Թեհրանահայ թատերարւեստի երիտասարդ գործիչների հետ ՎԱՐԱԳՈՅՐԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ
«ԱԼԻՔ»- Ընդհանրացած մի խօսք կայ, այն, որ 20-րդ դարաշրջանի որոշ ֆիլմերի յաջողութիւնը մասամբ այն պատճառով էր, որ այդ օրերին ֆիլմերի արտադրումն այնքան էլ պայմանաւորւած չէր տեխնիկական մոլուցներքով: Սա մասամբ դրա համար էր, որ ժամանակին ֆիլմն իր ուժն ու հեղինակութիւնն ստանում էր վարագոյրի երկու կողմերի միջեւ երազանքի ու անմիջական յարաբերութիւնների ցանկութիւնից:
Այդ առումով թատրոնը շարունակում է կամրջել ժամանակը: Վայարագոյրի այդ կախարդանքի հաճոյքը վերջերս հասցրեց վայելել թեհրանահայ թատերասէրը՝ «Տարեդարձ է այսօր» ներկայացման հաշւին: Ներկայացումը թափանցիկ էր ե՛ւ վարագոյր չունենալու, ե՛ւ իր «անվարագոյր» էութեան տեսակով:
«Տարեդարձ է այսօր»-ը բեմականացւել է Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս»-ի բեմում՝ յունիսին, երիտասարդ բեմադրիչ՝ Էրւին Գալստեանի եւ իր գործընկերների ջանքերով:
Ներկայացման մասին դրական արձագանգների ալիքը զգալի երեւոյթներից մէկն էր, յատկպէս, երբ դեռ նախնական երկօրեայ խաղաշրջանը չաւարտած «Տարեդարձ է այսօր»-ը որոշում էր անցնել երկրորդ շաբաթւան թէ ոչ (հեղինակիս ենթադրութիւնն է):
Ներկայացման դերասանական կազմից Բիայնա Մահմուդեանը, Անի Զաքարեանը եւ Փաթրիկ Քեշիշը ընկերակցութեամբ Էրւին Գալստեանի վերջերս «ԱԼԻՔ»-ի հրաւէրով հիւրընկալւեցին մեզ մօտ, որի ընթացքում էլ քննարկւեց մի շարք հարցեր կապւած թեհրանահայ բեմերն աշխուժացնելու ինչպէս նաեւ թատերարւեստին առընթեր հարցերի շուրջ:
Ընթացքում խօսւել է «արհեստավարժ բեմ» բառակապակցութեան շուրջ նաեւ: Քննարկւել են խմբի հետագայ ծրագրերի եւ համայնքային կտրւածքով թատրոնի զարգացման առջեւ գոյութիւն ունեցող խնդիրները նաեւ:
Նշենք, որ մեր այսօրւայ նիւթին կցւած է նաեւ թերթիս լրագրողի ակնարկը «Տարեդարձ է այսօր» ներկայացման թեմայով:
Գրոտեսկային իրավիճակ
Բիայնա Մահմուդեանն ու Անի Զաքարեանը նշում են, որ բեմից կատակերգութիւնն էր, որ խօսում էր: «Հէնց նոյն նպատակով էլ ենք բեմ բարձրացել, որ ժպիտ նստի հանդիսատեսի դէմքին: Նոյնիսկ եթէ տեղ կար, որ կարելի էր կոմեդիայի դոզան բարձրացնել, ապա շարժւում էինք այդ ուղղութեամբ»: Սակայն յիշեցրեցին ներկայացման որոշ դրւագների մասին, որտեղ պահը յուզական էր ու ծանր, բայց հանդիսատեսը շարունակում էր պոռթկալով ծիծաղել, չթաքցնելով իրենց զարմանքը հանդիսատեսի կեցւածքի վերաբերեալ: «Սկզբից էլ նպատակը պարադոկսական վիճակ ստեղծելն էր, ծիծաղել, զաւեշտալի տեսարաններ ստեղծել, ու մէկ էլ բո՛ւմ, փուչիկի պէս պայթեցնել այն: Մտածում էինք կոմեդիան ներկայացման ինչ-որ կէտից իր տեղը զիջելու է դրամային»: Դիտողութեանը, որ գուցէ մեղաւորի հետ նոյնականացւելու վարկածն է աշխատել հանդիսատեսի մօտ, ինչը յաճախ դրսեւորւում է ներւայն ծիծաղի տեսքով, Բիայնան պատասխանեց՝ գուցէ իսկապէս այդքան գրոտեսկային է մեր ներկան: «Բայց կարծում եմ թատրոնից կտրւած լինելը նոյնպէս պատճառներից մէկն էր, որի մասին արդէն մէկ այլ առիթով բացւել ենք հէնց «ԱԼԻՔ»-ի էջերով: Բայց հանդիսատեսը եկել էր ստանալու այն, ինչը պէտք էր կարծես միայն իրեն՝ Իրավիճակից տրամադրութիւն քամելով: Նա որոշել էր դրամատիկ պահերը դիմաւորել ծիծաղով, նոյնիսկ այն պահին, երբ իրավիճակի ծանրութեանը չդիմանալով արտասւում էր ինքը դերասանը»,- յաւելում է Բիայնան:
Սցենարից պիէսա ընկած տարածութիւնը եւ պատմութիւնից դուրս թողնւած հատւածը
Էրւին Գալստեանը մեզ պատմեց, որ սահմանափակումների ամբողջ փաթեթ պիտի յաղթահարել, երբ պատմութիւնը ֆիլմից՝ բեմ տանելու համար փոփոխութիւնների ես անցել:
Կինոյում դա յաջողւում է տարբեր անկիւններից ցոյց տալով ու տեսարանների անմիջական փոփոխութիւններով, կամ այլ հնարաքների օգնութեամբ: Իսկ բեմում դուք էք եւ ձեր իւրաքանչիւր բացթողման վկան՝ հանդիսատեսը: Սա հարցի մի կողմն է, իսկ միւսը՝ պատմութեան հասանելի դարձնելն ու որոշ հարցերում վերապահութեան գնալը: Չնայած, երբ նպատակ ես դրել, քեզ մնում է ելքեր գտնելու հաճոյքով առաջնորդւել: Բնականաբար միաժամանակ պիտի յաղթահարես նաեւ քեզ, որ պատմութիւնը չտուժի: Հասկանալի պատճառներով անհրաժեշտ էր փոփոխութիւններ մտցնել պիէսում: Նոյնիսկ նրանք՝ ովքեր կարող է համաձայն չլինեն նման կրճատումներին ու փոփոխութիւններին, գուցէ պատրաստ չէին լինելու մեր բեմերում այդ ներկայացումը դիտել օրիգինալ տարբերակով՝ ինչպէս Իտալերէն տարբերակով է պատկերւած:
Այնպէս, որ պատմութիւնն էութեամբ բերանբաց էր ու իրերն իրենց անունով կոչող: Համոզւած եմ այնտեղ անհասկանալի ոչինչ չկար: Մնացածի մասին, այդ թւում արձագանգների, առայժմ տարօրինակ ոչինչ չենք լսել:
Բոլոր ժամանակների բացասական կերպարը
Փաթրիկ Քեշիշը առաջին անգամը չէ, որ բացասական կերպար է մարմնաւորում: Չգիտի դրա համար պէ՞տք է ուրախ լինել, թէ՝ ոչ, բայց կարծես չի դժգոհում, որ հեղինակներն իր մէջ տեսել են բացասական հերոս մարմնաւորելու ունակութիւն:
Փաթրիկը պատմեց, որ ամէն բան սկսւել է սրանից 12 տարի առաջ, երբ թատերական դասընթացներ վարելու համար Երեւանից Թեհրան էր հրաւիրւել Գիրգոր Ամեանը: Աշակերտելով Ամեանին, Փաթրիկն անմիջապէս զգացել է իր խաղի նկատմամբ վարպետի հաւանութիւնը: «Այդ ժամանակ վստահ էի, որ ինձ բաժին է հասնելու կարգին դիրքով ու ձիրքով կերպար: Բայց Ամեանը մեր ներկայացման համար սատանայի դեր առաջարկեց ինձ: Սկզբում ծանր տարայ: Նոյնիսկ մտածում էի՝ անտեսւած տաղանդով ինչ անեմ հիմա: Մինչեւ ինքը՝ Ամեանը զգալով, որ չարչարւում եմ հասկացրեց, որ նման դեր վստահում են միայն նրան, ումից սպասելիք կայ: Աւելի ուշ «Թռիչք կկւի բնի վրայով» ներկայացմանը խաղացի Մաք-Մորֆիի դերը, որը նոյնպէս նորմալ մարդու կերպար չէր ու մասամբ բացասական երանգ էր պարունակում: Իսկ հիմա կասեմ՝ կերպարն ինչքան բացասական՝ էդքան դրական եւ ուժեղ»:
Նա յիշում է նաեւ նախկին ներկայացումներից մէկում իր մարմնաւորած կերպարի մասին, որտեղ ներկայացման պահին բեմից պիտի աչքով անէր պատմութեան միւս դերասանուհիներից մէկին: «Երբ արդէն օրեր էին անցել ներկայացումից, լսեցի, որ փչփչոցների առիթ է դարձել այդ աչքով անելը: Չկայ չարիք առանց բարիքի: Դա դնելու եմ դերի լաւ կատարման հաշւին, իհարկէ»,- նշում է փաթրիկը:
«Կարծում եմ «Տարեդարձ է այսօր»-ի դէպքում եւս պատմութեան ասֆալտն անցաւ իմ վրայով,- ասում է ու մի կումով փակում սառչող սուրճի գաւաթի հարցերը:
Ասմունքը թէ՞ բեմը
Անի Զաքարեանը «ասմունք թէ՞ թատրոն» հարցին պատասխանելիս մի պահ լռում է ու իրար նայելով միասին հասկանում ենք, որ հարցը գուցէ այնքան էլ եփւած չէր: Նա չուշացնելով պատասխանը նշեց, որ գերադասում է բեմում լինել: Իսկ դիտարկմանը, որ ասմունքի դէպքում ստիպւած ես կարճ ժամանակում յաղթահարել դահլիճի պատնէշ հասկացութիւնը, եւ, որ ասմունքն աւելի լուրջ մարտահրաւէր է կարծես պատասխանում է. «Բայց, չէ-որ թատրոնում նոյն այդ կարճատեւ պահերի ու դրւագների ապրումներն են, որ աղիւս առ աղիւս տրամադրութիւն ու պատմութիւն են կառուցում»:
Կարմիր գծերի մայրամուտը
Էրւին Գալստեանը նշում է, որ թաբոներ կոտրելու օրակարգ չի եղել սեղանին: Դա կատակերգութիւն էր, որի թեմաներից մէկը երկնագոյնների մասին ոչ այնքան ընդգծւած ակնարկն էր, պատմութեան միւս խնդիրների կողքին: Նպատակը ժամանակակից եւ միջազգային ճանաչում ձեռքբերած պատմութիւնները մեր հասարակութեանը հասանելի դարձնելն էր: Կարծում եմ հասարակութիւնների համար դրանք շարունակելու են մնալ նոյնը: Թաբու են համարւում նաեւ Արեւմուտքում, քանի որ կատակերգութիւնը անսովոր երեւոյթներով է տրամաբանւում նաեւ: Իսկ պատմութեան մէջ եղած թեմայի փոփոխութեան հարցում կարծում եմ այնքան էլ շօշափելի չէր այն, կամ տարեդարձի փոխելով «լուսնի խաւարում»-ը պատմութիւնն առաւել հասանելի դարձաւ մեր հանդսատեսին: Տարեդարձը գոյն հաղորդեց մեր պատմութեանը:
Էրւին Գալստեան- Սա հետաքրքիր կերպով մեզ մօտ աւելի կարծրատիպի տեսք ունի, քան իրանական բեմերի դէպքում է: Նոյն թեմաների շուրջ «Էրշադ»-ը տւել է ներկայացումների արտօնագիր: Մի կողմից էլ եկէք այսպէս նայենք հարցին, որ եթէ թեման շօշափւել է նաեւ իտալերէն ֆիլմի տարբերակում, ապա կարելի է ասել, որ որպէս կարմիր գիծ այն գոյութիւն ունի նաեւ Արեւմուտքում: Այնպէս, որ արժէքային համակարգում նմանութիւններն աւելի շատ են տարբերութիւններից:
Անի Զաքարեան- Երբ ներկայացումն աւարտւեց ինձ մօտեցան մի քանիսն ու կիսւեցին տպաւորութիւններով: Երիտասարդ տարիքի հանդիսատեսը՝ գոհ է մնացել ու հետաքրքրւած էր պատմութեամբ: Միջին տարիքի հանդիսատեսին յուզում էին ձեր ասած կարմիր գծերը նաեւ: Բայց աւելի շատ նա գոհ էր մնացել: Իսկ իմ կարծիքով յաջողութիւնը կարելի է նաեւ տեսնել այն բանում, որ մինչ օրս դեռ խօսում են այդ ներկայացման մասին:
8 ամիս տեւած փորձերի մասին
«Տարեդարձ է այսօր»-ը բեմադրեու համար ոչ թէ 8 ամիս պահանջւեց, այլ 8 ամիս առաջ էի պատրաստ բեմադրելու: Սակայն միւս ներկայացումները մէկը միւսի յետեւից բեմ դուրս եկան, ինչը չափազանց ուրախալի երեւոյթ էր ինձ համար: Արժէր սպասել: Մեզ խցանումներ պէտք չեն: Համայնքի տարողութիւնն ու համբերութիւնն էլ է պէտք հաշւի առնել:
Զգեստի ձեւորման մասին
Անին առաջինն է պատասխանում զգեստի ձեւաւորման մասին հարցին: «Անկախ այն բանից, որ ներքուստ քննարկում ես զգեստի ընտրութեան կամ յարմար լինել չլինելու հարցը, միաժամանակ գիտակցում ես, որ պէտք է արհեստավարժ մօտեցում ցուցաբերել եւ հաշւի նստել բեմադրողի կարծիքի հետ: Նոյնիսկ եթէ այդ ընտրութիւնը քեզ դուր չի եկել կամ կողմ չես տեսքին ու տեսակին: Կենտրոնանում ես դերիդ վրայ ու փորձում ես խաղալ այնպէս, որ զգեստի փոխարէն երեւաս ինքդ: Դու ես, որ իմաստ ես հաղորդում դերին»:
«Թագաւորն ու զգեստը» պատմութեան մասին ես յիշեցնում, բայց քեզ մօտ չի ստացւում ծիծաղեցնելը: Անիի գործընկերներն էլ կարծես Անիի տւած պատասխանով բաւարարւած սպասողական հայեացքով յաջորդ հարցին են պատրաստւում:
Լուսաւորման հարցը
Բիայնան ու Էրւինը միաձայն նշում են, որ պատմութիւնը ռէալիստական էր ու կարելի էր սահմանափակւել եղած հնարաւորութիւններով: «Այլապէս ոչ մէկը դէմ չէ եռաչափ պատկերներ ստանալու շքեղութեանը: Ուղղակի պէտք է յարմարւել մինչեւ փոփոխութիւնների հերթը հասնի»,- ասում է Էրւինը:
Ներկայացումների համար յարմար դահլիճ
Էրւին Գալստեանը նշում է, որ իրանական ներկայացումների դէպքում շատ յաճախ տոմսերն սպառւում են նոյնիսկ այն դէպքում, երբ ստիպւած ես քաղաքի մի ծայրից միւսը գնալ: Իսկ մեր դէպքում այդ բեմի հասցէն յստակ է: Իսկ թատերասէր հանդիսատեսի համար նախընտրելին հէնց նոյն բեմն է՝ «Կոմիտաս»-ի բեմը: Չնայած մեղմ ասած, ոմանք էլ դժգոհում են, որ հեռու է:
Բիայնան նոյն կապակցութեամբ յաւելեց, որ եթէ մտածում էք հեռաւորութեան դժւարութիւնների մասին, պէտք է մտածել նաեւ այն ամենի մասին, որոնց հետ կռիւ պիտի տայ դերասանը մինչեւ պատմութեան բեմ հանելը: Նորութիւն չէ, եթէ ասւի, որ նոյնիսկ դերասանն է գրպանից վճարում դրա համար: Նման դէպքերում ոչ մի անհատ իր բնագաւառում արհեստավարժ դառնալու երազանք չի ունենայ այլեւս: Ընդամէնը չորս գիշեր բեմադրութիւն եւ դրանով սպառւած է համայնքի թատերասէր խաւի հետաքրքրութիւնը, չասելու համար անհետանում է հանդիսատեսը: Սա այն դէպքում, երբ իրանական բեմերում առնւազն մէկ շաբաթ է պէտք մինչեւ խաղը նստւածք տայ ու սահուն դառնայ: Գումար արժեցող ամէն մի բան, տրամադրածդ ժամանակի հետ միասին, ինչպէս նաեւ կողմնակի ծախսերը դերասանին հասցւող հարւածներից փոքրագոյնն են:
Միութիւնների հետ աշխատելիս շատ յաճախ մտածում ես «Ինչ ես անում այստեղ: Կամ, եթէ մնայուն բան ու գործ ունենայիր, գոնէ քչից-շատից ապահովել էիր ինքդ քեզ: Բայց նոյն պահին մէկ էլ խորանում ես երաժշտութեան կամ կտաւի վրայ ու մէկ էլ ներսից ցնցւում ու մտքով սլանում ես գլխումդ ծագած գաղափարի խորքը»,- նշում է Բիայնան:
Այնպէս, որ մեր բեմերի ձեր նշած այդ լռութեան պատճառը միայն կորոնան չէր, ժամանակին միւս գործիչներն էլ են ենթարկւել նոյն ապրումների, որոնք այսօր շօշափելի են դարձել մերոնց համար:
Անի Զաքարեան- Ներկայացումների մասին պրոպագանդան ու գովազդային աշխատանքները կաղում են: Եթէ, ինչ որ բան էլ արւում է, ապա արւում է հէնց թատերախմբերի միջոցներով: Սա մասնագիտական հարց է, որի համար պահանջւում է նոյն հարթութեան կողմից լուծումներ: Միութիւններն էլ մինչեւ թրծւում ու հասկանում են գործի ընթացակարգի մասին վարչութիւններն են շրջանաւարտ դառնում ու նոր մարդկանց հետ նորից պիտի սկսել զրոյից: Սրանով աւելի խորն ես զգում յոգնածութիւնը: Ներկայացումն աւարտւելով պիտի ուրախ լինես, որ հիմա զբաղւելու ես միւսով, բայց մեզ մօտ չի ձեւաւորւել այն մշակոյթը, որը կարող էր քեզ խրախուսելով ու գօտեպնդելով առաջ մղել կամ օգնել թօթափելու կտրած ճամբի փոշին:
Մեր ներկայացումները թիթեռնիկի կեանք են ունենում կամ ինչու մեզ մօտ չի ձեւաւորւել մի քանի տարի բեմադրւած ներկայացման մշակոյթը
Էրւին Գալստեան– Գաղափարը գեղեցիկ է հնչում: Բայց չգիտեմ որքանով է հնարաւոր դա անելը: Յատկապէս, երբ արհեստավարժ չէ թատրոնդ, այսինքը՝ դերասանդ չի վարձատրւում մնայուն աշխատավարձով: Մի շաբաթ կարող է խաղալ, միւս շաբաթ՝ անձնականի բերումով ոչ երեւի: Դերասանի մասին է խօսքը: Դեկորացիան նոյնպէս, որտեղ պահես: Յատկապէս, երբ ամենուր կայ տարածքի խնդիր: Հանդիսատեսը նոյնպէս, կայ ու չկայ: Դուք խօսում էք արհեստավարժ մօտեցումով թատրոնի մասին, բայց այն ուզում էք իրականացւած տեսնել մեր՝ ամենասիրողական ու անլուրջ մօտեցումով բեմերում: Սրանք համատեղելի չեն:
Բիայնա Մահմուդեան– Հասկանալով ձեր նշումները կասեմ հետեւեալը, որ, երբ թատրոնի գործիչն իր սեփական մաշկի վրայ է զգացել եւ գիտի, որ պէտք է սահմանափակ շուկայի, կամ մեր դէպքում սակաւաթիւ հանդիսատես ունեցող համայնքում աշխատել, դժւար թէ նոյն կտրւած պարանով նորից նոյն հորը մտնի: Չնայած յանուն թատրոնի մի քանի անգամ մտնում ու դուրս է գալիս մինչեւ վերջնականապէս որոշում է հրաժարւել, բայց իրականութիւնը մնում է անփոփոխ: Այն, որ մեր դերասաններն ու թատերական գործիչներն էլ են ապրում նոյն թանկութիւններով աշխարհում, եւ իրենք էլ են փակում իրենց սեղանի հաշիւը:
Չտրւած հարցին պատասխանելիս
Էրւին Գալստեանը շնորհակալ է, որ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան պատասխանտուները ճիշտ ընկալում դրսեւորեցին պատմութեան նկատմամբ, յատկապէս, երբ թատերգութիւնը ընթերցելով հաւանութիւն տւեցին գործին: Բիայնա Մահմուդեանը կրկնելով միտքը կարեւորեց այսօր թատրոնին օգնութեան ձեռք մեկնելու փաստը, որից կախւած են մշակութային բոլոր նախաձեռնութիւնները: Անի Ջաքարեանը շնորհակալ է քաջալերանքի, ինչպէս նաեւ մամուլով կատարւող մեկնաբանութիւնների համար, միաժամանակ նշելով, որ ամուր թիկունք ունենալը շատ կարեւոր է աշխատանքը շարունակելու համար: Փաթրիկը եզրափակելով զրոյցը նշում է, որ մէկը պիտի լինի ու մտածի վիճակը բարեփոխելու մասին: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են համագործակցել, նոյնիսկ բարձրաձայնում են այդ մասին: Եթէ մի տեղ ու տարածք յատակցւի նման աշխատանքներին, ապա կարծում եմ շատերն են աջակցելու: Ասեմ, որ ոչ բոլորն են հետաքրքրւած դերասանական արւեստով, նրանցից շատերը պատրաստ են տեխնիկապէս աջակցել խմբերին: