Հայաստան - ԱրցախՔաղաքական

Այս ամէնն անպատւութիւն եւ ամօթ է բոլորիս համար. Գառնիկ Դանիէլեանը տեսակցել է Միքայէլ եւ Բագրատ Սրբազաններին

ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը յունւարի 18-ին այցելել է «Իզմիրլեան» ԲԿ եւ տեսակցել յետվիրահատական բուժում ստացող Միքայէլ Սրբազանին, այնուհետեւ գնացել է ԱԱԾ մեկուսարան՝ տեսակցելու Բագրատ Սրբազանին։

Այդ մասին պատգամաւորը նոյն օրը գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ․ «Այսօր «Իզմիրլեան» ԲԿ-ում այցելեցի յետվիրահատական բուժում ստացող Միքայէլ Սրբազանին, այնուհետեւ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ Սրբազանին։ Միքայէլ Սրբազանը շարունակում է իրեն բնորոշ սուր ոճով փոխանցել հանրութեանը անչափ կարեւոր ուղերձները։ Ոգին տեղն է, վստահ, որ մեր ժողովուրդը կը գնայ ճշմարիտ ճանապարհով՝ շարունակելով աջակցել ՀԱԵ-ին եւ Ամենայն Հայոց Հայրապետին։

Արդէն 7-րդ ամիսն է լրանում, ինչ Սրբազան Հայրերն ու մեր ընկերները անազատութեան մէջ են։ Թէեւ, բոլորը պատւով են տանում այս փորձութիւնը, այդուհանդերձ, սա անպատվութիւն եւ ամօթ է բոլորիս համար։ Ինչպէս Բագրատ Սրբազանն է բարձրաձայնում վերջին դատական նիստերի ժամանակ՝ առանց փորձաքննութիւն իրականացնելու տասնութ արդար մարդկանց ամիսներ շարունակ պահում են կալանքի տակ. «իրեղէն ապացոյց» համարւող տարբեր գրութիւնները փորձաքննութիւն չեն անցել, յստակ չէ, թէ արդեօք դրանք վերագրւում են մեղադրեալներին, թէ՝ ոչ։ Արդարութեան ճգնաժամը մեր երկրում վատ է անդրադառնում նաեւ մեր հայրենակիցների առողջութեան վրայ։ Ազգային բարերար Սամուէլ Կարապետեանը ԱԱԾ մեկուսարանում ձեռք է բերել երկկողմանի թոքաբորբ։

Վատթարացել է նաեւ քաղբանտարկեալ Նարեկ Սամսոնեանի առողջական դրութիւնը, որն արդէն 18-րդ օրն է, ինչ հացադուլի մէջ է։ Նարեկը շտապ օգնութեան ծառայութեամբ այսօր տեղափոխւել է «Էջմիածին» ԲԿ, որտեղ հետազօտութիւններ է անցել, այնուհետեւ կրկին տարւել է ՔԿՀ։ Սա անթոյլատրելի է: Նարեկ Սամսոնեանը պէտք է անյապաղ տեղափոխւի բժշկական հաստատութիւն եւ վիրահատւի:

Ապօրինաբար անազատութեան մէջ յայտնւած մեր հայրենակիցների ազատ արձակման հարցում պէտք է ձեւաւորւի հանրային պահանջ: Քաղբանտարկեալների խնդիրը բոլորիս խնդիրն է: Առողջութիւն եւ օր առաջ ազատութիւն մեր բոլոր քաղբանտարկեալներին»։

Yerkir.am

Related Articles

Back to top button