Թեհրանահայ թատերարւեստի երիտասարդ գործիչների հետ ՎԱՐԱԳՈՅՐԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ
Երկու բառով անկեղծ՝ ինքս ինձ հետ
ՀԱՏԻՍ
Սկզբից նշեմ, որ եթէ ընթերցողը մտածում է իւրաքանչիւր աշխատութեան կամ համայնքային ծրագրի համար պէտք է ոտնկայս ծափահարութիւններով խրախուսել միջամուխ անձանց ու դրանով բաւարարւած զգալ, ապա այս գրութիւնը նրա համար չէ: Նեարդերը խնայելու համար նրան խորհուրդ չի տրւում ընթերցել շօշափւող թեման:
Ամռան այս շոգին թատրոնի երիտասարդ գործիչների ջանքերով բեմականացւեց «Տարեդարձ է այսօր» ներկայացումը:
Այս մասին ժամանակին թերթիս տպագիր եւ վիրտուալ տարբերակներում եւս լրատւութիւն է կատարւել:
Նախ ասեմ, որ ուրախանալու բան կայ այստեղ: Նոր արտիստներ ու դերասաններ ունենք արդէն: Չնայած նոր անուններ միշտ էլ եղել են: Սակայն, տեւական ժամանակ մեր բեմերում պարապութիւն էր տիրում, եւ բնական է, եթէ դինամիկան պակասած լինի թատրոնով հետաքրքրւողների: Այսպիսով հանդիսատեսն իրենից անկախ աննկատ կարող է անցնել իր համայնքի թատերական ծաղկող սերնդի կողքով: Նրանք արդէն վերջին տարում տարբեր ներկայացումներով մի քանի անգամ են բեմ դուրս եկել:
Նոյնիսկ բեմական զգեստի ձեւաւորման արւեստով զբաղւող անուններ կան։
Լաւ է հնչում՝ չորրորդ պատի երկու կողմերում յայտնւած լսարանն ու դերասանը մասամբ հասցրել են իրենց կարօտն առնել: Իհարկէ կարօտ ասելն այստեղ չափազանցւած է ու շքեղութիւն կը լինէր մեր դէպքում: Առնւազն թատրոնով հալումաշ եղող շրջապատ դեռ անձամբ չեմ տեսել:
Նոյն ամռան այս շոգն աւելին կը թէժանայ, երբ տեսնես մայրաքաղաքի աւելի քան 20 բեմերում մէկը միւսի աւարտին սպասող խաղացանկն է շարունակում թարմանալ: Օրինակ՝ «Իրանշահր»-ը հիւրընկալում է չորս նոր ներկայացում եւ նոյն քանակութեամբ թատերախմբերի: Իսկ «Թէաթրէ շահր»-ը «Մոբարաք» տիկնիկային միջազգային փառատօնի յաջողւած փորձից յետոյ մի քանի նոր ներկայացումներով պատրաստւում է մրցակցել մասնաւոր թատրոնների ու դահլիճների հետ:
Կարճ կապեմ: Եռուզեռը երբեւէ չի դադարել արհեստավարժ հանդիսատեսի համար: Այնպէս, որ թատրոնով տարւած հանդիսատեսի, կամ ոլորտի արհեստավարժ տեսակի հետ կիսւելու համար է այս յօդւածը:
Նպատակը՝ նորից բռում եղած-չեղածով ու թատրոնի մասին թօթովելով առանցքային հարցերի շրջանակ ներխուժելն է: Այլապէս մերոնցից ում էլ, որ հարցնելու լինես կը ստանաս՝ «Իրանում առաջիններից ենք այս ասպարէզում: Մենք շատ վաղուց ունեցել ենք այնպիսի թատրոն, որով կարելի է հպարտանալ» պատասխանը: «Ինքնախաբէութիւն է» չասելու համար ասեմ, որ երբեմն միամտութեան մշուշում յայտնւելով մէկ էլ նկատում ես, որ աշխարհն առաջ է շարժւել, իսկ դու մնացել ես «աշխարհի քո կենտրոնում»:
16+ պատմութիւններն ու թաբուների կոտրւող տաշտակը
6 մտերիմ ընկերներ հաւաքւած իրենց միւս ընկերոջն են սպասում՝ անակնկալ մատուցելու: Առիթը՝ 7-րդի ծնունդն է: Ներկայացման սկզբում, ընկերներից մէկը՝ հոգեբան Եւան, ասում է, որ նա վստահ է, որ շատ զոյգերի գործը բաժանման կը հասնի, եթէ նրանք ստուգելու լինեն միմեանց բջջային հեռախօսի պարունակութիւնը։ Այդ օրը նրանք որոշում են խաղալ մի անսովոր խաղ, որով բոլորը պարտաւոր են սեղանին դնել իրենց բջջային հեռախօսները, այդ ընթացքում բարձրաձայն ընթերցել մուտքային հաղորդագրութիւնները եւ պատասխանել զանգերին բացառապէս բարձրախօսի միջոցով։ Համերաշխ ընկերները նոյնիսկ չէին էլ կարող պատկերացնել, թէ ինչ կործանիչ գաղտնիքներ պիտի բացայայտւի այդ խաղի ընթացքում:
Պատմութիւնը վերցւած է իտալական «Իդէալական անծանօթներ» (ռեժիսոր Պաոլօ Ջենովեզէ) ֆիլմի հայկականացւած՝ «Անյայտ բաժանորդը» անունը կրող տարբերակից: Ֆիլմում տարեդարձի մասին խօսք չկայ: Ընկերները պարզապէս առիթ են դարձրել լուսնի խաւարումն ու հաւաքւել միասին ժամանակ անցկացնելու:
Ֆիլմը վերանկարահանւել է շատ երկրներում, այդ թւում՝ Իսպանիայում, Մեքսիկայում, Հարաւային Կորէայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Յունաստանում, Չինաստանում եւ Ռուսաստանում։ 2019 թւականին այն ընդգրւել է Գինէսի աշխարհի ռեկորդների ցանկում որպէս ամենաշատ վերանկարահանւած ֆիլմ, որն ունի ընդհանուր առմամբ՝ աւելի քան 18 տարբերակ: Իսկ 19-րդն արդէն Թեհրանահայ բեմում ներկայացւած տարբերակը կարելի է համարել երեւի: Սա ասւեց ակնարկելու համար, որ թեման խիստ այժմէական է եւ մերօրեայ հանդիսատեսին եւս հետաքրքրող:
«Տարեդարձ է այսօր»-ի պիէսը արտագրւել է ֆիլմի հայերէն տարբերակի դիալոգների վրայից ու համարեա դրանց կրկնութիւնն է, չնայած չնչին փոփոխութիւններով, որոնցում լեզւական առումով վերախմբագրելու անհրաժեշտութիւնը նկատելի էր: Իհարկէ սա կարելի է նկատել ֆիլմի հայերէն տարբերակի՝ «Անյայտ բաժանորդը» ֆիլմի առցանց դիտումի ժամանակ նաեւ:
Մինչեւ պատմութեան 16-պլուս թաբուներին անցնելը հարկ է նշել, որ ռեժիսորը դերասանների օգնութեամբ, որպէս բեմական պատկերներ ու ֆորմայի, հասցրել էր ծածկոյթի տակ առնել բեմն ամբողջութեամբ, ինչը կոմպոզիցիայի առումներով անհրաժեշտութիւն համարւող յատկանիշ է: Սակայն դերակատարները ներկայացման պահին յաճախ մէջքով շրջւած էին ու խաղում էին թիկունքն արած հանդիսատեսին: Այսպիսով դերասանի ու չորրորդ պատի միջեւ առանց այդ էլ դժւարութեամբ հաստատւող կապը կակազել էր սկսում ընդհատելով ռիթմը:
Լուսաւորումը
Իրանահայ բեմերի լուսաւորման արւեստի ու տեխնիկաների բացակայութեան մասին եւ եղածը ժամանակակից դարձնելու անհրաժեշտութեան թեմայով թերթով բազմիցս ենք ակնարկել տարբեր առիթներով:
Չնայած մեր բեմերը հասկանալի պատճառներով միայն թատրոնի համար չեն: Սակայն խնդիրներն այնքանով են անլուծելի թւում, որ թատերական ներկայացման համար պատրաստւող բեմադրիչը շատ յաճախ մտածում է աչքաթող անել նախագծով ենթադրւած բաժիններն ու բաւարարւել եղածով: Կարծում եմ՝ «Տարեդարձ է այսօր»-ը եւս զերծ չէր այս «աղէտից» ու լուսաւորման էֆեկտներուվ դրւագներն ընդգծելու հնարամտութիւն չդրսեւորեց իրենից: Իհարկէ եթէ կար նման միտում:
Այնուամենայնիւ արձանագրենք, որ լոյսը համապատասխան էֆեկտների ու անկիւնային, ինչպէս նաեւ մարել-բացւելու հաշւին թոյլ է տալիս եռաչափ դարձնել ներկայացումը միաժամանակ խորք հաղորդելով պատմութեանը…
Ձայնային էֆեկտներ
Հազւագիւտ ներկայացումներից էր «Տարդեդարձ է այսօր»-ը, որտեղ ձայնային օպերատորը աչքի էր ընկնում աներեւոյթ դերասանի տեսքով: Նա լիակատար կարողականութեամբ իր ներկայութիւնը զգացնել տւեց դահլիճին: Թէեւ սա պէտք է համարել բեմադրողի յաջողութիւն, այնուամենայնիւ, լաւ իրականացւող աշխատանքը կարող է դերասանի կամ կուլիսների հմտութեան հաշւին ստւեր մղել նկատելի բացերը:
Վարագոյրից այն կողմ
Դէմ առ դէմ յայտնւում ես վարագոյրի տարբեր կողմերում ու բեմի առաջին իսկ առիտմայով պատմութիւնից առաջ ընկնողի պէս հաշւել ես սկսում բեմի կակազկոտ քայլերը: Պարզ խօսքերով՝ ներկայացումը մէկ-մէկ յետ էր մնում դահլիճից, ու հրաշքով փրկւածի պէս կարծես շարունակում էր պատմել իր պատմութիւնը, չասելու համար 16-պլուս տարրի հաշւին:
Լեզւին տիրապետելը միայն բառերով չէ, դրա հետ յարաբերւելով ու ապրելովն է
Անկեղծութեան ու դրա չկերտւած սահմանների մասին է խօսքը: Իսկ կաշկանդւածութեան ու խուսափողական դիրքը եւս խնդրի միւս երեսն էր: Էրւինին կարծես դուր են գալիս «Չալընջ»-ներով պայմանաւորւած մարտահրաւէրներն ու նման իրավիճակներում խաղի պայմանները: Այն նկատելի էր, յատկապէս, նրա նախորդ ինքնուրոյն գործերում ինչպիսին «Ֆերէյդունի պատմութեան» դէպքում, որով ինչքան էլ զարմանալի թւայ տեւողութեամբ մէկ ժամ նա մենակատարի դերում պատերազմական պատմութիւններ է պատմում «Մոլաւի» թատերասրահում: Իսկ սա դեռ քիչ է, մի հատ էլ արժանանում քննադատների բարձր գնահատականին:
Բառից՝ խաղի, ապա խաղը պատկերի վերածելու մասին է խօսքը: Նոյն պատճառով է, որ «ցուցադրում» բառակապակցութիւնից խուսափում եմ յաճախ, քանի որ այն այս դէպքում թանձր էր հնչելու որակում տալու համար: Աւելի պարզ՝ պատմածը յաճախ պատկերի չէր վերափոխւում կերպարների չբացայայտւած յարաբերութիւնների խճճւածքի բերումով, ինչը ֆիլմում լուծւել է տարբեր անկիւններից տեսագրութեան, կամ սցենարի համապատասխան լուծումների արդիւնքում:
Սիրախաղերի, կամ նոյնիսկ երկնագոյնների թեմայի մասին բարձրաձայնելու թաբուն, պահանջում է ճշգրիտ խաղ (տեքստի հետ միասին) եւ դահլիճի արձագանգով պայմանաւորւած անմիջականութիւն: Ասածիս պէտք է յաւելել աշխարհագրութեան այն հասցէն ու վայրը, որտեղ առաջին անգամ խաղարկւել է նման «մշակոյթի» մասին պատմող կոմեդիադրաման: Այնտեղ գուցէ նոյնիսկ «16+»-ը հազիւ 12 պլուս նշումն ունեցած լինի պրոպագանդայի ու «նորմալացման» գործընթացի երկար տարիների հաշւին: Այնպէս, որ տեքստը ձեռքի հետ թարգմանելն ու նոյն կերպ հանդիսատեսի դատին յանձնելը ոչ միայն ռիսկային գործողութիւն է, այլեւ շոկային իրավիճակ:
Հէնց այդ հարթութեան վրայ էլ շարունակւելու է Էրւին Գալստեանի ընտրած թեմայի եւ դրա միջով անվնաս անցնելու մեխանիզմների շուրջ մեր այս զրոյցը: Ֆիլմի հայաստանեան տարբերակում պատմութեան մեկնարկը հօր ու դեռահաս դստեր միջեւ «ինտիմ» դաստիարակութեան թեմայով զրոյցով է: Սա նոյնիսկ Հայաստանում հեշտ ընկալւող իրավիճակ չէ: Այնուամենայնիւ Էրւին Գալստեանի տարբերակում այդ հանգիստ զրոյցին փոխարինելու է եկել մօր ու դստեր միջեւ ծագած վիճաբանութիւնը՝ աղջկայ պայուսակից գտած մի տուփ սիգարետի պատճառով:
Բնական է, եթէ կրակի պատրոյգը իջեցրած լինի Էրւինը: Այնքանով, որ պատմութիւնը չվիժի: Խոստովանել է պէտք, որ բազմաթիւ խնդիրներ ու փաստեր կողք-կողքի դնելուց յետոյ առաւել ընկալելի է դառնում, թէ ինչու պիտի գործը յաջողւած համարել:
Եթէ անկեղծ…
Խաղարկութեան ընթացքում հանդիսատեսը թեթեւակի զգում է, որ բեմում կատարւածն աւելի շատ թատերական ընթերցման էր նման քան այլ բանի: Չնայած կէս ժամից յետ է գնում դէպի թատերարւեստ: Եւ, իհարկէ, սա կատարւում է սպորտային տրամադրութիւն հաղորդող հաւաքոյթի պատմութեան ընթացքում, որտեղ շքեղութիւն յիշեցնող էգզոջարէ (խտացւած գունեղութեան հաշւին լղոզւած պատկեր) զգեստաւորումն այնքան էլ համահունչ չէր երեւի ժամանակակից հաւաքոյթների սպորտային հագուկապին: Աւելորդ կը լինէր տափակ լոյսի (լուսաւորման տերմին է կերպարւեստում) երեւոյթին անդրադառնալը, որով ոչմիայն գոյներն են միապաղաղ ու յոգնեցնող դառնում, այլեւ անհնար է պատկերը եռաչափ դարձնել չորրորդ պատի աչքին:
Անցնենք առաջ: Մէկ այլ առիթով եւս նշել էինք, որ իրանահայ բեմերում կիրառւող լեզուն, չգիտես ինչու, աղերսկոտ երանգ ունի: Ոնց որ խնդրած լինես, որ մի քիչ էլ քեզ լսեն: Երեւի ինքնավստահութեան վարկածն է խօսում: Գուցէ ինքը՝ դերասանն էլ է գլխի ընկել, որ մասամբ տարածութեան մէջ է բեմական հայերէնից: Բեմից հնչած խօսքով է, որ հնարաւոր է գրական երկին բեմական մարմնաւորում տալ: Սա խնդիր է, որ դերասանին թոյլ չի տալիս (եւ չտւեց) կերպարը լիովին մարսել:
Մերոնց մասին ճիշտ բնութագիր տւեց մի անգամ անւանի դերասան Կարէն Ջանիբէգեանը, երբ 90-ականներին Թեհրանում «Համազագային»-ի հիւրախաղերի ժամանակ զրոյցի էի նստել նրա հետ: «Դերն ու կերպարը ձւի է նմանում: Թէ ներսից կոտրւի՝ շունչ կը տայ բեմին: Բայց, որ փորձես դրսից կոտրել՝ սպանել ես, դերն էլ ես անհոգի դարձրել»,- մի ամբողջ իմաստ հաղորդեց Ջանիբէգեանը ձւի մասին արած իր պատմութիւնով:
Այնպէս, որ կոմեդիաների կամ դրամաների դէպքում լեզուն այն գործիքն է, որ չտիրապետելու կամ «ֆալշ նւագակցելու» դէպքում՝ հում է մատուցւելու գործը, արհեստական դարձնելով եղած-չեղածը: Նոյնիսկ երգիծանքն «արդէն միանգամ պատմած անեկդոտի» տպաւորութիւն կը գործի հանդիսատեսի վրայ:
Մերոնց մօտ կոմեդիան վերը նշւած տարբեր պատճառների բերումով ինքնաբերաբար (շատ յաճախ) մղւում է «բրեխտեան տարածութիւն», բայց ոչ ինտերակտիւ պաուզաների շնորհիւ:
Սակայն պէտք է նշել նաեւ, որ միանգամից «մի քանի թաբու՝ մէկ բեմում» կոտրող պատմութեան հաշւին դերասանական կազմին յաջողւեց հանդիսատեսին ցուցադրել քիչ թէ շատ դիտարժան ներկայացում, որն իր պատմութեան ընթացքով չի հրաժարւում անսպասելիութեան տարրից, եւ ինչ որ տեղ ձգտում է ստեղծագործութեան ներքին ռիթմի պահպանմանը։ Այն չի իջնում սովորական շոուի մակարդակի եւ դրամատիկ դիալոգների միջոցով ներկայացնում է միջին խաւի մարդկանց առօրեայ լարւածութիւնները նաեւ։
Այս տեսակէտից այս ներկայացումը առաջընթաց շարժում է թեհրանահայ բեմ հասկացութեան վերջին կէս դարւայ ներկայացումների կտրւածքով:
Բեմում Բիայնա Մահմուդեանը միամիտ կնոջ կերպարում է: Դերասաններից մի քանիսը եւս հասցրել են բեմական լաւ փորձ կուտակել: Պատմութեան վերջին շրջադարձը այս պարզ կերպարի էլաստիկ, բայց անփոփոխ էութեան հետ միասին բացայայտում է ընկերներից թաքուն պահած միւս կերպարների երեսը նաեւ: Սա պատմութեան անկանխատեսելիութեան վարկածով հնարքներից էր:
Պատմութիւնն այստեղ մնում է հոգեբանութեան սենեակում առանց լոյս սփռելու մութ միջանցքների կողմը: Չնայած օրիգինալ ֆիլմի դէպքում պատմութիւնը, որտեղից Էրւինն է իջեցնում վարագոյրը, շարունակում է պատմել եւ տանում այլ ուղղութեամբ: Ֆիլմում հասկանում ես, որ այդ ամէնը բժշկի երեւակայութիւնների արդիւնք էր, որից ազատւելու համար ֆիլմի վերջում պարզւում է, որ նա հէնց սկզբից դէմ է գնացել հեռախօսների խաղի առաջարկին, բոլորին համոզելով, որ սեփական գաղտնիքը պահեն գրպանում:
Այստեղ է, որ ներկայացումը ձեւի ու բովանդակութեան առումով թափառում է հասարակական թեմայի լրջութեան ու կոմեդիկ անլրջութեան միջեւ:
Իսկ աւելի կոշտ ձեւակերպմամբ՝ սա ոչ թէ աւարտը չնշած պատմութիւն է, այլ որոշակի աւարտ չունեցող պատմութեան պէս զրոյց:
Այստեղ է, որ Համլետի «լինե՞լ, թէ՞ չլինել» փորձաքարի օրինակով՝ «բեմադրե՞լ, թէ՞ չբեմադրելն» է քորի պէս բազմում գլխիդ:
Պրոֆեսիոնալ հանդիսատես ունենալու եւ միաժամանակ համապատասխան տեխնիկայով բեմի խնդիրն ու դրան ուղղւած հայեացքն է, որ որոշիչ է: Թատրոնի զարգացման հարցում մեր թոյլ կողմը հէնց մոռացութեան տւած կողմն է:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