«Սահմանք քաջաց՝ զէնն իւրեանց»: Քաջերի երկրի սահմանը գծում է նրանց զէնքը: Նրանց բազկի հարւածի ուժականութեամբ է պայմանաւորւած երկրի սահմանների ձգւածութիւնն ու անվտանգութիւնը: Սա յստակ բանաձեւ է, որը սահմանել է հայոց պատմահայր՝ Մովսէս Խորենացին, դեռեւս 5-րդ դարում:
Բանաձեւ, որն անփոփոխ է մնացել մինչ օրս, քանի որ Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է գտնւում, եւ ունի այնպիսի թշնամիներ, որ սեփական պետականութեան գոյութեան պահպանման եւ ինքնիշխանութեան ապահովման գլխաւոր երաշխիքն ու գրաւականն առաջին հերթին, եւ գլխաւորաբար ուժականութիւն ունենալն է, իսկ այդ ուժականութեան մարմնաւորումը հզօր բանակն է, առանց որի Հայոց պետականութիւնը եւ ինքնիշխանութիւնն առաւել խոցելի են դառնում:
Հայոց հինգհազարամեայ պատմութիւնը վկայում է, որ երբ ունեցել ենք հզօր բանակ, երբ ապաւինել ենք մեր բազկի ուժին ու հարւածին, կարողացել ենք ստեղծել ամուր պետութիւն՝ դառնալով տարածաշրջանային հզօր խաղացող, եւ հակառակը՝ երբ մոռացել ենք հզօր բանակի կարեւորութեան ու նշանակութեան մասին, երբ երերացել է մեր բազուկն ու թուլացել նրա հարւածը՝ կորուստներն իրենց ուշացնել չեն տւել, տկարացել է մեր պետութիւնը, կրճատւել են հայրենիքի սահմանները:
Եւ հէնց այդ պատճառով է, որ թշնամին այսօր թիրախաւորել է Հայոց Բանակին, փորձում է կտրել մեր հարւածող բազուկը, փոշիացնել մեր ուժականութիւնը: Նա լաւ գիտի, որ առանց հզօր բանակի շատ հեշտ է խեղճացնել, ծնկի բերել ժողովրդին, անցկացնել սեփական թրի տակով, ոտքի տակ տալ նրա ինքնիշխանութիւնը, զաւթել հողերը, ոչնչացնել պետականութիւնը:
Այս դաժան իրողութիւնն է, որը սթափեցնող կոչնակի պէս պէտք է ուշքի բերի մեզ: Մենք պէտք է գիտակցենք, որ յարափոփոխ այս տարածաշրջանում չկա՛յ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ, չկա՛յ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ, այլ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՆԵՐ՝ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԿԱՐՃԱՏԵՒ ԴՐՒԱԳՆԵՐՈՎ:
Այնպէս, որ մեր լինելութեան գրաւականը պատերազմելու ունակութիւնն է: Ինչքան երկար պատերազմի պատրաստւենք, այնքան կարճ կը տեւի հերթական պատերազմը, իսկ իրական խաղաղութիւնը՝ առաւել հասանելի: Սա է դաժան իրողութիւնը, որից խուսափել, փախչել չենք կարող:
Վերյիշենք մեր ազգային էպոսը՝ Սասնայ ծռերը եւ նրա գլխաւոր հերոսին՝ Դաւթին, որն իր բազկին կրում էր ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ. «Յիշի՛ր Մարութայ բարձր Աստւածածին, յիշի՛ր զԽաչ Պատերազմին, ինչ վեր քո աջ թեւին, ու թա՛փ տուր քեզ…»: Սա տիեզերական յուշում, խորհուրդ է մեր ազգին, որն ականջաթող անել չենք կարող: Սա է մեր փրկօղակը:
Այսօր յունւարի 28-ն է, Հայոց Բանակի օրը: Մենք պէտք է հաւատանք Հայոց Բանակի ներուժին ու ջանք չխնայենք նրա հզօրութիւնն ու մարտունակութիւնը վերականգնելու համար: Փաստն այն է, որ թշնամու ոտքերի տակ սողալը, նրանից խաղաղութիւն մուրալը, նրա ցանկութիւններին յագուրդ տալը չէ, որ ապահովագրելու է Հայոց պետականութեան վաղւայ օրը, այլ՝ քաջաց զէնքն ու բազուկի հատու հարւածը:
Բանակն ատողները, երկչոտներն ու դասալիքները չքւելու են վաղ, թէ ուշ, իսկ Հայոց Բանակը փիւնիկի պէս վեր է յառնելու մոխիրների միջից: Գալո՛ւ է այդ օրը, Դաւթի զարմը՝ Փոքր Մհերը պատռելու է Ագռաւաքարը եւ կրկին փայլատակելու է հայոց ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ: Չկասկածէ՛ք:
Շնորհաւո՛ր Հայոց Բանակի օրը: