Իլոն Մասկը կարող է դառնալ պատմութեան մէջ առաջին տրիլիոնատէրը

«ԱԼԻՔ» – Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, հնարաւորութիւն ունի դառնալու պատմութեան մէջ առաջին տրիլիոնատէրը: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Euronews-ը: Tesla-ի բաժնետէրերը քւէարկել են գործադիր տնօրէնին 1 տրիլիոն դոլարի բաժնետոմսեր տրամադրելու օգտին, եթէ Մասկը յաջորդ տասնամեակում հասնի որոշակի նւաճումների:
Քւէարկութիւնը տեղի է ունեցել Մասկի էլեկտրական մեքենաների արտադրողի կառավարման գործունէութեան շուրջ շաբաթներ տեւած բանավէճերի պայմաններում: Թեման արժանացել է խոշոր եւ փոքր ներդրողների, կենսաթոշակային հիմնադրամների եւ նոյնիսկ Հռոմի պապի բուռն մեկնաբանութիւններին:
Քւէարկութիւնը տեղի է ունեցել Եւրոպայից ստացւած հաղորդագրութիւնների պայմաններում, ըստ որոնց՝ Tesla-ի մեքենաների վաճառքն անցեալ ամիս կրկին նւազել է, մասնաւորապէս Գերմանիայում 50%-ով:
Սակայն, ընտրողների 75%-ը հաստատել է ծրագիրը: «Ֆանտաստիկ բաժնետէրերի խումբ,- ասել է Մասկը քւէարկութեան յայտարարումից յետոյ՝ յաւելելով,- Պահպանէք Tesla-ի ձեր բաժնետոմսերը»:
Գործարարը համոզիչ յաղթանակ է տարել՝ ցոյց տալով, որ ներդրողները դեռեւս հաւատում են իրեն՝ չնայած Tesla-ի վաճառքի, շուկայական մասնաբաժնի եւ շահոյթի նւազմանը, որոնք հիմնականում Մասկի պատճառով են:



