ԴԵՐԱՍԱՆԻ ՄԱՀՈՎ ՎԷՊ ԴԱՐՁԱԾ՝ ՍՑԵՆԱՐԸ
Լեւոն Հաֆթւանի մատնահետքին նւիրւած Վահիդ Ռահբանիի քրէական վէպի հետքերով

ՀԱՏԻՍ
Վահիդ Ռահբանիի հետ ունեցած իմ առաջին հանդիպումը տեղի ունեցաւ «Բազիէ Եալթա» ներկայացման ժամանակ: 2015 թւականին էր: Բեմադրութիւնը Լեւոն Հաֆթւանիինն էր: Ներկայացման ողջ ընթացքում Վահիդ Ռահբանին մոնոլոգային խօսք էր վարում, որտեղ չես կարող կտրւել մտքիդ թելից:
Պարզապէս ամէն բան կորած կը լինի, եթէ ինչ որ բանով կտրւի այդ կերպարը հիւսող մոնոլոգային այդ բարակ թելը: Նոյն պահին, երբ նա տաքացած, կերպարն իր հագով էր դարձրել, հանդիսատեսի շարքերից լսւում են ապարատիս շխկշխկոցները… պահը կորցնել չէի կարող: Պէտք էր նկարել չկրկնւող այդ պահերը… իմ կողմ թեքւեց, մթութեան մէջ գտաւ ու միայն սեւ բիբերն երեւացող աչքերով չորեց գնաց… այլեւս իմ կողմ չթեքւեց…ես էլ երեսառածի պէս ապարատիս լենզից յետեւեցի խաղին: Կէսգիշերւան, երբ ներկայացման պրոդիւսեր Ալբերտ Բեգջանիի փոխանցած հեռախօսահամարին տելեգրամով ուղարկեցի ներկայացման նկարները, անմիջապէս ընկերացանք…իսկ երկու ամիս առաջ գրքի ցուցահանդէսին մեր հանդիպմանը նա պատմեց, որ «Էդ»-ը նախքան վէպ ու գիրք դառնալը, որոշւած էր, որ լինելու է սցենար հէնց Լեւոնի դերակատարութեամբ: «Սակայն կեանքը նրան խլեց Իրանի կինոյից: Սցենարն էլ, ինչը միայն նրա հագով պիտի լինէր ու սկզբից էլ նրա չափսերով էի ձեւել, վերածւեց Լեւոն Հաֆթւանի յիշատակին գրւած վէպի»,- ասաց Վահիդ Ռահբանին գիրքը մակագրելու ժամանակ:
Քրէական ընթերցւածք
Վէպի պարտմութիւնը գծային չէ: «Էդ»-ի կառուցւածքը հիմնւած է երեք տարբեր պատմութիւնների վրայ, որոնք նոյնպէս նմանութիւններ ունեն պատմողական յետագծում: Կեղծ սպանութեան տեսարանը (ծննդեան օրւայ անակնկալի տեսարանով), պատմութեան գլխաւոր հերոսը՝ Էդը, ով պատմութեան ամենագեր մարդն է նաեւ: Էդւարդը կարծես հէնց նա է, ում յիշատակին է գրւել պատմութիւնը՝ հանգուցեալ դերասան Լեւոն Հաֆթւանի: Իսկ պատմութեան գլխաւոր հերոսի հին ընկերը Խոսրօն՝ պատերազմական լուսանկարիչ է, ում միջոցով պատմութիւն է մուտք գործում Ռոյեան: Ռոյեան գեղեցկադէմ ու բարձրահասակ ռուս կին է, ում ճակատագրի մասին տեղեկանալու համար Թեհրանում ապրող Խոսրոն զանգում է Էդւարդին, հէնց այն պահին, երբ Էդւարդը բաղնիքում կողաշրջւել է ու քաշի բերումով կոտրել է ուսը: Էդւարդի ճակատը արիւնահոսում է, ու նա անկարող է տեղից շարժւել շտապ օգնութիւն կանչելու համար: Խոսրոյի զանգից հեռախօսի ինքնապատասխանիչն է միանում ու Խոսրոն լսում է Էդւարդի հեռւից եկած ձայնը: Էդւարդը Խոսրոյին խնդրում է զանգել 911, որ իրանական 911-ից կապւեն կանադական 911…Մինչ այդ պահն Էդն այնքան էլ տարւած չէ եղել կեանքով, բայց ինչպէս պատմութիւնն է նշում նա սիրում է պիցցայի համը, չի փորձել ինքնասպան լինել, բայց առանձնապէս էլ կեանք չի բուրում: Հակառակ դիրքումն՝ Խոսրօն է, ով մի քանի անգամ ձեռք է բարձրացրել իր կեանքի վրայ, չի յաջողւել, քանի որ անւասայլակն է շրջւել ու չի կարողացել աւարտին հասցնել գործը: Իսկ այժմ Էդւարդը խնդրում է, որ Խոսրօն չանջատի կապն ու նրան սեփական կեանքը փրկելու առիթ տայ…Այստեղ աբսուրդիզմի եւ նեհիլիզմի հակադրութեան վառ օրինակներով երկարաշունչ դիալոգ է տեղի ունենում:
Չնայած իւրաքանչիւր հերոսի դրւագ վերաբերում է միւս երկուսի տարբերւող իրադարձութիւնների ամբողջութեանը, դրանք նոյնպէս ունեն ընդհանրութիւններ:
Վէպը սկսւում է Ճապոնիայում: Այնուհետեւ պատմութիւնը ներկայացնում է խաւարասէր միջատներին ու մի քանի այլ կենդանիների, այդ թւում կատւին՝ Լուսիին ու թութակին, որոնք պէտք է ականատեսը լինեն Էդւարդի միայնութեանը, նրա կնոջ առօրեային, եւ մասնաւորապէս՝ Էդւարդի մօր ժամեր տեւած հեռախօսազանգերին:
Վէպի եզակի առանձնայատկութիւններից մէկը նրա ցիր ու ցան, կամ երբեմն խճճւած դրւագներն են, որոնք ի վերջոյ, միաձուլւում ու ստեղծում են դինամիկ ու լարւած տեսարան: Վահիդ Ռահբանին «Էդ»-ում կիրառած ուրոյն ոճի շնորհիւ, մշակութային յղումների, խենթ երկխօսութիւնների ու հերմենոտիկ լուծումների առումներով ողնաշար ունեցող պատմութիւն է հիւսել:
Ամենասկզբից՝ բարդ համեմատութեամբ նշեմ, որ «Էդ»-ում ամէն բան «Pulp Fiction» է յիշեցնում: Վահիդ Ռահբանիի «Pulp Fiction»-ը, սակայն, ունի ամենակասկածելի «Մաք-Գաֆիններ»-ից մէկը (ՄաքԳաֆինը յուշում կամ հնարք է, որը նպաստում է պատմութեան զարգացմանը՝ առանց որեւէ առանձնայատուկ կարեւորութիւն ունենալու), կամ մեր իմացած կատալիզատորը: Գրքում այդ դերը վստահւած է խաւարասէրների ընտանիքի կառկառուն տեսակներից՝ ճռեկին, որը պատերին կպչած սողում է սիւժէների բաղնիքի պատածակերում: Այսպէս հեղինակը գերեզման ուղեկցող հիմնական թռիչքուղին է լուսաւորում։
Ընթերցողին այդպէս էլ պարզ չի դառնում, թէ այդ կոյուղաջրերում թաթախւած վերջոյթաոտներով էակները ինչի համար են յայտնւել պատմութեան մէջ: Դրանք ողջ պատմութեան ընթացքում իրենց բաժին ընկած էջերում են, կամ չսպասւած հիւրի պէս՝ դուրս են գալիս, երբ դու ներսում չես, բայց մէկ է երեւում են:
Պատմութեան տրամաբանական գիծը
