ԻրանՔաղաքական

Ալի Աքբար Վելայաթի. «Դեռեւս Կիւրոս Մեծի ժամանակներից Կովկասն Իրանի համար միշտ եղել է անվտանգութեան գօտի»

«ԱԼԻՔ» – Կովկասը միշտ եղել է Իրանի համար անվտանգութեան գօտի: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին՝ նշելով, որ Կովկասն այդ դերը կատարել է դեռեւս Աքեմենեանների դինաստիայի հիմնադիր արքայ Կիւրոս Մեծի ժամանակներից։

«Սուրբ Ղուրանը մեծարանքով է արտայայտւել «Զուլղարնին»-ի նկատմամբ, որի մասին մեծ մեկնիչները, ինչպիսիք են Ալլամէ Թաբաթաբաին, նշում են, որ նա նոյն Կիւրոս Մեծն է:

Հերոդոտոսի գրառումներից յայտնի է, որ Կիւրոսի ժամանակներից, Կովկասը մշտապէս եղել է Իրանի անվտանգութեան գօտին, եւ Կիւրոսն այնտեղ կառուցել է պատնէշ՝ վայրի ցեղերի յարձակումներից պաշտպանւելու համար»,- գրել է Վելայաթին՝ կից նշելով «Զանգեզուր», «Կիւրոսի որդիներ» եւ «Թրամփ-Նեթանիահու» հեշթեգները:

Յիշեցենք, որ օգոստոսին 9-ին, «Թասնիմ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում, անդրադառնալով Վաշինգտոնում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԱՄՆ միջնորդութեամբ նախաստորագրւած փաստաթղթին, որի կարեւոր բաղադրիչներից մէկը «Թրամփի ուղի»-ն է, դոկտ. Վելայաթին մերժել է որեւէ տեսքով այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը, որը կոչւած է Ադրբեջանը Նախիջեւանին կապելուն՝ նախազգուշացնելով, որ միջանցքի կառուցման ծրագրի իրականացումը վտանգի տակ կը դնի Հարաւային Կովկասի անվտանգութիւնը։

Նա նաեւ ընդգծել է, որ Իրանը կը խոչընդոտի Կովկասեան տարածաշրջանում ամերիկեան միջանցքի ստեղծմանը՝ անկախ նրանից՝ Մոսկւան կաջակցի՞ Թեհրանին, թէ՞ ոչ։

Related Articles

Back to top button