ Սա ոչ միայն զարմանալի է, այլեւ արդէն անցնում է նորմալ ապրող պետութիւնում նորմալ յարաբերութիւնների սահմանները։
Այստեղ կայ երկու սցենար։ Առաջինն այն է, որով գնում է Փաշինեանն՝ ընդդիմութեան հետ հարցերի կոշտ լուծումը։ Այնուհետեւ, մի քանի ամսւայ ընթացքում կը կոտրի տեղեկատւական դաշտը, կը վերականգնի վերահսկողութիւնը ողջ քաղաքական իրավիճակի նկատմամբ։ Ընդդիմութիւնը հանգիստ կը նստի բանտում, մեդիայում ոչ ոք այլեւս դա չի քննարկի, նա կառաջարկի որոշակի օրակարգ եւ դրանով կը գնայ ընտրութիւնների, ոչ ոք չի կարողանայ դէմ արտայայտւել, քանի որ դէմ արտայայտւող չի լինի, եւ յաղթանակով կաւարտւի այս ընտրական ցիկլը։ Սա այն ճանապարհն է, որով նա գնում է եւ յոյս ունի, որ կը յաջողի։
Երկրորդ տարբերակը՝ նա չափն անցել է, եւ նրան համբերող հայ հասարակութիւնը հիմա լրջօրէն կըմբոստանայ, բողոքի ալիքը կը բարձրանայ, ընդդիմութիւնը կը կարողանայ համախմբւել այժմ արդէն ֆիզիկական սպառնալիքի պայմաններում։ Հիմա նրանց առջեւ հարց է դրւած՝ ոչ թէ պարզապէս յաղթել ընտրութիւններում, այլ նաեւ պահել իրենց ազատութիւնը։ Հիմա պարզ է, որ նրանցից իւրաքանչիւրը մօտ ապագայում կարող է յայտնւել ճաղերի հետեւում, եթէ չլուծւի իշխանափոխութեան հարցը։ Եւ այդ դէպքում ընդդիմութեան գլխաւորութեամբ հասարակութեան բողոքի ալիքը կարող է յանգեցնել նաեւ իշխանութեան վաղաժամ փոփոխութեան։ Պարտադիր չէ սպասել 2026 թւականի յունիսին։ Երկու սցենարներն էլ իրատեսական են»,- եզրափակել է Սոլոննիկովը։