
ՉԱՐԼԶ ԲՈՒՔՈՎՍԿԻ
Վան Գոգն իր ներկերի համար եղբօրն է գրում։
Հեմինգուէյը՝ փորձարկում իր հրացանը։
Որպէս բժիշկ՝ սնանկանո՛ւմ է Սելինը…
Մարդ լինելու անհնարինութիւնը…
Վիոնը վտարւեց Փարիզից որպէս գո՛ղ,
Ֆոլկնէրն իր քաղաքի փողոցներում հարբե՛ց…
Մարդ լինելու անհնարինութիւնը…
Բերրոուզն ատրճանակով սպանեց կնոջը,
Մէյլէրը՝ դանակահարե՛ց կողակցին…
Մարդ լինելու անհնարինութիւնը…
Մոպասանը խելագարւեց մակոյկում,
Դոստոեւսկին շարքի մէջ էր՝ գնդակահարութեան պատի տակ…
Քրէյնը գցւեց դէպի պտուտակը նաւակի…
…Անհնարինութի՜ւնը…
Սիլւիան՝ գլուխը փռի մէջ դրեց թխած կարտոֆիլի պէս…
Քրոսբին՝ նետւեց դէպի յայտնի «սեւ արեւը»…
Լորկան սպանւեց փողոցում՝ իսպանական դասակների կողմից…
…Անհնարինութի՜ւնը…
Անտոնէն Արտօն՝ բազմեց գժանոցի նստարանին…
Չաթերթոնը առնետի թոյն խմեց…
Շեքսպի՛ր…Գրագո՛ղը…
Բեթհովէնի ականջում խրւած մնաց լսափողակը՝ ընդդէմ խլութեան…
…Անհնարինութի՛ւնը… Ա՜նհնարինութիւնը…
Նիցշէն ամբողջովի՛ն խելագարւեց…
Մարդկայինի՛ կամ չափազա՜նց մարդկայինի անհնարինութիւնը…
Այս ներս ու դուրս, դուրս ու ներս շնչողները,
այս անպիտանները,
այս վախկոտները,
այս առաջամարտիկները,
այս… Խելագա՛ր շները փառքի…
Մի փոքր լո՜յս էին ուզում սփռել մեզ վրայ՝
Անհնարինութեա՛մբ…
Անգլերէնից թարգմանեց՝ ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԷԼԵԱՆԸ