Խմբագրական

ԱՆԲԵԿԱՆԵԼԻՆ, ԱՆԱՌՐԿԵԼԻՆ, ԱՆԽԱԽՏԵԼԻ

1990 թւականի օգոստոսի 23-ին Խորհըրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագոյն խորհուրդը վաւերացրեց մի հիմնարար փաստաթուղթ, որը կրում էր «Հռչակագիր Հայաստանի անկախութեան մասին» անւանումը:

Փաստաթուղթը ոչ միայն հռչակեց Հայոց անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը, այլեւ՝ նրա երկու հատւածների՝ Հայաստանի ու Արցախի միաւորման փաստացի իրողութեանն իրաւական տեսք տւեց:

Իրականում, Անկախութեան Հռչակագիրը հիմնւում էր Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989 թւականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերա-միաւորման մասին» համատեղ որոշման վրայ. «Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը, արտայայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրաւունքների հա-մընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրաւունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնւելով 1989 թւականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ, զարգացնելով 1918 թւականի Մայիսի 28-ին ստեղծւած Անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրաւական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը», ասւած էր Հռչակագրի նախաբանում:

Եւ դա բնական էր, քանի որ դեռևս 1988 թւականին մեկնարկած Արցախեան շարժման նպատակը թէ՛ Արցախի միացումն էր Հայաստանին, թէ՛ Հայաստանի անկախացումը:

Անկախութեան Հռչակագրի հէնց վերը նշւած նախաբանն էր, որ դարձաւ Հռչակագրի առանցքը:

աստօրէն, այս Հռչակագրի շնորհիւ անկախութեան գաղափարի հիմքը դրւեց երկու յենասիւնի վրայ. առաջինը՝ Հայաստանը, իսկ երկրորդը՝ Արցախը:

Անկախութեան Հռչակագրի նախաբանը երբեւէ դեկլարատիւ բնոյթ չկրեց: Ելնելով դրանից Լեռնային Ղարաբաղը, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութեան դուրս գալու հետ կապւած հարցերի լուծման կարգի մասին» 1990 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրէնքի հիման վրայ՝ 1991 թւականի սեպտեմբերի 2-ին, հռչակեց իր անկախութիւնը, իսկ ՀՀ Գերագոյն խորհրդի որոշումով 1991 թւականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացւեց հանրաքւէ, որի արդիւնքների հիման վրայ, սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագոյն խորհուրդը Հայաստանի Հանրապետութիւնը հռչակեց անկախ պետութիւն, իսկ աւելի ուշ, Արցախեան առաջին ազատամարտի տարիներին, հայ ժողովրդի պայքարի, մաքառումների, զրկանքների եւ զոհողութիւնների շնորհիւ ամրագրւեց այդ բոլորը:

Անկախութեան Հռչակագրի 33-ամեակի առիթով, իր «շնորհաւորական» ուղերձում Նիկոլ Փաշինեանը թիրախաւորեց Հռչակագրի հէնց այդ հատւածը, յայտարարելով. «Հռչակագրի տեքստի քննական վերլուծութիւնն ի ցոյց է դնում, որ մենք ի վերջոյ ընտրել ենք այնպիսի խօսոյթ եւ բովանդակութիւն, որի հիմքում դրւած է մեզ Խորհրդային Միութեան մաս դարձրած բանաձեւը. խօսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խօսոյթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մէջ էր պահելու մեր հարեւանների հետ», աւելացնելով՝ «Կառավարութեան որդեգրած խաղաղութեան օրակարգը՝ անկախութեան օրակարգն է, որովհետեւ եթէ ունենանք խաղաղութիւն, կունենանք անկախութիւն: Քանի դեռ չունենք խաղաղութիւն, ԽՍՀՄ ուրւականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:

Անկախութեան Հռչակագրի մասին ՀՀ գործող վարչապետի մակերեսային մեկնաբանութիւնը ոչ այլ ինչ է, քան հասարակութեանը էժանագին մանիպուլեացիայի ենթարկելու հերթական փորձ՝ թշնամու կողմից պարտադրւած եւ ՀՀ գործող իշխանութիւնների կողմից ամբողջովին իւրացւած ազգակործան օրակարգն իրականացնելու համար:

Ըստ էութեան, Փաշինեանը հերթական անգամ յայտարարում է, որ ենթադրեալ խաղաղութեան հասնելու, «չաղ ու բախտաւոր» ապրելու համար անհրաժեշտ է եւ պէտք է հրաժարւել ազգային իղձերից ու տեսլականից, «սովետական ուրւականի» փոխարէն՝ ենթարկւելով «թուրքական ուրւականին»:

Անկախութեան Հռչակագրի 33-ամեակի առիթով Նիկոլ Փաշինեանի հակապետական ու հակազգային ուղերձի առանցքը միանշանակ Հայաստանի թուրքացումն է, որի մէջ է խտացած նրա որդեգրած ողջ արժէքային համակարգը, քաղաքական աշխարհայեացքն ու գաղափարախօսութիւնը, եւ որի իրագործման համար անհրաժեշտ է պարտւած, պայքարի կամքը կորցրած, նկարագրից զրկւած ու նիւթապաշտ ցեղակոյտ: Այս ուղերձը հասարակութեանը ցեղակոյտի վերածելու ճանապարհին հերթական քայլն է:

Մենք չպէտք է մոռանանք, որ 1990 թւականի օգոստոսի 23-ին ընդունւած Անկախութեան Հռչակագիրը հայութեան իրարայաջորդ մի քանի սերունդների երազանքների եւ իղձերի խտացումն է, դրանք կեանքի կոչելու կամքի ու վճռականութեան մարմնաւորումը:

Կանցնեն տասնամեակներ, կը գան ու կը գնան սերունդներ, կը գան ու կը գնան իշխանութիւններ, կընդունւեն բազմաթիւ օրէնքներ, կը բեկանւեն որոշները, կը խմբագրւեն կամ փոփոխութեան կենթարկւեն միւսները: Փոփոխութեան կենթարկւի անգամ ՀՀ Սահմանադրութիւնը /ինչպէս, որ դա արւել է մի քանի անգամ՝ դրա ընդունումից ի վեր/: Սակայն այս եւ գալիք բոլոր սերունդները պարտաւոր են սրբութեան սրբոցի պէս պահպանելու Անկախութեան Հռչակագրի հիմքում ընկած եւ դրա առանցքը կազմող ազգային մտածողութեան հիմնարար բաղադրիչները:

Հայոց պետականութեան ողնահարը հէնց այդ բաղադրիչներն են, առանց որոնց փլելու է ողջ համակարգը:

Related Articles

Back to top button