ԹեհրանՀամայնք

Դոկտ. Ռայմոնդ Թորոսեանի PhD-ի աւարտաճառը` «Իրան-Հայաստան երկկողմ յարաբերութիւնների կարեւորութիւնը Կովկասի գէոպոլետիկ հաւասարումներում»

Թեհրանահայ համայնքը օժտւած է այնպիսի անհատներով, որոնք իրենց ջանասիրութեամբ, կրթական ասպարէզում յաջողել են բարձրագոյն դիրքերի արժանանալ:

Նման յաջողակներից է դոկտ. Ռայմոնդ Թորոսեանը ով PhD մակարդակով աւարտել է գէոպոլետիկա կամ քաղաքական աշխարհագրութիւն ճիւղը:

Դոկտ. Թորոսեանին ներկայացնելու նպատակով հարցազրոյց ենք ունեցել յիշեալի հետ:

Նախ համառօտ կենսագրական տւեալները: Նա ծնւել է 1974 թւականին, Թեհրանում, տարրական կրթութիւնը ստացել է հայոց ազգային «Շանթ», ուղեցոյցը՝ «Ալիշան» եւ միջնակարգը՝ հայոց ազգային «Սողոմոնեան» դպրոցներում, աւարտելով հումանիտար գիտութիւններ ճիւղը: Դպրոցը աւարտելուց յետոյ, նա անցել է աշխատանքի եւ  18 տարի աշխատել է «Յակոբեան» վերելակների մասունքներ վաճառող ընկերութեան վաճառման բաժնի տնօրէն: Ռայմոնդը ոչ միայն ուսանել է վարչական տնօրինութիւն այլ նաեւ հետաքրքրւել եւ մասնագիտացել է նւագարանների բնագաւառում եւ ստացել է մաստրքլաս, երաժիշտներ՝ Ստեֆան Մասից եւ Հաքիմ Լուդիից: Նա այս բնագաւառում բազմիցս է նւագակցել հանրայայտ երգիչների նւագախմբերին Հայաստանում, Դուբայում, նաեւ այլ երկրներում: Ռայմոնդը իր հետ ունեցած հարցազրոյցը այսպէս շարունակեց. «Միջնակարգս աւարտելուց յետոյ հետաքրքրւել եմ տարբեր մասնագիտութիւններով, սակայն միշտ իւրայատուկ սէր եմ ունեցել աշխարհագրութեան եւ քաղաքականութեան նկատմամբ եւ առիթը ընձեռնելով մասնակցել եմ համալսարանների մուտքի քննութիւններին: Իհարկէ այս հարցով իր անժխտելի դերն է ունեցել կինս՝ Մառլէն Աշուղեանը, ով գերլիսանսի մակարդակ ունի: Դիպլոմս ստանալուց երկար տարիներ յետոյ եմ պատրաստւել համալսարանի մուտքի քննութիւնների համար, որը ինքնին շատ բարդ էր, սակայն սէրը դէպի բարձրագոյն կրթութիւն եւ կնոջս քաջալերանքները ինձ մղեցին ուսումը շարունակել եւ ընդունւեցի Թեհրանի Ազատ համալսարանը եւ կրթութիւնս շարունակեցի մինչեւ PhD»: Դոկտ. Թորոսեանի PhD-ի աւարտաճառի թեման է. «Իրան-Հայաստան երկկողմ յարաբերութիւնների կարեւորութիւնը Կովկասի գէոպոլետիկ հաւասարումներում»:

Անդրադառնալով իր դոկտորականի աւարտաճառի պաշտպանութեանը, նա իր երախտագիտութիւնը յայտնեց Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, ով ներկայ գտնւեց աւարտաճառի պաշտպանութեան նիստին:

Դոկտ. Թորոսեանը ակտիւ մասնակցութիւն ունի տարբեր միութիւններում:

Զրոյցի ընթացքում, նա երիտասարդներին խորհուրդ տւեց, որ ոչ միայն զբաղւեն իրենց գիտական ասպարէզով, այլ նաեւ ակտիւ դերակատարութիւն դրսեւորեն միութենական աշխատանքներում եւ փորձեն իրենց գիտելիքներով նպաստել իրենց ազգին, հայրենիքին ու համայնքին եւ մի կողմ թողնեն անտարբերութիւնը:

Նա նաեւ անդրադարձաւ ՀՈՒՍԿ-ի յարկի տակ կազմակերպւող քաղաքական դասախօսութիւններին, որոնց որպէս դասախօսներ հրաւիրւում են հայ եւ ոչ հայ փորձագէտներ եւ նշեց, որ նման դասախօսութիւններին մասնակցելը շատ ուսանելի է:

Անդրադառնալով ոչ հայկական դպրոցներ յաճախողներին դոկտ. Թորոսեանը ընդգծեց . «Այսօր Թեհրանի հայոց դպրոցներում ուսուցանւում են շատ ճիւղեր եւ դասաւանդման մակարդակը եւս չի զիջում այլ դպրոցներին, ուստի աւելի նպատակայարմար է, որ մեր երիտասարդները յաճախեն հայոց դպրցոներ ,որտեղ սովորում են  հայոց լեզու,գիր ու գրականութիւն եւ ստանում հայեցի ու ազգային դաստիարակութիւն»:

«ԱԼԻՔ»-ը եւս շնորհաւորում է դոկտ. Թորոսեանին եւ նորանոր յաջողութիւններ մաղթում նրան:

Հարցազրոյզը՝  ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button