Հայաստան - Արցախ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ուղերձը՝ Բանակի օրւայ առիթով

Հայոց պետականութեանն ու հայ ժողովրդին ուղղւած գոյութենական լրջագոյն սպառնալիքների ու ծանր փորձութիւնների մթնոլորտում է նշւում մեր երկրի անվտանգութեան ու պաշտպանութեան գլխաւոր երաշխաւորի՝ Հայոց Բանակի կազմաւորման 32-ամեակը։

Արցախեան ազատամարտի բովում ծնունդ առաւ մեր բանակը՝ դառնալով անկախ պետականութիւն, անվտանգ ապագայ կերտելու մեր հաւաքական երազանքների եւ աննահանջ կամքի երաշխաւորը։

Հազարաւոր հայորդիների անմնացորդ նւիրումով ու խիզախումով, նրանց թանկ արեամբ նւաճեցինք յաղթանակներ, ամրագրեցինք մեր ազգային եւ պետական արժանապատւութիւնը։ Սակայն, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների անվտանգութիւնն ապահովող, տարածաշրջանում ՀՀ-ն գործօն դարձրած Հայոց Բանակը 2018 թ․ ցաւալիօրէն դաւաճանւեց երկրում իշխանութիւնը զաւթած խմբակի կողմից: Թիրախաւորելով եւ վարկաբեկելով բանակը, հեղինակազրկելով Զինւած ուժերի սպայական կազմը, թուլացնելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը՝ հայ ժողովուրդն ու Հայոց պետականութիւնը կանգնեցրին կորուստների եւ գոյութենական սպառնալիքների առջեւ: Աւաղ, սեփական յանցանքները բարդելով Զինւած ուժերի վրայ՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարութիւնը շարունակում է իր անփառունակ եւ պետականակործան ընթացքը:

Եւ, այնուամենայնիւ, լիայոյս ենք, որ ազգային իղձերի վերահաստատումով կարող ենք եւ պարտաւոր ենք յաղթահարել մեզ ուղղւած ծանրագոյն սպառնալիքները, ինչպէս հայ ժողովուրդը կարողացել է անհնարինը դարձնել հնարաւոր:

Խոնարհւելով Հայոց պետականութեան կերտմանն իրենց կեանքը նւիրաբերած քաջորդիների շիրիմների առջեւ, ապաքինում մաղթելով Հայրենիքի պաշտպանութեան մարտերում վիրաւորում ստացած բազմահազար մեր եղբայրներին եւ քոյրերին, ազատութիւն մաղթելով քաղաքական հալածեալ դարձած եւ ապօրինաբար ազատազրկւած, Հայրենիքին ծառայութիւններ մատուցած հարիւրաւոր հայորդիներին, շնորհաւորում ենք Հայոց Բանակի օրւայ առիթով։

Համոզւած ենք, որ ներազգային համախմբւածութեամբ ու մեր հաւաքական կամքով ի զօրու ենք վերականգնել Հայոց Բանակի հզօրութիւնը, ապահովելով Հայոց պետականութեան արժանապատիւ երթն ու Հայ ժողովրդի՝ սեփական Հայրենիքում անվտանգ ապրելու իրաւունքը:

Տօնդ շնորհաւոր, Հայոց Բանակ։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
28 յունւարի, 2024 թ.

Related Articles

Back to top button