Տարբեր պատմիչների աչքից պատկերւած երեւոյթների լինելութեան կամ դրանց անհրաժեշտութեան շուրջ ենթադրութիւններն ու կասկածներն իրեցն գագաթնակէտին են հասնում, երբ սկսնակ աշակերտի ձեռագիր յիշեցնող պարսկերէնով գրւած նամակն է ի յայտ գալիս վէպում: Պատերազմական տեսարանի վերածւած հրթիռակոծւած Վահիդիէ թաղամասի նեղլիկ նրբանցքներից մէկում ապրող ու պարսկերէնի հետ նոր շփւել սկսող ռուս նորահարսի գրած նամակը տեղ չի հասնում պատերազմի դիրքերում նամակատարի սպանւելու բերումով: Նամակը նրա հետ թաղւում է մի քանի մետր խորութեամբ հողի տակ, որպէսզի 30 տարի անց, նորից գայ ու թարմացնի հին պատմութեան վէրքերի այս էջը:
Այդպէս հեղինակը վերջ է դնում բոլոր ենթադրութիւններին եւ պատմւածքի վերջում անհետ կորածի մասունքների շորերի գրպանում գտնւած նամակի բովանդակութիւնը բարձրաձայն ընթերցում է Կատիայի ձայնով:
«Էդ»-ում հեղինակը ժամանակը կանգնեցնելով, մի քանի պատմութիւն միասին է առաջ մղում միեւնոյն պահին: Աշխարհագրօրէն երկրի հակառակ ծայրում գտնւող մարդիկ, նոյն օրը եւ նոյն ժամին, փորձում են բռնւել այն թելից, ինչի միւս ծայրը գրքի հեղինակի մօտ է, իսկ միւսը՝ մէկը միւսին յաջորդած պատմիչների ձեռքերում: Սա շարունակելով հաստատ ընթերցողին ձանձրոյթի պարոյրը կը նետի, յատկապէս, երբ նա զգում է, որ ամէն բան ժամանակի մէջ վերադառնում ու նորից տեղափոխւում՝ պատմութեան սկիզբ, որով արձանագրել է պէտք, որ անասելի դանդաղ ընթացք է ներարկւում ընթերցման ռիթմի մէջ:
«Էդ»-ի առաջին եւ վերջին գլուխները պատմում են փոխանակւած հաղորդագրութիւնների նոյն պատմութիւնը՝ աշխարհի տարբեր ծայրամասերում գտնւող հեռախօսների միջեւ: Ճապոնիայի մայրաքաղաքում ապրող երիտասարդուհու՝ Աթսուքոյի մռայլւող դէմքից, ով մինչեւ ականջները սիրահարւած է թուխ դէմքով պարսկախօս ընկերոջը, հրաժարւում է մասնակցել ընտանեկան սեղանին, որը նրա հօր համար խիստ կարեւոր հաւաք էր: Այդ օրը ողջ Ճապոնիան պատրստւում է աւանդական տօնով նշել ձմեռնամուտի առաջին իրիկունը:
Աշխարհի միւս ծայրամասում՝ Կանադայում Իրանից արտագաղթած 160 կիլոգրամ քաշով Էդւարդը, նոյնպէս Բորշը ճրագին դրած, սպասում է ձմեռնամուտը նշի Հոմայի ու նախկին ամուսնութիւնից եղած դստեր հետ: Սա այն դէպքում, երբ դուստրը դեռ չգիտի, որ Էդը նրա հայրը չէ, իսկ Էդը որոշել է հէնց այս գիշեր նրան պատմել իրական, բայց ցաւոտ մի պատմութիւն:
Նոյն գիշերւայ այս ծէսերի «աշխարհի կենտրոնում»՝ Իրանում եւս, ինչպէս միշտ, եռուզեռ է տիրում ամենուր: Թեհրանում Սոհրաբ Սեփեհրի անունով միջահասակ մի տղամարդ, ինտերնետային տակսու՝ «Սնափ»-ի կանչ է ընդունում: Տնից դուրս է գալիս ու մինչեւ գիշերային 911-ի հերթապահի աշխատանքին անցնելը, փորձում է տակսիստի դերում մի երկու գրոշ աւելին վաստակել: Այս անգամ նրա ուղեւորը կին է, ով հեռախօսի վրայ տենսելով մեծանուն բանաստեղծի անւան հետ նմանութիւնը, ժպիտ է գծւում դէմքին ու «սքրին-շաթ» է ուղարկում ամուսնուն, անակնկալը նրա հետ կիսելու համար:
Պատմութիւնն անմիջապէս վերադառնում է Տորոնտօ, որտեղ Շանթա անունով հնդիկ կինը օդանաւակայարանում տաքսիստ ամուսնուն է սպասում: Ամուսինը սովորականի պէս ուշանում է: Նոյն պահին նոյն քաղաքի մէկ այլ ծայրում, մի քանի ընկերներ իրենց քրէագիտականի կուրսի ընկերոջ ծնունդի կապակցութեամբ անակնկալ են պատրաստել՝ նրա տան բաղնիքում բեմականացրած սպանութեան տեսարանով…
Նոյն քաղաքի մէկ այլ թաղամասի բնակարանի նոյնանման բաղնիքում, տան կատւի արիւնոտ ժանիքները խօսում են Լասդոչկա անունով կարմրագոյն ու խօսկան թութակի սպանութեան մասին: Թութակ, որն իր նոր տիրոջ՝ Էդւարդի հետ ապրելու առաջին պահից որոշել էր լռակեաց կեանք վարել ու այլեւս ոչ մի բառ լեզւին չտալ…
Եւ վերջապէս նոյն օրը՝ այդ ձմեռնամուտի շեմին, Սիրիայում ԴԱԷՇ-ի ահաբեկչական գործողութեանն է զոհ գնում սիրիական ծագումով կանադացի լուսանկարիչ Աթիղ Բահրին: Նոյն պայթիւնից ուխտաւորների խմբի հետ սպանւում է նաեւ Սորհաբ Սեփեհրիի հայրը:
Խճճւած այս պատմութեան այդ կրկնւող նոյն ժամերն ու թւականը, բոլորին նման ճակատագրերով միմիանց են հիւսում ողբերգութեան տարբեր տեսարանները: Եւ այս բոլորը տեղի են ունենում իրանական «Շաբէ Չէլլէ»-ի գիշերը…
Իսկ, թէ ինչ կապ կայ Չէլլէ-ի եւ «Էդ»-ի հիմնական պատմութեան միջեւ, հեղինակը պարզաբանում է միայն վէպի վերջին գլուխներից մէկում:
Բոլոր դրւագների առանցքում առկայ են կանանց դէմ իրականացւած ուղղակի թէ անուղղակի բռնութեան դէպքերը: Ինքը՝«Չէլլէ»-ն իրանական առասպելներում «Նանէ Սարմա»-ի հետ կապակցւող պատմութիւն ունի, որը գարնանամուտին «Նանէ սարմա»-ին ստիպում է տեղափոխւել ստորգետնեայ աշխարհ: Չէլլէի հետ միասին Վալենտինան, Այնէն, Հոման, Ռոյեան, Էդւարդի մայրը, Շանթան, Սառան, Կատիան, եւ Ղոլամի չադրայով կինը, ում անունը հասարակական համապատասխան շերտի էտիկայի համաձայն՝ չի նշել հեղինակը, կարծես տիրող մորալիզմի թելադրանքով, զրկւած են կեանքի երազանք ունենալու բնական իրաւունքից, կամ նոյնիսկ յաւերժական սիրոյ առիթից…
Վէպում բռնութիւնը պատկերւած է հումորային ձեւով։ Վահիդ Ռահբանիին յաջողւել է համատեղել բռնութիւնը անսպասելի երկխօսութիւնների ու շրջադարձերի հետ եւ օգտագործել այս համադրութիւնը՝ լարւած ու զւարճալի պահեր ստեղծելու համար։ Բռնութեան նկատմամբ այս իւրայատուկ մօտեցումը «Էդ»-ին առանձնացնում է քրէական թեմաներով այլ պատմւածքներից, քրէականը եւս դարձնելով կատալիզատոր:
Քւենտին Տարանտինօի «Փալփ ֆիքշըն» ֆիլմում բոլորին անյայտ պարունակութեամբ ճամբրուկ կայ, որը կարող է յիշեցնել «Էդ»-ի մասին, յատկապէս, երբ «ճամբրուկ»-ը (փոխաբերական իմաստով) բացւում է նամակի պարունակութեան դրւագով ու լոյս սփռում վէպի մութ տողերի վրայ…
«Որոշ տեսարաններ, յատկապէս ստելու, կամ պատերազմական ժամանակների չասւած ճշմարտութիւնների ու դրանք պատմելու անկարողութեան մասին ակնարկող տեսարանները, փոխանցում են ստեղծագործական յուսահատութեան զգացողութիւն: Այն զգացողութիւնն է տիրում, որ հեղինակը չի վախենում իր ստեղծած հերոսին հեղինակազրկել, ինչը տեղի վրայ գալիս է վրդովեցնելու ընթերցողին, որ նա հասցրել է արդէն պատմութեան հերոսի հետ կիսւել զգացմունքներով: Ի վերջոյ, հերոսների նկատմամբ համակրանքն է, որը պատմութիւնը դարձնում է հաւաստի։
Տրամադրւածութեան ներքոյ ներշնչւող տրամաբանութիւնից խուսափելը ստիպում է, որ պատմութեան վերջին էջերում տաքսիստի ու երիտասարդ ռեժիսորի զրոյցը չվերագրւի հեղինակի ու վարորդի միջեւ զրոյցին: Չնայած պակաս հետաքրքիր չէ այն հատւածը, երբ տաքսիստը ճակատագրի մասին է հարցնում, հեղինակը պատասխանում է. «Ճակատագիրն այն բանն է, ինչի համար պէտք չէ պատասխան ունենալ»: Գուցէ ճակատագրի այդ նոյն տրամաբանութեան ստւերն էր, որ տարածւել է դերասանի մահով վէպ դարձած այս սցենարի վրայ…
Նիհիլիզմի ու աբսուրդի հակադրւածութիւնը
Այստեղ նիհիլիզմը արտայայտւում է էքզիստենցիալում ունեցած իմաստով, որի համաձայն՝ կեանքը միապաղաղ իրականութիւնից բացի չունի որեւէ օբիեկտիւ նպատակ, իմաստ կամ արժէքայնութիւն։ Բարոյական նիհիլիզմը համարում է, որ գոյութիւն չունի սերնդէսերունդ փոխանցւող բարոյականութիւն, եւ ցանկացած ձեւաւորւող բարոյական արժէք մտացածին բնոյթ է կրում։
Իսկ աբսուրդը փիլիսոփայական հասկացութիւն է, որն առաջանում է մարդու իրական (ժամանակի ու վայրի հասկացութեամբ) արժէքների եւ կեանքի իմաստի որոնման եւ այդ իմաստը գտնելու անկարողութիւնից: Այս տեսակէտից աբսուրդիզմը չի կարող ընդգրկել անկարողութեան տրամաբանութիւնը, այլ աւելի շատ անկարողութիւնը համարում է մարդկային յատկանիշ:
Աբսուրդիզմը նշում է, որ տիեզերքն ու մարդկայինը առանձին-առանձին աբսուրդ չեն առաջացնում, այլ աբսուրդը ծագում է երկուսի համաժամանակւայ գոյութեան հակասական բնոյթից։
Այսպիսով, աբսուրդիզմը փիլիսոփայական ուղղութիւն է, որը գտնում է, որ մարդու՝ իրական արժէքի եւ կեանքի իմաստի որոնման ջանքերը մատնւած են ձախողման: