Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

ԴՈՒ ՈՒԶԵՑԻՐ…

Մեծանուն բանաստեղծ Համօ Սահեանը եւ նրա առաջին կինը՝ բանաստեղծուհի Մարիա Յակոբեանը միասին ապրել են 34 տարի, ապա բաժանւել են: Բայց անգամ բաժանւելուց յետոյ նրանք իրար հետ «խօսել» են բանաստեղծութիւնների միջոցով:

Եւ ահա Մարիա Յակոբեանը գրել է.

Էլ չեմ անի, էլ չեմ անի,

քեզ ինձանից էլ չեմ վանի,

էլ չեմ գնայ, որ չգնաս,

չեմ հեռանայ, չհեռանաս,

կհաւատամ, որ հաւատաս:

Ինչին Համօ Սահեանը պատասխանել է.

Դու ուզեցիր, որ ես

քեզ տիրութիւն անեմ,

ու ես անտէր մնամ:

Ամէն, ամէն ինչ տամ,

տեղը ոչինչ չառնեմ,

ու քեզ ընկեր մնամ:

Դու իմ արեւն առար

եւ ուզեցիր, որ ես

շնորհակալ լինեմ,

ես անարեւ մնամ,

բայց քո բախտի համար

արեւագալ լինեմ:

Դու ուզեցիր, որ ես

քեզ թողնեմ ու գնամ,

բայց եւ քոնը լինեմ,

արցունքի մէջ մնամ

ու սգի մէջ մնամ,

եւ քո տօնը լինեմ:

Դու ուզեցիր, որ ես

փոխւեմ հազար անգամ,

բայց եւ հինը լինեմ:

Քեզ ուրիշին տւիր

եւ չուզեցիր անգամ,

որ ես իմը լինեմ:

Դու ուզեցիր, որ ինձ

քո մեղքերով չափեմ

ու մեղքի տակ մնամ,

քո մեղքերի վրայ

իմ աչքերը փակեմ

եւ անգիտակ մնամ:

Գուշակեցէք, խնդրեմ,

մարգարէներ, հիմա,

ես ձեր ճորտը լինեմ,

թէ մինչեւ ե՞րբ պիտի

ես իմ տան մէջ՝ միակ

աւելորդը լինեմ:

Related Articles

Back to top button