Հայաստանի կառավարութեան ծրագրում առանձնայատուկ տեղ է յատկացւել պարսկերէնի ուսուցման խթանմանը

«ԱԼԻՔ» – ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրէասեանն Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարած պաշտօնական այցի շրջանակում այցելել է «Սաադի» հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելին: Այդ մասին յայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար՝ Ժաննա Անդրէասեանը կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական եւ պատմամշակութային հիմքերի վրայ ձեւաւորւած բազմակողմ համագործակցութիւնը՝ ընդգծելով դրա խորացման անհրաժեշտութիւնը յատկապէս կրթութեան եւ մշակոյթի ոլորտներում։
Անդրադառնալով կրթութեան ոլորտում համագործակցութեանը՝ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարութեան 2021-2026 թւականների ծրագրում առանձնայատուկ տեղ է յատկացւել տարածաշրջանային լեզուների, այդ թւում՝ պարսկերէնի ուսուցման խթանմանը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանի 13 դպրոցում իրականացւում է պարսկերէնի ուսուցում։
Կողմերը քննարկել են Հայաստանում պարսկերէնի ուսուցման ընդլայնման եւ զարգացման հնարաւորութիւնները հանրակրթութեան եւ ԲՈՒՀ-ական համակարգերում։
Ժաննա Անդրէասեանի խօսքով՝ պարսկերէնի ուսուցման եւ հետազօտութիւնների իրականացման առումով կարեւոր հարթակ կարող է հանդիսանալ նաեւ Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանը, որտեղ պահւող հնագոյն ձեռագրերը գիտական հետազօտութիւնների հարուստ պաշար են:
Ղոլամ Ալի Հադդադի Ադելը ողջունել է հայաստանեան պատւիրակութեան այցը եւ ընդգծել երկու երկրների պատմական կապերն ու բարեկամական յարաբերութիւնները։ Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարութեան՝ տարածաշրջանային լեզուների ուսուցման քաղաքականութիւնը՝ նշելով, որ այն ոչ միայն լեզւական կրթութիւն է, այլեւ խթանում է տարածաշրջանային մշակութային փոխըմբռնումը։
Հանդիպման ընթացքում քննարկւել են նաեւ պարսկերէնի առցանց դասընթացների կազմակերպման հնարաւորութիւնները, Իրանում պարսկերէնի ուսուցման նպատակով կրթաթոշակային ծրագրերի ներդրման հեռանկարները, ուսումնական նոր նիւթերի եւ դասագրքերի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք այլ հարցեր: