Դոկտ. Ահմադ Քազեմին «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման իրաւական, քաղաքական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական հետեւանքների թեմայով գիտաժողովում. «Ղարաբաղում իրականացւածը Ցեղասպանութիւն էր՝ գերժամանակակից մոդելով ու տեխնոլոգիաների կիրառմամբ»
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – «Ասիայի հետազօտութիւնների վերլուծական կենտրոն»-ի եւ «Վաթան Իւլի» թուրքալեզու շաբաթաթերթի նախաձեռնած գիտաժողովի ընմթացքում քննարկւել են ««Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման իրաւական, քաղաքական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական հետեւանքները:
Քննարկումներին որպէս զեկուցաբեր մասնակցել են դոկտ. Աբբաս Ախունդին (Ճանապարհաշինութեան եւ քաղաքաշինութեան նախկին նախարար), Ամին Թարֆան Ճանապարհաշինութեան եւ քաղաքաշինութեան նախարարութեան միջազգային կենտրոնի վարիչ, դոկտ. Ահմադ Քազեմին՝ միջազգային հարցերով իրաւագէտ եւ Կովկասի հարցերով աւագ փորձագէտ, ինչպէս նաեւ Մոհամմադ Ալի Բահմանի Ղաջարը՝ Իրաւաբան եւ պատմագէտ:
Դոկտ. Ահմադ Քազեմին իր պաշտօնական կայքէջում այս մասին կատարած անդրադարձում թւարկել է գիտաժողովի ընթացքում իր մատնանշած կէտերը հրապարակելով իր ելոյթի ձայնագրութիւնը:
«Լեռնային Ղարաբաղում վերջին մէկ տարւայ զարգացումները, յատկապէս «հայերի բռնի տեղահանումը» եւ նրանց սեփականութեան իրաւունքի ոտնահարումը, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմա-կրօնական յուշարձաններն ու կոթողները «մշակութային ցեղասպանութեան» ենթարկելը, միջազգային իրաւունքի տեսանկիւնից ռասսայական խտրականութեան վերացման մասին միջազգային կոնւենցիայի բացայայտ խախտում է: Ղարաբաղում իրականացւած էթնիկ զտումները ուղեկցւել են բռնաբարութիւնների, խոշտանգումների, սպանութիւնների (շուրջ 500 դէպքերով-ԽՄԲ.), որոնք, եթէ փաստաթղթաւորւեն կարող են ապացուցել, որ իրականացւածը Ցեղասպանութիւն էր՝ գերժամանակակից մոդելով ու տեխնոլոգիաների կիրառմամբ։ Բաքւի կառավարութեան պատասխանատւութեան կողքին, ե՛ւ Թել Աւիւի ռեժիմի, ե՛ւ Անկարայի կառավարութեան մասնակցութիւնը նոյնպէս պէտք է որպէս քրէական փաստ կցւի գործին»։Իր ելոյթի մեկնարկում նշել է դոկտ. Ահմադ Քազեմին:
Փորձագէտն իր ելոյթի սկզբում կարեւորել է տեղանունները ճիշտ անւանումներով կոչելու անհրաժեշտութիւնը եւ նշել. «Իրաւական, քաղաքական, պատմական եւ ազգային նկատառումներից ելնելով, «Զանգեզուրի միջանցք» արտայայտութիւնը սխալ է եւ նպաստում է Բաքւի տարածքային պահանջին Հայաստանի Սիւնիքի նկատմամբ: Լրատւամիջոցները եւս պէտք է զգոյշ լինեն լարած այս թակարդից, ինչի բերումով քաղաքական յօդւածներում գնալով սովորական է դառնալու Հայաստանի ինքնիշխանութիւնն անտեսող այս անւանումի շրջանառութիւնը»:
Փորձագէտը յաւելել է, որ «Զանգեզուրի կեղծ միջանցք»-ն ունի երկու տարբեր՝ արեւմտեան եւ ռուսական տարբերակներ, որոնք կարելի է կոչել «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք» եւ «Ռուսական յատուկ միջանցք» անւանումներով:
Դոկտ. Ահմադ Քազեմին անդրադառնալով նման կարեւոր խնդիրներն աննկատ դարձնելու փորձերին նշել է, որ երկրի ներսում խելամտութեան մակարդակը պէտք է բարձրացնել, յատկապէս, որոշում կայացնողների շրջանակում, որտեղ աշխարհաքաղաքական զարգացումները սահմանափակում են միայն Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի միջեւ առկայ տարաձայնութիւնների տեսքով։ Իսկ դրա մակրօհետեւանքը՝ արեւմտամէտ եւ ռուսամէտ թեւերի միջեւ մրցակցութիւնն էր։ Երկու մակարդակներում էլ անտեսւողը՝ Իրանի ազգային շահերն են:
Նա յաւելել է. «Բաքու-Անկարա-ՆԱՏՕ համակարգւած գործողութիւնների արդիւնքում Ռուսաստանը գործնականում վտարւել է Կովկասից: Փոխարէնը ռուսները կարծում են՝ Հայաստանի հարաւում ռուսական բացառիկ միջանցքի ստեղծումը կարող է իրենց յետ վերադարձնել Կովկաս»։
Ռուսական իշխանութիւնների կողմից «Զանգեզուրի միջանցք»- ի կեղծ պլանը եւ օգոստոսին Վլադիմիր Պուտինի Բաքու այցից յետոյ, չնայած Բաքւի եւ Երեւանի միջեւ համաձայնութեանը (հանել այդ հարցը խաղաղութեան պայմանագրից), վկայում է Ռուսաստանի սխալ հաշւարկումների ու ապակառուցողական դերի մասին Կովկասում»,- նշել է փորձագէտը եւ յաւելել, որ կայ աշխատանքի համակարգւած բաժանում Ադրբեջանի Հանրապետութեան ու Թուրքիայի գործողութիւնների եւ ՆԱՏՕ-ի միջեւ Ռուսաստանի դէմ գործողութիւններում: ՆԱՏՕ-ն արգելափակել է Ռուսաստանի եւրոպական սահմանները ներգրաւելով Ռուսաստանին Ուկրաինայի ճահճում եւ օգտագործելով Թուրքիայի հնարաւորութիւնները շրջափակել նրան Սեւ ծովում։ Այս խնդիրը լուծելու համար Թուրքիան ու Ադրբեջանի Հանրապետութիւնը առաքելութիւն ունեն կենտրոնացնել Ռուսաստանի տարանցիկ հզօրութիւնը անգլօ-սաքսոնական կարգի ցանկալի երթուղում, այսինքն՝ ՆԱՏՕ-ի «Թուրանական միջանցք»-ում, որպէսզի աւելի մեծ վերահսկողութիւն սահմանւի Մոսկւայի տեղաշարժերի վրայ։ Բնական է, եթէ Թուրքիան, որպէս ՆԱՏՕ-ի վաղեմի ներկայացուցիչ, եւ Ադրբեջանի Հանրապետութիւնը, որպէս բրիտանական հսկողութեան տակ գտնւող մասոնական կառոյց, ինչպէս ցոյց տւեցին Կովկասում երեք տասնամեակների քաղաքական, ռազմական եւ տնտեսական զարգացումների հաւաքածոն, երբեք չեն կարող ծառայել, որպէս տարածաշրջանում Մոսկւայի երկարաժամկէտ հզօրացման հիմք։ Այս երկուսը վերջին տարիներին ամենամեծ դերն են ունեցել Ռուսաստանին Կովկասում թուլացնելու եւ այնտեղից վտարելու գործում, սակայն այժմ Բաքուն նոյնիսկ պատրաստ չէ համաձայնել Ղարաբաղում ռուսական հիւպատոսութեան բացմանը։ Հետեւաբար, Ռուսաստանի տրամաբանութիւնը՝ շեշտը դնելով հաղորդակցման ուղիների վերաբացման վրայ՝ լինի պատերազմական խոչընդոտների, թէ Հայաստանի հանդէպ ատելութեան պատճառով, երկարաժամկէտ հեռանկարում թերի է եւ, բնականաբար, բացասական հետեւանքներ կունենայ առաջինը Ռուսաստանի համար։
Բաքւի ու Անկարայի պաշտօնեաները գիտակցում են, որ «եթէ» կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ը բացւի Ռուսաստանի կողմից, ի վերջոյ, վաղ թէ ուշ այդ միջանցքը կը յայտնւի ՆԱՏՕ-ի ձեռքերում, իսկ ռուսները ստիպւած լքելու են միջանցքը, ինչպէս՝ ստիպւած լքեցին Ղարաբաղը կամ Կովկասի միւս մասերը։ «Լիտւայի երկաթուղային գծի փորձը եւ ռուսական Կալինինգրադի հարցը հաստատում են այս տեսակէտը։ Այդ իսկ պատճառով Բաքուն եւ Անկարան Ռուսաստանին էներգետիկ զիջումներ են առաջարկել Մոսկւային էլ խափանելու նման ծրագիր իրականացնելու հարցում»,- յաւելել է նա:
Դոկտ. Քազեմին կարեւորելով այն մասին, որ ուղիղ կապ կայ Ադրբեջանի Հանրապետութիւնում շիաների նկատմամբ բռնաճնշումների ուժեղացման եւ վերջին չորս տարիների ընթացքում կորոնայի պատրւակով Իրանի ու Ադրբեջանի Հանրապետութեան սահմանների փակման միջեւ նշել է, որ դրանք նաեւ նպաստելու են «Զանգեզուրի կեղծ միջանցք»-ի ստեղծման գաղափարին։
Դոկտ. Քազեմին յաւելել է, որ բրիտանական պանթուրանիզմի տեսանկիւնից այսպէս կոչւած «թուրքական մոնոէթնիկ աշխարհը» ձեւաւորելու համար ոչ միայն պէտք է մասնատւի Հայաստանի հարաւային հատւածը, այլ, նաեւ, մի կողմից պէտք է ձուլւեն թալիշների եւ այլ էթնիկ խմբերի ինքնութիւնները, որոնք խոչընդոտում են այս նպատակի իրականացումը, իսկ միւս կողմից՝ պէտք է փոխւի Իրանի Ատրպատականի իրանա-շիական ինքնութիւնը՝ վերածւելով կեղծւած «Անատոլիական ու Թուրանական թուրքերի ինքնութեան»։
Դոկտ. Ահմադ Քազեմին Իրանում էթնիկ խմբերի պատմական խաղաղ գոյակցութեան փորձն անւանելով բարոյական ժառանգութիւն, այն գնահատել է, որպէս պատմական հնարաւորութիւն, որով ձեւաւորւել է առաջընթացի իսլամա-իրանական մոդելը՝ միաժամանակ թափ հաղորդելով իսլամական արդիական քաղաքակրթութեան կերտման գործընթացին:
Համալսարանի միջազգային իրաւունքի գծով դասախօսն ընդգծելով, որ Իրանի տեսակէտը տարածաշրջանում իրանական փոքրամասնութիւնների եւ էթնիկ խմբերի նկատմամբ «իսլամական, պատմական, քաղաքակրթական եւ իրաւական» մօտեցում է, յաւելել է, որ իրանական բազմաթիւ էթնիկ խմբերի, այդ թւում՝ թալիշների համացրւածքը ձգւում է մինչեւ սահմաններից այն կողմ: «Ուստի իրանական հասարակութիւնը, բնականաբար, չի կարող անտարբեր լինել իր մշակութային, ինքնութեան ու հոգեւոր ճակատագրի նկատմամբ»,-ընդգծել է նա։
«Վերջին չորս տարում «թուրքական աշխարհ» կոչւող կազմակերպութեան հզօրացմանն ուղղւած շարժումները, որոշումներն ու գործողութիւններն աւելին են, քան վերջին երեք տասնամեակների ընդհանուր գործողութիւնները։ Սա կապւած է կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի՝ այսպէս կոչւած թուրքական աշխարհի ստեղծման Անգլիայի տարբերակի հետ՝ որպէս ՆԱՏՕ-ի թուրքական թեւ»,-նշել է նա եւ յաւելել, որ ՆԱՏՕ-ի կողմից դիտարկւող «Թուրանի աշխարհ»-ը ի ցոյց դրեց իր արդիւնաւէտութիւնը տարածաշրջանային եւ գլոբալ վերջին զարգացումներում, այդ թւում՝ աջակցութիւն Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ոճրագործութեանը կամ Ուկրաինայում՝ Զելենսկիի կառավարութեանը՝ ուղարկելով վառելիք, մթերք, սարքաւորումներ, զէնք եւ վարձկաններ: Կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ը անգլօ-սաքսոնական կարգով առաջ քաշած «թուրքական աշխարհ»-ի գլխաւոր հիմնաքարն է։ Ուստի Ռուսաստանը, տեղեակ լինելով այս խնդրի մասին, 2020 թւականի պատերազմից յետոյ սխալ, միամիտ լաւատեսութիւնից ու թերի հաշւարկներով փորձում է իր վրայ վերցնել կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի վերահսկման եւ մոնիտորինգի առիթը, որպէսզի այն օգտագործի որպէս գործիք ՆԱՏՕ-ի դէմ։ Նոյն վերահսկողութիւնն ինչ ՆԱՏՕ-ն է սահմանել Բոսֆորի ու Դարդանելի դէպքում: Սակայն Մոսկւայի կողմնակալ քաղաքականութիւնից դժգոհ Փաշինեանի Հայաստանը, Փաշինեանի արեւմտամէտ մօտեցումների եւ Ռուսաստանին Կովկասից հեռացնելու Բաքւի ու Անկարայի համակարգման պատճառով դա չի յաջողւել ռուսներին։ Այնպէս որ, առաջարկելով Ադրբեջանի Հանրապետութեան եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցւելու Կալինինգրադեան մոդելը, Բաքուն գործնականում ցոյց տւեց, որ միջանցքը պատկերացնում է առանց Ռուսաստանի։
Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումը նոր կարգերի անցնելու գործընթացում, յատկապէս եւրասիական տարածաշրջանում էներգետիկ հաւասարակշռութեան եւ փոխադրման ոլորտում, բնականաբար աննկատ չէր մնալու Արեւմուտքի կողմից, որով ուժեղացւել են երեք երկրներին շրջափակելու նախագծերը՝ պանթուրանիզմի էթնիկ խռովութիւններ ստեղծելու: Իսկ դրա համար ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ստեղծել «ՆԱՏՕ-ի այդ միջանցք»-ը:
«Յատուկ էր Ռուսասատնի վերջին վերաբերմունքն Իրանի շահերի անտեսման եւ Կովկասում հաղորդակցութիւնների ապաշրջափակման պատրւակող յայտարարութիւնների առումով: Սակայն նրանք պէտք է հասկանան, որ Կովկասում Իրանի ընդգծած կարմիր գծերի հարցում ռուսների սխալը կարող է բացասական ալիք բարձրացնել նրանց դէմ, յատկապէս, իրանցիների յիշողութիւններում արթնացնել ցարական Ռուսաստանի կամ Խորհրդային Միութեան օրօք Իրանի ու իրանցիների դէմ վերաբերմունքի առումով։
Ռուսաստանի իշխանութիւնները քաջ գիտակցում են «Արաքսի միջանցք»-ի կարեւորութիւնը Ադրբեջանի Հանրապետութիւնը Նախիջեւանին կապելու գործում, ինչն այս առումով Իրանի ստանձնած երեք տասնամեայ դերի շարունակութիւնն է։ «Արաքսի միջանցք»-ը ոչ միայն բացում է հաղորդակցութեան գծերը Կովկասի երկու կողմերում, այլ, նաեւ, վերացնում է Բաքւի ու Անկարայի նկրտումներն ու աշխարհաքաղաքական, ինչպէս նաեւ պատմական ու էթնիկ դաւադրութիւններ հետապնդելու արդարացումները, որոնք միեւնոյն ժամանակ անգլօ-սաքսոնական կարգի կապալառուներն են տարածաշրջանում: Ուստի Ռուսաստանի շահերը «Արաքսի միջանցք»-ին յստակօրէն աջակցելու մէջ է։ Այս առումով արդիւնաւէտ կը լինի ռուսների տեսակետների վերանայումն ու ախտորոշումը՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, իրենց որոշ սխալների վերաբերեալ, որոնք յանգեցրել են Ամերիկայի, ՆԱՏՕ-ի, Անգլիայի եւ Սիոնիստական ռեժիմի ազդեցութեան մեծացմանը Կասպից ծովի երկու կողմերում։ Նկատի ունենալով Կովկասի բազմաթիւ ոլորտներում Իրանի եւ Ռուսաստանի ընդհանուր շահերը՝ Մոսկւայի իշխանութիւնները չպէտք է տպաւորութիւն ստեղծեն, թէ շարունակում են Կովկասի հաւասարումները դիտարկել բացառիկութեան ակնոցով։ «Արաքսի միջանցք»-ը լինելու է Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութեան մեծ ներուժը՝ փոխելու համար հաւասարումները Կովկասում եւ նոր կարգի անցնելու գործընթացում։
Վերջում եզրափակելով իր ելոյթը՝ դոկտ. Քազեմին նշել է, որ Հայաստանը գտնւում է որոշումների կայացման կրիտիկական լուրջ ժամանակներում եւ պէտք է գիտակցի, որ չունի պարտաւորութիւն անգամ Ադրբեջանի Հանրապետութեանը ճանապարհ տրամադրելու կամ յանձնելու, քանի որ փաստացիօրէն խեղւած է 2020 թւականի համաձայնագիրը: «Բացի ամէն օր ու ժամ հնչող սպառնալիքից, Բաքուն առաջարկում է նաեւ էներգետիկ խթաններ տրամադրել Հայաստանին, մինչդեռ Երեւանի ցանկացած սխալ այս պահին լինելու է այդ երկրի աշխարհաքաղաքական գոյատեւման կամ լինելութեան գնով»,- նշել է փորձագէտը: